Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհուրդ

Սեպտեմբեր 04,2020 18:45
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով ստեղծվել է գլխավոր դատախազին առընթեր նոր գիտամեթոդական խորհուրդ:

Վերջինս ունի ՀՀ գլխավոր դատախազին առընթեր խորհրդակցական մարմնի կարգավիճակ, և նպատակն է գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել ՀՀ դատախազության ստորաբաժանումներին իրենց գործառույթներն իրականացնելիս, համագործակցել ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և ակադեմիական կենտրոնների, օտարերկրյա իրավապահ մարմինների համանման խորհուրդների հետ:

Արթուր Դավթյանի այս նախաձեռնությունը պայմանավորված է հիմնականում դատախազության գործունեությունը գիտականորեն առավել հիմնավորված և միջազգային լավագույն փորձի հենքի վրա շարունակաբար կատարելագործելու հրամայականով՝ հաշվի առնելով հանցավորության շարժընթացում արձանագրվող միտումները, քրեական արդարադատության ոլորտում զարգացող միջազգային չափանիշների տեղայնացման խնդիրը, քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ դատավարական նոր ընթացակարգերի նախատեսումը։

Բացի այդ, պետական շահերի պաշտպանության ոլորտում վերջին տարիներին դատախազության նկատելի ակտիվացումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը ևս առաջացնում են դատախազության աշխատանքներում նորարարական մոտեցումներ և ուղղություններ ներդնելու և այդ նպատակով գիտական առավել լայն պոտենցիալ օգտագործելու անհրաժեշտություն:

Գիտամեթոդական խորհրդի հիմնական խնդիրներ են մշակել գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի նյութեր դատախազական գործունեության ուղղությունների իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց հարցերի վերաբերյալ, ներկայացնել  առաջարկություններ հանցավորության դեմ պայքարի ուղղությունների և եղանակների մասին, վերլուծել ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացումները:

ՀՀ գլխավոր դատախազի նշված հրամանով Գիտամեթոդական խորհրդի կազմում ընդգրկվել են՝

  • ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանը, որը կղեկավարի Խորհուրդը,
  • ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը,
  • ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տաթևիկ Դավթյանը,
  • ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական իրավաբանական խորհրդատվության կենտրոնի դասախոս-կոորդինատոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը,
  • ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիրայր Վարդազարյանը,
  • ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Չախոյանը,
  • ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը,
  • ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը,
  • ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը,
  • ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արմեն Հարությունյանը,
  • ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Պետիկ Մկրտչյանը:

Խորհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ և կարող են կենսագործվել ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930