ԵԽԽՎ 3 համազեկուցողներ կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերանայել «խուլիգանության» համար 4 տարվա և 3 ամսվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիկ Յագուբլուի գործը, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Յագուբլուն Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչներից է և «Մուսավաթ» կուսակցության դեմոկրատական ուժերի Ազգային խորհրդի անդամ:
«Մենք խորապես մտահոգված ենք պարոն Յագուբլուի փաստաբանի հնչեցրած այն մեղադրանքներով, որ դատավարությունն անարդար է եղել և հանրության համար փակ, իսկ պաշտպանող կողմի բոլոր միջնորդությունները մերժվել են»,- ասել են ԵԽՎՎ Ադրբեջանի հարցերով բրիտանացի համազեկուցող սըր Ռոջեր Գեյլը և ավստրիացի Շտեֆան Շենախը, որոնց միացել է Վեհաժողովի՝ քաղբանտարկյալների հարցերով համազեկուցող Սուննա Էվարսդոտիրը Իսլանդիայից:
Համազեկուցողները հատկապես տագնապ են հայտնել դատավճռի խստության և Յագուբլուի՝ հացադուլ հայտարարելու որոշման կապակցությամբ:
Կարդացեք նաև
Երեք համազեկուցողները նախկինում էլ էին իրենց մտահոգությունը հայտնել 2020թ. մարտի 22-ին Յագուբլուին կալանավորելու կապակցությամբ: Նրան մեղադրում են ավտովթարի պատճառ դառնալու և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Յագուբլուն իրեն սադրանքի զոհ է համարում՝ պնդելով, որ մյուս մեքենան է բախվել իր կայանած մեքենային, իսկ զույգը, որը մեղադրում է իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, առաջինն է հարձակվել իր վրա:
«Ցավոք, նախկինում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս դիմել են խուլիգանության համար շինծու գործեր սարքելու պրակտիկային՝ ընդդիմության բերանը փակելու նպատակով»,- ասված է համազեկուցողների հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ