Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է ավելի քան 0,5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն զանգված՝ միախառնված կոնֆետների հետ։
Նույն օրը որոշում է կայացվել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցների հետ համատեղ անցկացնել «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում` թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձի կամ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև հիշյալ թմրամիջոցները Հայաստան ներմուծելու դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Մեղրիի բաժանմունք բերման են ենթարկվել թմրամիջոցը ստացած՝ ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ն և Վ.Թ.-ն, ինչպես նաև թմրամիջոցը Հայաստան ներմուծած քաղաքացի՝ Ս.Ա.-ն:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քաղաքացի Հ.Գ.-ն կալանավորվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին