Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Զաքարիան` ԿԳՄՍ նախարարությանը. «Շարունակում են նենգափոխել իրականությունը»

Սեպտեմբեր 04,2020 16:26

Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ:

– «Մեդիամաքսի» «Կարմիր թել» շարքի հարցազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի թիվս այլնի, պնդում էր, որ Մայր Աթոռին համապատասխան գրություն է առաքվել` ի պատասխան Կրթական պետական չափորոշիչների վերաբերյալ Մայր Աթոռի Կրթական ենթախմբի դիրքորոշման: Խնդրում եմ պարզաբանել` իսկապես եղե՞լ է նման նամակ, գրություն:

– Դիտելով ԿԳՄՍ նախարարի հարցազրույցը՝ նախևառաջ պիտի նշենք, որ, հակառակ նրա պնդմանը, ցայսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գրավոր որևէ նամակ չի ստացել նախարարությունից՝ ի պատասխան Կրթական պետական չափորոշիչների վերաբերյալ Մայր Աթոռի Կրթական ենթախմբի դիրքորոշման։ Ավելին՝ կրթության պետական լիազոր մարմինը շարունակում է անհասկանալի և փակուղի տանող իր գործելաոճը՝ անտեսելով այս ընթացքում ինչպես Մայր Աթոռի, այնպես էլ մասնագիտական շրջանակների կողմից բարձրաձայնած մտահոգություններն ու խնդիրները։

– Նույն հաղորդման ժամանակ անդրադառնալով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային` նախարարը տառացիորեն հայտարարեց, որ սուտ է,եւ առարկան չի հանվում:

– Ինչ վերաբերում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային, Մայր Աթոռի դիրքորոշումը հստակ է՝ նախ՝ պետք է հարգել նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, երկրորդ՝ մերժելի է, առանց որևէ քննարկման և գործող օրենսդրությանը հակառակ, առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, և երրորդ՝ ընդունելի և հիմնավորված չենք նկատում այլ առարկաների մեջ ՀԵՊ-ի տարրալուծման մոտեցումը։

Այստեղ ուզում ենք մեկ կարևոր հաստատում ևս անել․ ոչ ոք երբեք մեր Եկեղեցու պատմությունը չի տարանջատել մեր ժողովրդի պատմությունից, ինչը հաճախ շահարկվում է։ Հայոց Եկեղեցու պատմությունը միայն թվեր, փաստեր կամ կաթողիկոսների ժամանակագրություն չէ, այլ նաև մեր Եկեղեցու դավանանքը, տոնածիսական համակարգը, խորհուրդները, բարեպաշտական սովորությունները, քրիստոնեական բարոյագիտության հիմնական սկզբունքները, քրիստոնեական և ազգային արժեհամակարգի հիմնարար սկզբունքները և այլն։

Թվարկածս բոլոր թեմաներն այժմ ուսուցանվում են մեր դպրոցներում։ Եթե անգամ դասագրքերից դուրս բերվի պատմական մասը, ապա մյուս թեմաները հնարավոր չէ տարրալուծել մյուս առարկաների մեջ։

Ուստի անընդունելի է այն պաշտոնյաների կամ մարդկանց պահվածքը, որ, օգտվելով մարդկանց անտեղյակությունից, հաճախ շարունակում են նենգափոխել իրականությունը։ Տարօրինակ են նաև Հայոց Եկեղեցու առաքելության մասին նրանց բարձրագոչ հայտարարությունները և նրա դերի գնահատումը, երբ իրականում ամեն ինչ հակառակն է արվում։

– Ի վերջո, կառավարության կողմից ձեւավորվե՞ց կրթական ենթախումբ, նշանակվե՞լ են ենթահանձնախմբի անդամներ: Ի՞նչ փուլում է այդ ամենը:

– Ցավով ենք արձանագրում, որ կառավարության կողմից դեռևս ձևավորված չէ կրթական ենթախումբը՝ առկա հարցերը քննարկելու և լուծումներ առաջադրելու համար։ Ամեն դեպքում այս մասով ևս Մայր Աթոռում պաշտոնական որևէ գրություն չի ստացվել, թեև հայտարարում են, որ ենթախումբը կազմված է։

Հակառակ այս իրողության՝ 2019 թ․ հունվար 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի ստեղծումից հետո Վեհափառ Հայրապետի հրամանով անմիջապես ձևավորվել է Մայր Աթոռի Կրթական ենթախումբը, որին էլ հանձնարարվել է քննարկել և լուծումներ առաջադրել երկուստեք հուզող կրթական հարցերի, այդ թվում՝ նաև ՀԵՊ առարկայի վերաբերյալ։

Մեր ենթախումբը 2019 թ․ հունիսի 17-ին հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի նախկին տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Հայոց Եկեղեցու ներկայացուցիչներն ընդգրկվում են կրթական բարեփոխումների ընդհանուր և առարկայական հանձնախմբերում, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշչի մշակումից հետո անդրադարձ է կատարվելու ՀԵՊ ուսուցիչների վերապատրաստության խնդրին, որոնք իրականում անտեսվել են և չեն պահվել։

Փաստ է, որ կրթական բարեփոխումների և չափորոշիչների մշակման գործընթացն ընթացել են հույժ գաղտնի պայմաններում ոչ միայն առանց Մայր Աթոռի ներգրավվածության, ինչպես որ պայմանավորվել էինք, այլև մասնագիտական կարևոր կառույցների։

Նշենք, որ 2020 թ․ մայիսի 12-ին Մայր Աթոռի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արք. Աջապահյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի միջև, որի ընթացքում Եկեղեցու կողմից կրկին բարձրաձայնվել է կրթական հարցերով ենթախումբը վերաձևավորելու` Կառավարության կողմից պատասխանատու անձ նշանակելու և իրավասու պաշտոնյաներով համալրելու անհրաժեշտության մասին՝ առաջադրված խնդիրները քննարկելու համար: Այլ խոսքով՝ որևէ իրական քննարկում չի եղել երկուստեք հուզող հարցերի շուրջ, բայց առկա խնդիրները լուծումներ են պահանջում։

Այս կերպ Եկեղեցուն և մեր ժողովրդին պարտադրվում է գերատեսչության տեսակետը՝ առանց քննարկումների Եկեղեցու հետ, այլև անտեսելով մեր ժողովրդի կարծիքը։

 

 Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930