Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Խալաթյան․ «ԱՀԿ-ի ուղեցույցներին բարձր իրավական կարգավիճակ է տրամադրվում այն դեպքում, երբ գերտերություններն անվստահություն են հայտնում դրա անաչառությանը»

Սեպտեմբեր 04,2020 21:12

Կառավարության՝ արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից այլեւս չերկարաձգվելու, բայց փոխարենն, անհրաժեշտության դեպքում,  կարանտինայինի ռեժիմ սահմանելու մասին օրենսդրական փաթեթում մարդու իրավունքի խախտումներ կամ հակասահմանադրական նորմ չկա։ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը։

Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը սահմանում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրությունը չերկարաձգելու պայմաններում անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ:

Ըստ այս նախագծի, սահմանվում է՝ համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ,  հավաքների կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու սահմանափակումներ եւ այլն։ Այս միջոցառումները կիրառվելու են այն դեպքերում, հիշեցնենք, երբ համաճարակը  հանդիսացել է արտակարգ իրավիճակի հիմք։

Խորհրդարանում նախագծի շուրջ քննարկումները բուռն էին․ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություններ էին հայտնում, որ այդպիսով մարդու իրավունքներն են սահմանափակվում, կամ որ որոշ պետություններ, եթե մտադիր էին բացել սահմանները ՀՀ քաղաքացիների համար, կարանտին սահմանելուց հետո իրենց որոշումը կվերանայեն։

Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ արտակարգ դրության իրավական ռեժիմը տեսականորեն  կարող էր անվերջ շարունակվել, գործող սահմանադրական եւ իրավական կարգավորումները դրանք չեն արգելում, բայց արտակարգ դրության ռեժիմի երկարացումն արդեն վերածվում էր  ինքնանպատակ գործընթացի․«Այսինքն, գնալով արտակարգ դրության  հանրային լեգիտիմությունն ընկնում էր, ժողովուրդը  տարակուսում էր՝ որքան կարող է տեւել արտակարգ դրությունը»։ Սահմանադրագետը նկատում է՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը շատ ավելի խիստ իրավասահմանափակումներ է  նախատեսում, պարետի  ինստիտուտն էլ բավականին լայն լիազորություններ ունի, բայց արտակարգ դրության օրերին, պարետն իր զինանոցում եղած եւ օրենքով տրվող բոլոր լիազորությունները չէ, որ կիրառել է․«Կարող էր նույնիսկ ավելի խստացվեր։

Ուստի, որպեսզի այդ անորոշությունը նաեւ հասարակության  մեջից վերանա՝ թե որքան կարող է այս իրավիճակը, զուտ վարչահրամայական մեթոդներով, շարունակվել, այս օրենսդրական նախագիծը բերվեց, որը բավականին որոշակիացնում է իրավիճակը։  Օրենսդրական այս փաթեթը  մեկ աստիճան ավելի նվազ սահմանափակումներ է նախատեսում։ Սա չես կարող համեմատել արտակարգ դրության իրավական ռեժիմի շրջանակներում ոչ միայն գոյություն ունեցող, այլեւ հնարավոր սահմանափակումների հետ»։  Իսկ արտակարգ դրության ռեժիմում ապրելը, ինչպես պարոն Խալաթյանն ասաց, նշանակում է,  որ հանրությունը համաձայն է ամեն օր տեղեկանալ պարետան նորանոր վարչական որոշումներին, քանի որ արտակարգ դրությունը գործնականում շատ լայն  իրավասություններ է տրամադրում գործադիր իշխանությանը․«Եվ դա անհավասարակշիռ իրավիճակ է ստեղծում  օրենսդիր իշխանության նկատմամբ։ Որովհետեւ օրենսդիրը նվազ գործիքակազմ ունի այդ պայմաններում գործադիրին  վերահսկելու։ Այսպիսով, հանրային  կյանքը կարծես թե տեղափոխվում է ավելի  կանխատեսելի հուն»։

Այդուհանդերձ, սահմանադրագետը մի մտահոգություն ունի․ նրա կարծիքով՝ ԱՀԿ-ի (առողջապահության համաշխարհային կազմակերպություն) ուղեցույցներին բավականին բարձր իրավական կարգավիճակ է տրամադրվում․«Այստեղ խնդիր եմ տեսնում,  միջազգային կազմակերպության նորմերն ունեն որոշակի առավելություն ներպետական կարգավորումների նկատմամբ։ Սա, իրավական առումով խնդրահարույց է, որովհետեւ այդ ուղեցույցները, որոնք չունեն պարտադիր նշանակություն, փաստորեն օրենսդրորեն տրվում է գերակայություն։ Սա չի հակասում Սահմանադրությանը, սակայն խնդրահարույց է, որ ՀՀ-ն իր վրա է վերցնում  ավելորդ պարտավորություն, որը տվյալ պարագայում բացարձակապես որեւէ կարեւորություն  չունի մեր առողջապահական անվտանգության համար։  Պարզապես միջազգային հանրությանը ուղերձ ենք հղում, որ մենք անվերապահորեն վստահում ենք մի կազմակերպությանը, որի անաչառությանն ու արհեստավարժությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում,  անվստահություն են հայտնել շատ երկրներ, այդ թվում դրա հիմնադիրներից ԱՄՆ-ն»։

Սահմանադրագետը հիշեցնում է՝ արտակարգ դրության պայմաններում բնակչության պաշտպանության մասին 1998- ից գործող օրենքն ավելի խիստ պայմաններ է սահմանում, այնպես որ, այսօրվա օրենսդրական փաթեթում մարդու իրավունքների խախտումներ չկան․«Խնդիրն այն է, թե այսօր ընդունած օրենքներով սահմանված գործիքակազմը գործադիրը որքանով կկարողանա պահպանել համաչափությունը՝ մարդու իրավունքների սահմանափակումներ մտցնելիս»։

Կարանտին բառն էլ այնքան վախենալու չէ, որքան այն շահարկում են։ Պարոն Խալաթյանի կարծիքով՝ արտակարգ դրություն բառն ավելի բացասական է, իսկ կարանտինի մասին  ընդդիմադիրների քննադատական կարծիքներն, ըստ սահմանադրագետի, քաղաքական քարոզչության մի գործիք է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930