Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցում է Ռեստորանային սպորտի առաջնությանը

Սեպտեմբեր 04,2020 15:28

«Երեք տարի առաջ Իսրայելում ստեղծվել է Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան (WFRS), Ֆեդերացիայի նախագահն էլ Ալեքս Ռաբինովիչն է: Ինչ վերաբերվում է Հայաստանին, մեր ֆեդերացիան ստեղծվել է անցյալ տարի»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Հավելեց, որ ամեն տարի իրականացվում է ռեստորանային սպորտի առաջնություն, թիմերը պարտադիր մասնակցում են 3 մասնակցով` խոհարար, մատուցող եւ սոմելիե:

«Սա աշխարհի երրորդ առաջնությունն է, առաջին անգամ սփյուռքահայ է մասնակցել` ոչ Հայաստանի դրոշի ներքո, երկրորդ անգամ Հայաստանը մասնակից չի ունեցել: Այս տարի մասնակից ունենք: Հայաստանի թիմի ավագը Հովհաննես Մկրտչյանն է: Այս տարվա առաջնությունը պետք է կայանար Բուլղարիայում, բայց կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվեց եւ տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ: Մրցույթը սեպտեմբերի 11-ին է, մենք պետք է թիմով մասնակցեինք, բայց քանի որ սահմանները փակ են, հնարավոր չեղավ մեկնել, ուստի հեռավար մասնակցեցինք: Մեր մասնակիցը` Հովհաննես Մկրտչյանը մրցույթի կանոնադրությանը եւ ձեւաչափին համապատասխան 3 տեսակ կերակուր պատրաստեց. աղցան, կերակուր հավից եւ հորթի մսից: Արդեն ուղարկել ենք կերակուրների լուսանկարները, ցուցադրել պատրաստման եղանակը: Ցավոք, լուսանկարներով հնարավոր չէ փոխանցել համը, բայց տեսքը, մատուցման ձեւը եւ մնացածը կարող են փաստել մեր մասնակցի որակը, իսկ մեր ազգային խոհանոցի համի վրա հատկապես վերջին տարիներին ոչ մեկը չի կասկածում»,-ասաց պարոն Մամուլյանը:

Նրա ձեւակերպմամբ, բոլոր հարթակները պետք է օգտագործել հայկական մշակույթն ու խոհանոցը ներկայացնելու, աշխարհին ընկալելի դարձնելու համար. «Սա եւս պակաս կարեւորության հարթակ չէ, որպեսզի կարողանանք մեր խոհանոցը ներկայացնենք, հատկապես որ այն աշխարհի ամենահամեղ եւ ամենաբազմազան խոհանոցներից է: Սա նաեւ զբոսաշրջային իմաստով ավելի բարենպաստ իրավիճակ ունենալուն կնպաստի, վերջիվերջո խոհանոցը որպես զբոսաշրջային արդյունք, առաջնակարգ տեղերում է: Խոհանոցը կարող է զբոսաշրջիկին երկրորդ, երրորդ անգամ նույն երկիր բերել` համի հիշողությամբ»:

Մրցույթը կամփոփվի սեպտեմբերի 12-13-ին: Սեդրակ Մամուլյանը հույս ունի, որ Հայաստանը առանց մրցանակի չի մնա:

Մեր հարցին` ինչո՞ւ Հայաստանում լավագույն խոհարարներն ու ռեստորանները Միշլենի աստղի հավակնություններ չունեն, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «Դա հատուկ արարողակարգ է, որ իրականացվում է հասարակական շարժման միջոցով, բայց մենք այլ ճանապարհ ենք ուզում տեսնել: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը երկու տարի առաջ նախաձեռնել է ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգ, ծրագիր, որի իրականացման դեպքում նախանշել ենք մեզ համար հետաքրքիր որակավորման մի գործընթաց: Այն կիրականացնենք, եւ մեր խոհարարներն ու ռեստորաններն այդ որակավորման աստիճանակարգով հաստատ կանցնեն:

Ինչ խոսք, չեմ ուզում անտեսել նաեւ արդեն կայացած Միշլենի աստղի գաղափարը, դա էլ պետք է արվի, բայց ես հակված եմ, որ ունենանք մեր գնահատման ազգային համակարգը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930