Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայության ֆինանսական սահմանափակ կարողությունները ծախսվում են անպատասխանատու ձևերով

Սեպտեմբեր 04,2020 14:18

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցավ հզոր պայթյուն: Պայթել էր նավահանգստում պահվող 2700 տոննա պարունակող ամոնիակի նիտրատի պահեստը: Քաղաքի շատ թաղամասեր հիմնովին ավերվեցին, պայթյունի զոհ են դարձել մոտ 220 մարդ, վիրավորվել է ավելի քան 6 հազար մարդ:

Քաղաքում մեծ ավերածություններ տեղի ունեցան, վնասվեց Բեյրութում ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև քաղաքի հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Կիլիկիո կաթողիկոսությունը։ Վերջին տվյալներով զոհվել է 11 հայ:

Դեպքից անմիջապես հետո աշխարհի շատ երկրներ մարդասիրական օգնություն առաքեցին Լիբանան: ԻԻՀ Կարմի մահիկի կազմակերպության մարդասիրական մեծ բեռնվածք ևս ուղարկեց Լիբանան:

ՀՀ կառավարությունը նույնպես շտապեց ինքնաթիռով օգնություն ուղարկել Բեյրութ: Համաշխարհային կազմակերպությունները և մեծ պետությունները լիովին իրենց աջակցությունը հայտնեցին Լիբանանի կառավարության և ժողովրդին և դոլարային հսկայական օգնության խոստումներ կատարվեց տուժած ժողովրդին ու ավերված քաղաքը միջազգային ջանքերով վերականգնելու ուղղությամբ։

Լիբանանյան զարգացումների համատեքստում և այն պայմաններում, երբ Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման և պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական ծանր պայմաններում, Իրանի հայ համայնքը ֆինանսապես ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում, օգոստոսի 10-ին, Թեհրանի հայոց թեմական խորհրդի նախաձեռնությամբ, «Արարատ» մարզավանի Ս. Խաչ մատուռի շրջափակում, թեմի առաջնորդի և մի խումբ բարերարների մասնակցությամբ, կայացավ դրամահավաք լիբանանահայությանն օժանդակելու նպատակով:

Նախաձեռնությունն ինքնին հետաքրքիր և գնահատելի ակտ պետք է համարել և չեմ կարծում մարդասիրական առումով գտնվի մեկը, որ դեմ լինի դրան: Սակայն, հայ հասարակության ուշադրությունը պետք է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կորոնավիրուսային կարանտինի և առհասարակ դրանց բխող տնտեսական ծանր պայմաններում, որքա՞ն գումարային հանգանակություն կարելի է հավաքել մի երկրի օգնելու համար, որին պայթյունի հետևանքով հասցված վնասներն, ըստ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ կազմում է 15 միլիարդ դոլար:

Իրանահայ համայնքը միշտ էլ պատրաստ է եղել ճգնաժամային պայմաններում աջակցել երկրի մուսուլման եղբայր հայրենակիցներին և Մերձավոր Արևելքի երկրներում բնակվող հայ համայնքներին, մասնավորաբար լիբանանահայությանը և Սիրիահայությանը ու նույնպես Հայաստանին և միշտ էլ հպարտանում է այդ օգնություններով և կշարունակի այդ ընթացքը: Սակայն, օգնությունները, օրինաչափորեն պետք է լինեն փոխադարձաբար և ոչ թե միակողմանի:

Վերջին 40 տարվա ընթացքում Իրանը դիմագրավել է բազում արտաքին ու ներքին թշնամիների կողմից սպառնալիքներ, հաղթահարել է բնական աղետներ, հաղթել է պարտադրյալ ութամյա պատերազմում, դիմագրավել է բնական աղետներ, ներառյալ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, ավիավթար և վերջերս էլ կորոնավիրուսային համաճարակ և այլն, որից նաև տուժել են Իրանի հայ համայնքի զավակները: Սակայն, այս երկարուձիգ տարիների ընթացքում, գոնե այնքան, որ տեղյակ ենք, հայկական սփյուռքի այլ համայնքների կողմից ֆինանսական աջակցության չի կատարվել Իրանի հայ համայնքին, կամ եթե եղել է համայնքային միակ իշխող ավանդական կուսակցության և պահպանողական խմբավորման ինքնակոչ ղեկավարները թափանցիկորեն չեն տեղեկացրել հայ համայնքին:

Իսկ վերջին հանգանակության պարագային ակնհայտ է, որ երկրում տիրող ֆինանսական ծանր և կորոնավիրուսային համաճարակի աղետի պայմաններում, գոնե արդար լինենք և ընդունենք, որ հայ համայնքն այժմ ի զորու չէ զգալի և շոշափելի նյութական օգնություն հավաքել ու առաքել Բեյրութի ահավոր պայթյունից տուժածներին: Չնայած դրամահավաքն ունի խորհրդանշական իմաստ և էֆեկտ, սակայն հարց է առաջանում Լիբանանի հայությանն օգնելու զգալի և շոշափելի արտարժույթային հանգանակության գումարի բացը, ազգային որ սնդուկից պետք է լրացնել և ուղարկել Բեյրութ՝ Անթիլիասի կաթողիկոսարան:

Կարծում եմ, որ հարցի պատասխանը շատ հստակ է, և այն պետք է լրացվի համայնքի ազգային առաջնորդարանի սնդուկից: Կրկնեք, որ դեմ չենք նման ակտերին և օգնություններին, սակայն պետք է հստակությամբ և թափանցիկությամբ հայ համայնքին տեղեկացնել, որ տեղի ազգային առաջնորդարանը որոշել է, ազգային բյուջեից որոշակի արտարժույթային նյութական հատկացում կատարել մեր եղբայրներին և քույրերին ցանկացած վայրում: Այդ օգնությունները չպետք է սահմանափակվեն միայն Կիլիկիո Կաթողիկոսության համայնքներին պատկանող թեմերին և անհրաժեշտ է ցանկացած համայնքային նյութական կամ բարոյական աջակցություն հավասարապես բաշխվի երկու կաթողիկոսությունների և հարանվանությունների եկեղեցիներում և համայնքներում, իսկ ներկայիս պայմաններում հաշվի առնելով Իրանի հայ համայնքի մերձեցումը Հայաստանին անհրաժեշտ է ջանքեր գործադրել Հայաստանի կրոնական և կրթական կենտրոնների հետ համագործակցություններն ընդլայնել, համայնքի կրթական մակարդակը բարձրացնելու և Իրան-Հայաստան առևտրական կապերն առավել խորացնելու ուղղությամբ։ Քանի որ համայնք- Հայաստան հարաբերություների ընդլայնումը կարող է օգնել փոխշահավետ գործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում և համայնքային սահմանափակ ֆինանսական և մարդկային ռեսուրսները մոբիլիզացնել Հայաստանի պետականության և տնտեսության ամրապնդման հեռահար ու մնայուն նպատակների իրականցմանը, քան հայկական Սփյուռքի անհեռանկար ու անհուսալի համայնքների պահպանմանը։ Կամ գոնէ համայնքային ֆինանսական օգնությունները և հանգանակությունները կենտրոնացնել Մերձավոր Արևելքի ճգնաժամային գոտիներից հայ հասարակությանը Հայաստանում վերաբնակեցնելու աշխատանքի վրա։

Համենայնդեպս, գուցե լիովին սխալվում ենք և մեզ մեղադրող դեղնակտուց հավերը իրենց կախարդական ֆերմայում ոսկե ձու են ածել ու այն բաժանում են իսկական «կարիքավորներ»-ի մեջ: Հուսով ենք այդպես չլինի:

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրան-Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930