Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ համատարած պատվաստումները 2021թ. երկրորդ կեսից շուտ չի ակնկալում: Այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է կազմակերպության մամուլի խոսնակ Մարգարիտ Հարիսը, փոխանցում է Reuters-ը:
Ընդգծելով, որ պատվաստանյութը պետք է լինի արդյունավետ և անվտանգ, Հարիսն ասել է. «Փորձարկումների այս երրորդ փուլն ավելի երկար պետք է տևի, քանի որ մենք պետք է հասկանանք, թե որքանով է իրականում պատվաստանյութը պաշտպանում, և որքանով է այն անվտանգ: Մենք, իսկապես, համատարած պատվաստումներ չենք ակնկալում մինչև 2021թ. երկրորդ կեսը»:
Խոսնակի խոսքով՝ պատվաստանյութերից և ոչ մեկը նախորդ կլինիկական փորձարկումների ժամանակ չի ցուցաբերել առնվազն 50 տոկոս արդյունավետություն, ինչպես պահանջում են ԱՀԿ չափորոշիչները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ