Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ցույց էր: Ռուսաստան մեկնել ցանկացողները պահանջում էին բացել սահմանները:
Ցուցարարներին հանդիպեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նախ բացատրեց, որ Հայաստանի սահմանը բաց է ու մենք որեւէ լծակ չունենք ՌԴ-ին պարտադրելու, որ բացեն իրենց սահմանը. «Խնդիրն այն է, որ ՌԴ-ն Վրաստանը հրաժարվում են ե՛ւ ՀՀ-ից, ե՛ւ որեւէ այլ երկրից՝ կլինի Ղազախստան, Ուզբեկստան, քաղաքացի ընդունել: Ընդդիմադիր ուժերը, գիտակցելով, որ իրենք որեւէ բան չեն կարող անել, գալիս են ձեր ֆոնին նկարվում են: Ես եկել եմ ձեզ ճիշտը ասեմ՝ մերոնք, մենք փորձում ենք անընդհատ, տարբեր ձեւերով՝ պառլամենտականը՝ իրենց պառլամենտով, ԱԳՆ-ն իրենց ԱԳՆ-ի հետ, ղեկավարությունը՝ ղեկավարության հետ այդ հարցը լուծենք: Իրենք մեզ ասում են, որ չենք կարող ենթադրենք, պայմանականորեն 100 հայի համար թողնենք ու Ղազախստանի բնակչությանը չթողնենք, խտրական մոտեցում չենք անի: Մենք հիմա փորձում ենք դա բանակցություններով անենք: Այդ բանակցությունները, առանց ձեր այստեղ գալու էլ արվում են: Ինչ ենք մենք անում. Պետք է սկսենք ընդհանրապես ավիաչվերթներ ունենալ: Բոլոր երկրներն այսօր տուժել են, գիտեք, Վրաստան ամեն տարի 1 մլն ռուս էր մտնում, մեր մոտ տուրիստ չկար, հյուրանոցները կանգնած էին, սրճարանները կանգնած են, գումար չի մտնում երկիր»:
Ցուցարարներից մեկը հարցրեց. «Եթե գրուզավիկը մի մարդով անցնում է, ինչի՞ պիտի ես չկարողանամ անցնել, ես էնտեղ նալոգներ ունեմ մուծելու»: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վրացիները թույլ չեն տալիս, ասում են՝ չէ: Մենք գնում ենք, ասում ենք՝ այս մարդուն ու եւս 50 հոգու եկեք թույլ տանք գնան, ասում են՝ չէ: Բանակցային փուլում է: Մենք օրինակ ենք ծառայում, խնդրում ենք, համոզում ենք: Ես հեսա իմ ռուս կոլեգայի հետ կխոսեմ: Որեւէ բան, որ կարելի է անել ու չի արվում՝ չկա: Եկել եմ բոլորիդ հարցին անդրադառնամ, չեմ եկել որոշ մարդկանց պես մի հատ նկարվեմ ու գնամ: Կարող եմ ձեզ հաճելի հեքիաթներ պատմեմ՝ չե՛մ անելու այդպես»:
Ցուցարարները հակադարձեցին՝ հո աշխատատեղ էլ կարող եք ստեղծել, ստեղծեք՝ մնանք, մի հատ ապրելու տարբերակ ենք ուղղակի ուզում՝ Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց, որ ամբողջ աշխարհում համավարակով պայմանավորված տնտեսական խնդիրներ կան, աշխատատեղերի խնդիր կա. «Այն ժամանակ կարելի էր աշխատա՞նք գտնել: Աշխատատեղերը լրիվ ուրիշ թեմա է»: Ցուցարարների պնդմանը՝ չէ որ չէ, մեզ տարեք ՌԴ՝ Սիմոնյանն ասաց. «Ես քեզ խոսք եմ տալիս, դու Բագրատաշենի սահմանն անցնես»:
Կարդացեք նաև
Հետո ԱԺ փոխնախագահը հայտարարեց. «Որեւիցե մեկը, բացի պետական գործուղումից, տեղ չի գնացել: Մենք տեղ չենք գնացել: Այնպես չի, որ մենք գնում ենք, դուք չեք գնում, այնպես չի, որ մեզնից բան կա անելու՝ չենք անում: Ցավդ տանեմ, օդայինով կլինի, ջրայինով կլինի, ՌԴ-ի, Վրաստանի ղեկավարությունը չի բացում սահմանը: ՀՀ ղեկավարությունը բացում է, ասում է՝ ախպեր ջան, ես իմ քաղաքացուն թույլ եմ տալիս թռնի, ելքն ունենք: Այդ գործընթացն առանց ձեր ասելու գնում է»:
Ցուցարարները հորդորում էին բանակցությունների ընթացքը հրապարակային դարձնել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ամեն բան չի, որ կարող են բաց ներկայացնել, կարող է մեզ մի արտոնյալ պայման են տալիս, վրացին դա չի ստանում. «Հիմա մենք եկել ենք հայերով ռուսներից ու վրացիներից արտոնյալ պայմաններ ենք ուզում, ճի՞շտ է: Մենք աշխատում ենք ամեն բան անել: Մեզնից չի կախված: Ռուսն է որոշում՝ ինքն իր երկիր մարդ կթողնի՞, թե՞ չէ: Եկել եք ՀՀ պաշտոնյայից ՌԴ ղեկավարի ֆունկցիա եք ուզում, հասկանո՞ւմ եք: Չենք կարող ոչ մի բան անել, ո՛չ ես, ո՛չ դու»:
Մի ցուցարար տատիկ դիմեց Ալեն Սիմոնյանին. «Ալե՛ն ջան, բալի՛կս, տղա՛ս, իմ երեխաներն անօգնական, անելանելի վիճակում են, ես ձեզանից փրկության մի խոսք, նշույլ եմ ուզում: Ես 7 ամիս է՝ եկել եմ հարազատիս տեսակցության ու չեմ կարողանում գնալ՝ այնտեղ թողնելով երկու անչափահաս թոռնիկներիս, հարսս աշխատում է, դռները փակում, այդ երեխաները բանտային խցի մեջ, ինձ նման շատերը կան: Ամեն օր թոռներս զանգում են, բա՝ տատիկ ջան, ե՞րբ ես գալիս: Եթե դուք հեղափոխություն շուտ արած լինեիք, ես 4 տարի առաջ չէի լքի իմ հայրենիքը»:
Լսելով տատիկին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Տատիկ ջան, ուզում ես քննարկենք, ոնց նախկինում արվել է, կազմակերպենք, քո թոռնիկներին բերենք Հայաստան: Բայց ես ձեզ չեմ կարող Ռուսաստան հասցնել, որովհետեւ իրենց երկրի ղեկավարը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է, քո երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է: Արի հենց հիմա նստենք մեքենան, գնանք սահման, Ռուսաստանի սահմանը քեզ չի թողնում, դեպորտ են անում»:
Մի կին ցույցի էր եկել երեխայի հետ: Ասաց, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, գիշերելու տեղ չունի, ամեն օր մեկի տանն է հյուրընկալում, Ալեն Սիմոնյանը խոստացավ նրա ընտանիքի բնակվելու տեղի հարցը լուծի, մինչեւ սահմանները կբացվեն, բայց ցուցարարը չուզեց:
Մի ցուցարար էլ՝ Կարապետ Վարդանյանը, Ռուսաստանի քաղաքացի էր, ԱԺ փոխնախագահը վերցրեց նրա տվյալներն ու խոստացավ, որ ՌԴ դեսպանատան միջոցով նրա հարցը կլուծի, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ունի:
Ցուցարարները հեռացան:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ