Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 11-ից հետո կհայտարարվի կարանտին. դիմակ կրելը, ախտահանվելը կմնան պարտադիր. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Սեպտեմբեր 04,2020 19:10

Ինչպես հայտնել էինք, խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում սեպտեմբերի 11-ից հետո կարանտին սահմանելու մասին օրենսդրական փաթեթը: Կառավարության հեղինակած այդ օրենսդրական փաթեթով սահմանվում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից այլեւս չի երկարաձգվելու, փոխարենը՝ առողջապահության նախարարության, մարզպետի, կառավարության եւ համայնքի ղեկավարի առաջարկով կարող է սահմանվել կարանտինի ռեժիմ՝ տեղաշարժի, ՀՀ ելքի/մուտքի արգելքի, հավաքների, միջոցառումների անցկացման սահմանափակումներով, մեկուսացման/ինքնամեկուսացման ցուցումներով:

Այսօր կայացավ նաեւ օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցումը. որոշակի փոփոխություններ, շտկումներ են եղել: Մասնավորապես, ինչպես ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց փաթեթի զեկուցող, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, հստակեցվել է «կոնտակտավոր անձինք« հասկացությունը: «Կոնտակտավոր է համարվելու վարակիչ հիվանդության ինկուբացիոն ժամանակահատվածում վարակակրի հետ շփված անձը: Նաեւ շեշտվել է, որ կոնտակտավոր անձանց վերաբերյալ տվյալները կարող են ուսումնասիրվել ինկուբացիոն՝ վարակի հնարավոր աղբյուր հանդիսանալու շրջանում, ոչ թե՝ ցանկացած պահի: Բացի այդ, փոխվել է մեկուսացման/ինքնամեկուսացման որոշումը վարչական դատարանում բողոքարկելու համար նախատեսված ժամկետը՝ տասը օրից դառնալով մեկ ամիս, եւ սա «Բարգավաճ Հայաստանի» առաջարկն է եղել»-տեղեկացրեց փոխնախարարը: Հիշեցնենք՝ նա այսօրվա նիստում հաստատել է, որ արտակարգ դրության ավարտից հետո կառավարությունը մտադիր է  սահմանել կարանտինի ռեժիմը:

Ռաֆիկ Գրիգորյանը նաեւ շեշտեց, որ այս օրենսդրական փաթեթով երկարաժամկետ պայքարելու են կորոնավիրուսի տարածման դեմ՝ առանց արտակարգ դրության ռեժիմի. «Օրինագծերի ընդունումից հետո պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները: Պահպանվելու են դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, ախտահանվելու պահանջները»: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ շեշտեց, որ նախորդ ժամերին փաթեթը հանձնաժողովում քննարկել են եւ բարելավել. «Այն հնարավորություն է տալիս արտակարգ դրության ռեժիմից անցնել բնականոն կյանքի: Բայց սահմանափակումները պահպանվում են, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվի»: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելուն  «կողմ» քվեարկեց 70 եւ «դեմ»՝ 19 պատգամավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930