Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության որդեգրած մոտեցումը

Սեպտեմբեր 04,2020 18:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին

Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի քաղաքամայր Երևանի և Արարատի մարզի հոգևոր տեսչության հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի:

Հանդիպումներին Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերի, դրանցում առկա խնդիրների և հնչեցված մտահոգությունների շուրջ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված կացությանը։

Ծավալուն քննարկման ընթացքում քահանա հայրերն իրենց համայնքների անունից մտահոգությունն արտահայտեցին կրթական բարեփոխումների իրականացմանը միտված փաստաթղթերի մշակման գործընթացի, մտավորականների և գիտակրթական հաստատությունների կողմից բարձրաձայնված խնդիրների և ակնկալվող վերջնարդյունքների առնչությամբ՝ կարևոր նկատելով ազգային նկարագրով, հոգևոր-ազգային արժեհամակարգով ամուր հայորդու, ՀՀ քաղաքացու ձևավորումը։

Անընդունելի նկատվեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության որդեգրած մոտեցումը, որի հետևանքով այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով դուրս է մղվում ուսուցանվող առարկայի ուսումնական նյութի գերակշիռ մասը, աղճատվում առարկայի նպատակն ու առաքելությունը՝ կերտելու հայ ինքնությունը և ամբողջապես հաղորդ դարձնելու աշակերտներին Հայոց Եկեղեցուն, նրա դավանանքին, տոնածիսական համակարգին, խորհուրդներին, քրիստոնեական ու ազգային արժեհամակարգի հիմնարար սկզբունքներին և քրիստոնեական բարոյագիտությանը:

Կարևորելով Եկեղեցու առաքելությունը քրիստոնեական-ազգային արժեհամակարգի կերտման ու պահպանման գործում, նրա կրթադաստիարակչական գործունեությունը և հովվական աշխատանքում սերտ կապն ուսումնական հաստատությունների հետ՝ հոգևոր սպասավորները մտահոգիչ նկատեցին վերջին ժամանակներում դպրոցներում և կրթական այլ հաստատություններում անցկացվող ազգային-եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներին հոգևորականների ներգրավման և մասնակցության հարցում տնօրինությունների կողմից դրսևորվող զգուշավոր և մերժողական կեցվածքը:

«Կենսաբանություն» առարկայի պետական առարկայական չափորոշչում Էվոլյուցիոն տեսության և առարկայական չափորոշիչների նախագծերում սեռական դաստիարակությանը վերաբերվող թեմաների մասին զեկույց ներկայացրեց Դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը` մասնավորաբար անդրադառնալով այդ կապակցությամբ կյանքի և ընտանիքի սրբության հասկացություններին: Համացանցային գրագիտության և հոգևոր քարոզչության նպատակով սոցիալական ցանցերի արդյունավետ գործածության հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Համբարձում քահանա Դանիելյանը:

Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցցանցերի հսկայական ազդեցությունը հասարակության կյանքում` ներկայացված նյութի շուրջ քննարկումներում կարևորվեց հոգևոր հովիվների կողմից այդ միջոցների ծառայեցումը հոգևոր արժեքների սերմանման և թեմական ու հովվական աշխատանքի լուսաբանման գործին:

Սոցցանցերում գռեհկաբանության, գործածվող լեզվի և տիրող անհանդուրժողողական մթնոլորտի վերացման հարցում կարևորվեց նաև հոգևոր սպասավորների ակտիվությունը և հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգամանորեն անդրադարձավ քահանա հայրերի բարձրաձայնած հարցերին, որոնք վերաբերում էին հովվական ծառայությանը, Եկեղեցու կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը, համավարակի շրջանում առկա դժվարությունների հաղթահարմանը, ազգային և հայրենական կյանքը հուզող զանազան խնդիրների առնչությամբ Եկեղեցու որդեգրած դիրքորոշումներին:

Վերջում Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին` հորդորելով ակտիվ, նախանձախնդիր և համարձակ լինել հովվական ծառայության մեջ՝ նպաստելով Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցու առաքելությունը բոլոր ժամանակներում եղել է սպասավորությունը հայ ժողովրդին` հանուն նրա հոգևոր զորացման, ազգային ինքնության պահպանման, ազգային նվիրական իղձերի իրականացման և հայրենիքի անկախ ու խաղաղ կյանքի կերտման:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930