Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ». Լիլիթ Մակունց

Սեպտեմբեր 04,2020 15:43

«Ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն նաեւ այլ հարթակներ ու հնարավորություններ՝ իրենց խոսքը հասանելի դարձնելու հանրությանը, իրենց քննադատությունները հնչեցնելու: Ընդ որում, եթե խոսում ենք խորհրդարանական ընդդիմության մասին, իրենք ունեն հարթակ՝ ԱԺ լիագումար նիստերի դահլիճը, հնարավորություն ունի մամուլի միջոցով իրենց խոսքը հասցնելու, ինչպես նաեւ մեկ ընդդիմադիր խորհրդարանական ուժ ունի հեռուստաընկերություն: Հետեւաբար, այս սահմանափակումները համավարակով պայմանավորված, որոնք միտված են բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, ձեր նշված խնդրի հետ առնչություն չունեն»,- այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես արձագանքեց ընդդիմության քննադատությանը, որ համավարակի պատճառաբանությամբ սահմանափակումներ են մտցնում՝ հանրահավաքներին խոչընդոտելու համար:

ԲՀԿ-ն հայտարարել է կրթական չափորոշիչների թեմայով հանրահավաքի մասին: Մակունցն արձագանքեց. «Ինչպես 2015-ին ԲՀԿ-ն չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր ես կարծում եմ՝ նույն իրավիճակն է: ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Ինչպես 2015-ին տեղի ունեցավ, կարծում եմ, այս համատեքստում` քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ». ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ՖԲ գրառմամբ արձագանքել է վերոհիշյալ պնդումներին. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Իհարկե, տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել, թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են: Դժվարացել է, քանի որ չկա նման բան, դժվարացել է, քանի որ ուղղակի ասել է՝ ասելու համար, դժվարացել է, քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին:

Տիկին Մակունցի այս հայտարարությունը զավեշտալի է հատկապես այն առումով, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու նրա ֆինանսական աղբյուրների հետ, մի մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, մի մասն էլ նախկինում այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումները մոռացած պատսպարվել է իշխանության շարքերում: Նեղություն քաշեք ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք:

Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով այս ժամանակահատվածում բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս, իսկ մյուսների մոտ դրանց բացակայությունը շաղակրատելու լայն հնարավորություն է ստեղծում: Իսկապես ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին: Գոնե հիմա, երբ ամբողջ աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ հնարավոր ալիքին՝ ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930