«Ռեֆորմիստներ»-ի անդամներն ու համակիրները Մատենադարանի մոտից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ
«Ուզում ենք, որ մեր երկրում լինեն փոփոխություններ, շատերն ասում են՝ սպասվում է թեժ աշուն, բայց այսօրվա մեր ցույցով սկսվում է Հայաստանի գարունը»,-այսօր Մատենադարանի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
Նա կոչ արեց չընկճվել, որ քիչ մարդ է ներկա եւ հազարավոր մարդիկ չկան ցույցին, ապա համոզմունք հայտնեց, որ շատերը համացանցով են հետեւում, քանի որ 21-րդ դարում ենք: Ասաց, որ իրենց փողոց է հանել քաղաքացիների հորդորները թե ընդդիմություն են ինչու քայլեր չեն ձեռնարկում, պայքարի դուրս չեն գալիս. «Եթե իրոք ուզում եք փոփոխություններ, ուզում եք ապրել նոր երկրում, հոգնել եք Փաշինյանի ստերից, ձեզ նեղություն պատճառեք եկեք մեկ ժամով կանգնեք: Դուք ինձ համար չեք գալու, սա քայլ է, որ ընդդիմադիր ուժերը համախմբվեն, ամբիցիաները դնեն մի կողմ, որպեսզի կարողանանք հարց լուծել: Եթե չէ, հարց լուծողը կմնա Փաշինյանը»,-ասաց Վահան Բաբայանը:
Կարդացեք նաև
Իր ելույթում «Ռեֆորմիստների» առաջնորդն ասաց՝ «Մենք չենք եկել պատմելու՝ Փաշինյանն ի՛նչ խոստումներ չի կատարել, դուք ինձնից լավ գիտեք։ Մենք չենք եկել ներկայացնելու՝ մեր կառավարությունում ինչքան անփորձ, անպիտան դիլետանտ մարդիկ են աշխատում: Մենք պատրաստվում ենք համերաշխության»:
Նրա խոսքով, շատերը միամիտ էին խաբվեցին, բայց այսօր բոլորն էլ գիտեն` ինչ իրավիճակ է տիրում մեր երկրում և ով է այս ամենի մեղավորը։ Ասաց, որ խոսելու ժամանակը դեռ գալու է` Արցախի խնդրից սկսած, Ռուսաստանի հետ հարաբերությունները, մարդու իրավունքներով վերջացրած։
«Ռեֆորմիստներ»-ի անդամներն ու համակիրները Մատենադարանի մոտից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Ցույցի մասնակիցներն ի նշան բողոքի, կարմիր թղթեր էին ձեռքներին պարզած։ Ոմանք նույնիսկ կարմիր դիմակներով էին։ «Նիկոլ խաբեբա», «Նիկոլ հեռացի՛ր», «Հայեր միացե՛ք: «Ստոպ Նիկոլ» վանկարկումներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, ապա՝ կառավարություն: Հրապարակում Վահան Բաբայանը ելույթ ունեցավ՝ ընդդիմությանը կոչ անելով դուրս գալ, կարծիք հայտնել, բանավիճել:
«Այսօր Հայաստանը աղետալի վիճակում է Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վայելու, առողջապահության նախարարը արձակուրդ է վայելում: Հազարից ավել մարդ է մահացել, բայց այսօր կարանտինի օրենքներ են ընդունում տուգանքներ են սահմանում՝ փոխանակ մտածեն մարդկանց ֆինանսական օգնություն ցուցաբերելու, վարկերը սառեցնելու մասին, մի քանի կոպեկ տվեցին ասում են՝ օգնել ենք»,-ասաց Վահան Բաբայանը՝ դիմելով Փաշինյանի կողմնակիցներին՝ ձեզանից վախեցող չկա. «Մենք գործում ենք օրենքով, մեր թիմում չկա մի մարդ, որը մյուսին թուրք ու թշնամի կհամարի: Մի վախեցեք, մենք բոլորս մեր փոքր երկրի բնակիչներ ենք, մենք իրավունք չունենք թշնամանալու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ