Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է պահանջարկը 3,3 անգամ գերազանցող ջրի հայտ. 4.739.000մ³ ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում

Սեպտեմբեր 04,2020 16:40
Vorogum

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով 2019թ. մատակարարված ջրի հայտերի, փաստացի մատակարարված ջրաքանակների, փաստացի ոռոգված հողատարածքների և համակարգի կորուստների վերաբերյալ Ջրային կոմիտեից ստացված փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայքի տարածաշրջանի հողերի ոռոգման նպատակով ոռոգման շրջանում և Արփա գետի բնապահպանական թողքը ապահովելու նպատակով ամբողջ տարի Կեչուտի ջրամբարից ջրի բացթողումն իրականացվում է «Եղեգնաձոր» ՋՕ ընկերության ներկայացրած հայտերի հիման վրա՝ Կառավարության որոշմամբ վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Վայքի ինքնահոս համակարգի միջոցով:

Ըստ Ջրային կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ նշված տարածաշրջանի պայմանագրային ոռոգելի հողատարածքները կազմում են 411.5 հա:

Ըստ 2019թ. մատակարարված ջրի հայտերի՝ 1հա-ին մատակարարված ջրի միջին ծավալը կազմում է 10449մ³: Մինչդեռ ըստ մատակարարված ջրի ցուցանիշների՝ բաժանորդներին 1 հա-ի համար փաստացի մատակարարված ջրի միջին ծավալը կազմել է 3170մ³

Այսինքն` փաստացի 1հա հողատարածքի համար մատակարարված ջրի քանակը 7279մ³–ով կամ 3.3 անգամ գերազանցել է 1 հա-ի համար բաժանորդների՝ հայտով ներկայացված ջրաքանակը:

Ջրային կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ 1մ³ ոռոգման ջրի արժեքը կազմում է 11 ՀՀ դրամ, իսկ համակարգի կորուստը՝ 36.7%։

Այսինքն՝ հայտով ներկայացված և մատակարարված ջրից համակարգի կորստի և բաժանորդներին փաստացի մատակարարված ջրի հանրագումարը հանելու դեպքում, ընկերությունը նշված ոռոգելի ողջ հողատարածքի հաշվարկով անհիմն կրել է 4.739.000մ³ ջրի կորուստ, որը արժեքային արտահայտությամբ կազմում է 52.129.000 ՀՀ դրամ։

Ըստ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի որոշման՝ ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերը: Իսկ ջրօգտագործողին (բաժանորդին) ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի՝ դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և հայտի:

Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ջրամատակարարի կողմից փաստացի ներկայացվել է պահանջարկը 3,3 անգամ գերազանցող ջրի հայտ, իրականացվել ենթադրյալ ապօրինի, այսինքն` առանց պայմանագրի ջրի մատակարարում:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ընկերության պաշտոնատար անձի կողմից իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու՝ ջրօգտագործողներին մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերի չհաշվառման, ջրային պաշարները արդյունավետ և խնայողաբար չօգտագործելու, ջրամատակարարումը թերի կառավարելու, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ չօգտագործելու, իրականացված ծառայությունների դիմաց գումարներ չգանձելու արդյունքում ընկերության և պետության իրավունքների ու օրինական շահերի խախտման, դրա հետևանքով 4.739.000մ³ջրի կորուստ՝ 52129000 ՀՀ դրամի վնաս առաջացնելու վերաբերյալ առերևույթ տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930