«Առավոտն» առաջին անգամ 2007թ. սեպտեմբերի 21-ին «Պատերազմի ժամանակ պայմանագրեր չեն բաժանում» հրապարակման մեջ բարձրացրեց ՀՀ արդյունաբերության նախարարության հատուկ ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Ավետիք (Ավիկ) Օհանյանի հարցը: Անցել է տասներեք տարի, փոխվել են պաշտպանության նախարարներ, վարչապետեր, պետությունը դեռ իր պարտավորությունը չի կատարել առաջինը Հայաստանում փամփուշտների արտադրություն ձեւավորած անձի նկատմամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Հայաստան պետությունն առհասարակ պարտք է Ավիկ Օհանյանին՝ $76 000 գումար:
1994թ. հոկտեմբերի 16-ին Ա. Օհանյանի կապերի ու ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստան է բերվել փամփուշտների հոսքագծի համակարգ՝ $25 մլն արժողության 9 վագոն բեռ: Այն հանգրվանում է «Նեյտրոն» գործարանում: $25 միլիոնանոց բեռը, շնորհիվ Ավիկի կապերի, Հայաստան է հասնում $60 000-ով: Այդ մասին գիտեին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները, մասնավորապես՝ հանգուցյալ նախարար Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Վահան Շիրխանյանը,…ՀՅԴ-ն, որի գործուն անդամներից մեկն էր այն ժամանակ Ա.Օհանյանը:
Վազգեն Սարգսյանը գործարքի «ձեւակերպման» ժամանակ Ավիկի «պարտքը» գրում է $10 000, պայմանավորվելով, որ մնացածը կտան: Ավիկը հոսքագիծն արագ Հայաստան հասցնելու համար վաճառել էր Կենտրոնում ունեցած իր մեկ սենյականոց միակ բնակարանը: Տասներեք տարի առաջ Ավիկն ինձ հետ զրույցում ասել էր. «1995-ից ի վեր ես պարտքեր փակելու անպտուղ գործընթացի մեջ եմ եւ չեմ կարողանում ձեւավորել ընտանիքիս, 2 անչափահաս երեխաներիս կենցաղը»: Ավիկն այսօր էլ սեփական տանիք չունի:
Կարդացեք նաև
Նա տարիներ շարունակ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: ՊՆ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովը պատասխանել էր. «Ձեր նամակը՝ հասցեագրված ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ տեղադրված հոսքագծերի ձեռքբերման համար դրամական միջոցներ հատկացնելու վերաբերյալ, համարում ենք անհիմն, որովհետեւ վճարման պայմանները նախատեսվում են պայմանագրերով, որոնք չկան: «Նեյտրոնի» բաժնեմասերի կառավարումը 1993-94թթ. պաշտպանության նախարարությանը վերապահված չէր, ուստի դիմեք այդ տարիներին ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող համապատասխան նախարարությանը»:
Խաչատուրովը, Օհանյանը, այլք, շատ լավ գիտեին, որ 90-ականներին զենք- զինամթերքը «պայմանագրով» չէին նվիրում, գնում, վաճառում, իսկ ցանկացած գումար, որը ներդրվում էր պաշտպանական նպատակներով, «ռազմական գաղտնիքի» մաս է կազմում:
Խնդրին լուծում չտվեց նաեւ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը երկար ժամանակ իր չհրկիզվող պահարանում պահեց Ավիկի «գործը»:
Ա. Օհանյանը ասում էր. «Ես գործարք չեմ արել պետության հետ՝ փող աշխատելու նպատակով: Պարզապես նախաձեռնել եմ ՌԱՀ-ի գործարաններից մեկի արտադրական հզորությունները: Ինձ ուղեկցել է հետեւյալ միտքը՝ զինամթերք արտադրող ժողովուրդն ինքնին անկախ է դառնում զինամթերք գործածելու խնդրում»:
Մարգարյանն ըմբռնումով մոտեցավ խնդրին, պատասխան նամակում գրել էր. «Այն տարիներին, երբ մարդիկ հաստոց էին վաճառում պարսիկներին, ինչ-որ Ավիկ Օհանյան պարտք է արել՝ հաստոց բերել երկիր»:
Ավետիք Օհանյանը հայցով դիմեց Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ մերժվեց «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության, ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հայցի քննությունը: Հայցվոր Ա. Օհանյանը պահանջում էր $76.000 գումարը, որպես պատճառված վնասի հատուցում, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների, «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲ ընկերությունից էլ բռնագանձել 1995-2005թթ. ընկած ժամանակահատվածում փամփուշտների արտադրությունից ստացված օգուտների իրեն հասանելիք մասնաբաժինը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանում Օհանյանի ներկայացուցիչն էր, նա նշել էր հայցապահանջում. «Ավետիք Օհանյանը 1992թ.-ին ընդունվել է աշխատանքի ՀՀ արդյունաբերության նախարարության հատուկ ծրագրերի վարչությունում, որպես գլխավոր մասնագետ: Փամփուշտի արտադրության նպատակով հոսքագծի համակարգ ձեռք բերելու համար իմ վստահորդի կողմից անձնական միջոցների հաշվին կատարվել են բազմաթիվ ծախսեր, որոնք չեն հատուցվել: Ա. Օհանյանը բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն ապարդյուն: Մերժման պատճառաբանություններից մեկն էլ ժամանակին այն էր, թե ՀՀ արդյունաբերության նախարարություն, որպես այդպիսին՝ չկա: «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերությունում 1995-2005թթ. ընկած ժամանակահատվածում փամփուշտ է արտադրվել, սակայն Ա. Օհանյանին հասցեագրված պատասխաններում առաջարկվել է դիմել դատարան՝ վնասի, բաց թողնված օգուտի հատուցման պահանջով: Սա այն դեպքում, երբ սահմանների պաշտպանության օրհասական օրերին Ավետիք Օհանյանն իր անձնական միջոցներից ծախսել է 46.000 ԱՄՆ դոլար գումար: Հայցվոր կողմը խնդրել էր ընդամենը. ճանաչել այն փաստը, որ 1993-1995թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համաձայնությամբ եւ հայցվոր Ավետիք Օհանյանի նախաձեռնությամբ, ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ղրղըզստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել եւ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումում տեղադրվել եւ գործարկվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների համար նախատեսված փամփուշտների արտադրության նշյալ հոսքագիծը, ինչպես նաեւ այն, որ ծախսվել է հայցվորի անձնական գումարներից»: Հիշեցնեմ, որ պատասխանող ճանաչված «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «ընկերությունը հայցվորի հանդեպ չունի ստանձնած որեւէ պարտավորություն»:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, ինչն արձանագրվել է. «Հայցվորը չի ներկայացրել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր եւ ՀՀ ՊՆ միջեւ առկա պարտավորության փաստը հավաստող որեւէ ապացույց: 2000-2007թթ. մինչեւ ընկերության մասնավորեցումը, ՀՀ պաշտպանության նախարարությունը տնօրինել է «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության բաժնետոմսերը, սակայն ներկայումս ՀՀ ՊՆ-ն որեւէ կերպ չի առնչվում ընկերության գործունեության հետ, ըստ այդմ, «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության պարտավորությունների համար չի կարող որեւէ պատասխանատվություն կրել: Կրկին անգամ Ձեզ ֆինանսական միջոցներ հատկացնելու հիմք ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի»:
Ամիսներ առաջ Ավիկ Օհանյանը «Անձամբ Փաշինյանին նամակ» էր գրել եւ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին գիտեր «Առավոտը»: Երեկ սակայն մեր լրատվամիջոցին Ա.Օհանյանն ասաց, որ իր փաթեթը վարչակազմի աշխատակազմից Նաիրի Սարգսյանի մոտ է գնացել նամակների բաժնից, նրա մոտից էլ հայտնվել պատգամավոր Արփի Դավոյանի մոտ, ով էլ խոստացել էր խնդրին լուծում տալ:
Սակայն, ըստ Ա.Օհանյանի. «Հետո նա ինձ հայտնեց, թե փաթեթը կորցրել է, չի հիշում, որտեղ է դրել, ասաց՝ եթե ուզում եք՝ նորից գրեք»:
Ավիկի գործն ուղարկվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ.Արշակյանին, հրավիրվել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որն ի դեպ, փակ է եղել: Խմբի ստեղծումը եղել է վարչապետի հանձնարարականով:
Այս տարվա հունվարի 20-ին փակ նիստով որոշվել էր վնասների հատուցում՝ կամ բնակարան կամ գումարի տրամադրումը:
Դավիթ Տոնոյանն, ըստ էության չի առարկել, նա լինելով պաշտպանության նախարարի տեղակալը, տեղյակ էր վաղուց այս ամենից ամենից:
Սակայն ըստ էության Հ.Արշակյանի մոտ սառեցվել է հարցի լուծումը կամ ՝աշխատանքային խմբի որոշումը, հետեւյալ պատճառաբանությամբ՝ «Աշխատանքային խմբի կողմից առաջարկված տարբերակը կրում է խորհրդատվական բնույթ եւ գոյություն չունի որեւէ փաստաթղթային հիմնավորում, քաղաքացի Ավիկ Օհանյանին բնակարանի դիմաց փոխհատուցում տրամադրելը գտնում ենք ոչ նպատակահարմար»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2020