Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա՞, թե Ռուսաստա՞ն. Ալիեւի «մերկությունը»

Սեպտեմբեր 05,2020 14:30
vahram atanesyan

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Վերլուծաբաններից ոմանք տպավորություն ունեն, որ Մոսկվան եւ Անկարան սուր մրցակցում են՝ Ադրբեջանում ազդեցության հարցում: Իլհամ Ալիեւը վերջին շրջանում Պուտինից լքված «սիրուհու» կեցվածք է դրսեւորում»

– Հայկական քաղաքական դաշտում, Արցախի հարցի կարգավորման համատեքստում, քննարկվում են հիմնականում հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող հարցեր, մինչդեռ, այդ հարցում ոչ պակաս կարեւոր եւ էական նշանակություն ունի նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որակը:  Ձեր դիտարկումներով՝ ի՞նչ մակարդակի վրա են այդ հարաբերություններն այժմ:

– Քաղաքական մեկնաբաններից գրեթե ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ տավուշյան սրացումից մոտ մեկ ամիս առաջ Իլհամ Ալիեւը հրապարակային նվաստացրեց Ռուսաստանին՝ Ադրբեջանի դաշնակից եւ գործընկեր երկրների շարքում չնշելով վերջինիս: Պատճառն, ըստ երեւույթին, սպառազինությունների առքուվաճառքի համաձայնագիրը թարմացնելու հարցում Մոսկվայի  «կամուկաց» դիրքորոշումն է: Նախկին գործարքն ամբողջովին իրականացված է, Ադրբեջանը միջազգային գներով 5 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն է ձեռք բերել: Այդուհանդերձ, Իլհամ Ալիեւը չի հասել բաղձալի հանգրվանի: Նույն ժամանակահատվածում, բայց հատկապես՝ ապրիլյան քառօրյայից հետո, Ռուսաստանը Հայաստան է մատակարարել այնպիսի զինատեսակներ, որ հավասարակշռում են Ադրբեջանի ռազմական ներուժը: Ադրբեջանական կողմի ընկալմամբ՝ դա «ստատուս-քվոն պահպանելու, ԼՂ կարգավորման բանակցությունների իմիտացիա ստեղծելու երաշխիք է»: Հրապարակավ անտեսելով Ռուսաստանին, Ալիեւը, հավանաբար, հույս ուներ, որ Մոսկվան անմիջապես բանակցությունների դուռ կբացի իր առջեւ:

-Ե՞վ, Ալիեւի ակնկալիքներն արդարացա՞ն:

– Դա տեղի չունեցավ: Իսկ տավուշյան եռօրյա մարտերն ապացուցեցին, որ ուժի դիրքերից ԼՂ կարգավորման տարբերակ պարտադրելու ալիեւյան քաղաքականությունը հիմնովին ձախողված է: Ճիշտ է, գտնվեց քավության նոխազ, Ալիեւը սեփական ձախողումները բարդեց Էլմար Մամեդյարովի վրա եւ նրան հեռացրեց արտգործնախարարի պաշտոնից, բայց միջազգային հանրությունից ոչինչ չես թաքցնի: Եվ անգամ ամենաթուրքամետ փորձագետ Մեթյու Բրայզան ստիպված էր խոստովանել, որ ԼՂ հարցում Ադրբեջանն ինքնուրույն որեւէ արդյունքի հասնել չի կարող: Սա կատարված, արձանագրված փաստ է:

– Ձեր կարծիքով առաջիկայում Իլհամ Ալիեւն ի՞նչ է անելու եւ, առհասարակ, ի՞նչ իրավիճակ է Ադրբեջանում:

– Դատելով ադրբեջանցի փորձագետների, քաղաքական գործիչների եւ լրագրողական շրջանակների արձագանքներից, այս պահին ադրբեջանական վերնախավը տրոհված է երեք մասի: Առաջինը գտնում է, որ Ռուսաստանի հետ դիմակայությունը ոչ մի տեղ չի տանում: Երկրորդը շեշտադրում է Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը ֆորմալացնելու կարեւորությունը: Երրորդը գտնում է, որ հայ-ադրբեջանական երկխոսության ցանկալի միջնորդ կարող է դառնալ Իրանը: Վերջին տեսակետը լայն տարածում չունի, ուստի այս պահին այն կարելի է պայմանականորեն դուրս թողնել հաշվեկշռից: Ընտրությունը մեծ չէ, բայց արտաքին քաղաքական կողմնորոշման  հարցադրումն այսօր հնչում է այս հերթականությամբ՝ Թուրքիա՞, թե Ռուսաստա՞ն: Ընդ որում, բաժանարար գիծն անցնում է իշխող ամուսնական զույգի միջեւ: Օրերս Ռուսաստանի նախագահ Պուտինը, Մեհրիբան Ալիեւային ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելով, նրան կարգել է Ադրբեջանում Ռուսաստանի բարեկամ: Սկզբունքորեն այս գծի մեջ է նաեւ Իլհամ Ալիեւը, որի համար թուրքական ընտրությունը հղի է իշխանության կորստի իրական սպառնալիքով: Վերլուծաբաններից ոմանք տպավորություն ունեն, որ Մոսկվան եւ Անկարան սուր մրցակցում են Ադրբեջանում ազդեցության հարցում: Իլհամ Ալիեւը վերջին շրջանում Պուտինից «լքված սիրուհու» կեցվածք է դրսեւորում: Դա, ամենայն հավանականությամբ, մտածված եւ հաշվարկված քայլ է: Խնդիրն այն է, թե Ռուսաստանին ո՞ր տարբերակն է ձեռնտու՝ Ադրբեջան՝ Մեհրիբան Ալիեւայի՞, թե՞ Իլհամ Ալիեւի առաջնորդությամբ: Բաքվում չափազանց բարդ իրավիճակ է հասունանում: Հանրային տրամադրությունները մեծամասամբ թուրքամետ են: Այդ հիմքով կարող է աշխուժանալ արմատական ընդդիմությունը, որն իրեն համարում է ադրբեջանական պետականության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի գաղափարական ժառանգորդը եւ թյուրքական ինքնության պատվարը: Ալիեւը կգնա՞ այդ տրամադրությունների ճնշմանը, թե՞ կենթարկվի հոսանքին: Իսկ Ռուսաստանը կհանդուրժի՞ Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում: Ադրբեջանցի փորձագետներից մեկը հիշեցրել է, որ երբ Նարիման Նարիմանովը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու պայմանավորվածությունից, Մոսկվայից սպառնացել են, որ Բաքուն ռուսական քաղաք է, թող Ադրբեջանը մայրաքաղաք փնտրի Գյանջայում: Պատահակա՞ն է այս հիշեցումը: Պատահական չէ նաեւ, որ թուրք-ադրբեջանական անցած համատեղ զորավարժությունները թուրք մեկնաբաններից մեկը համեմատել է 1918թ. սեպտեմբերի 15-ի հետ: Դա թուրքական էքսպեդիցիոն կորպուսի կողմից Բաքուն օկուպացնելու եւ Ադրբեջանին նվիրելու օրն է:

Զրուցեց

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930