Լրահոս
Օրվա լրահոսը

Խնջույքը՝ պիկնիկի սեղանի շուրջ, ամուսնական «առաջին գիշերը»՝ վրանում

Սեպտեմբեր 04,2020 17:13

Հետաքրքիր գաղափարներ արտակարգ դրության ժամանակ ամուսնական արարողություն կազմակերպելու համար կամ ինչպե՞ս են անցկացվում կարանտինային հարսանիքները:

 COVID-19-ը փոփոխություններ է մտցրել նաև միջոցառումների կազմակերպման ծառայությունների ոլորտում: Բազմամարդ հավաքույթներն արգելված են, հետևաբար զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվում, հարսանիքներն էլ դարձել են սակավաթիվ մասնակիցներով:

Այս պատճառով ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հարսանիքների կազմակերպման նոր տարբերակներ են մշակվել: Օրինակ՝ տարածված են zoom-ով հարսանիքները: Դրա համար ամուսնացող զույգ ուղարկում է առցանց հղումը, որպեսզի բարեկամներն ու ընկերները նշված ժամին մուտք գործեն և առցանց հետևեն իրենց հարսանեկան արարողությանը: Նույնիսկ zoom-ով կենացներ են ասում բարեկամները: Տարբերակ է նաև այն, որ հարսանիքի հյուրերը հարսանեկան արարողությանը հետևում են իրենց մեքենաներում:

Արտերկրում ընդունված է այն, որ նորապսակներն իրենց մեքենայով շրջում են իրենց հարազատների, ընկերների թաղամասերով, իսկ նրանք իրենց տան պատուհաններից ողջույններ են ուղարկում նորապսակներին: Տարածված են նաև վրանային հարսանիքները, երբ զույգն ամուսնանում է քաղաքից դուրս որևէ տեսարժան վայրում, խնջույքը պիկնիկի սեղանի շուրջ է, իսկ երեկոյան խարույկ են վառում ու գիշերն անցկացնում վրաններում:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի «Մասնագիտությունը՝ մայրիկ» խորագրի ներքո «Arm show wedding» հարսանեկան միջոցառումների կազմակերպման կենտրոնի տնօրեն Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց՝ հայաստանյան շուկայում ի՞նչ փոփոխություններ կան այս ոլորտում, հիմա հարսանիքների կազմակերպման ի՞նչ տարբերակներ են նորաձև և այսպես կոչված՝ թրենդային:

Նա պատասխանեց. «Առաջին հերթին համավարակը հանգեցրեց ֆինանսական մեծ կորուստների: Այն ծառայությունները, որոնք նախկինում մատուցում էինք՝ շոու ծրագրեր, թամադաների ծառայություն, երաժիշտներ, ձայնային լուսային տեխնիկա, այդ ամենը 70-80 տոկոսով կրճատվել է: Քանի որ հարսանիքների մասնակիցները սակավաթիվ էին, կենդանի երաժշտությունն էլ ՀՀ պարետի որոշմամբ արգելված էր, մարդիկ ուղղակի դիջեյ էին նախընտրում: Վարձակալում էին սեփական տուն՝ քաղաքից դուրս, կազմակերպում ԶԱԳՍ-ի փոքր արարողություններ և փոքր խնջույքի պես մի բան ու դրանով եզրափակում»:

Արմեն Գևորգյանը նաև նշեց, որ տարբեր պատմաճարտարապետական հուշակոթողների բակերում էլ էին կազմակերպում հարսանիքներ: Օրինակ՝ Սաղմոսավանքի շրջակայքում տարածք կա, որտեղ ֆուրշետ էին կազմակերպել, լարային քառյակ հրավիրել: Մեր զրուցակիցն ասաց, որ մարդիկ հարսանիքներին այլևս շոու ծրագրեր, երաժշտական խմբեր չեն հրավիրում, քանի որ մեծ ռեստորաններում չեն կազմակերպում հարսանիքները: Ե′վ պարետը մեծաթիվ հավաքներ թույլ չի տալիս, և′ ռեստորաններին ձեռնտու չէ փոքրաթիվ հավաքներ կազմակերպելը: Ըստ Արմեն Գևորգյանի՝ հիմա մարդիկ ավելի շատ մատչելիությանն են ուշադրություն դարձում, անգամ համաձայն են, որ հարսանիքի վայրը ձևավորվի արհեստական ծաղիկներով, ինչը նախկինում հազվադեպ էր հանդիպում: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում կարանտինային օրերին տարածված են ԶԱԳՍ-ի արարողությունները՝ բացօթյա, որն արվում է նաև նկարահանումների համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930