Լրահոս
Օրվա լրահոսը

«Хотим в Россию». ԱԺ-ի մոտ ցուցարարները պահանջում են իրենց տանել Ռուսաստան. Էդմոն Մարուքյանը ցուցարարներին վստահեցնում է, որ եթե իշխանությունը բանակցեր՝ հարցը կլուծեր

Սեպտեմբեր 04,2020 13:51

«Хотим в Россию». Այսպիսի ցուցապաստառներով այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց էին անում Ռուսաստան մեկնել ցանկացողները: Նրանք իշխանություններից պահանջում են բանակցություններ վարել Ռուսաստանի կառավարության հետ ու հստակ պատասխան տալ՝ սահմանները երբ են բացվելու:

Ցուցարարներից Բենիկ Մանգասարյանը եկել է Վայոց ձորի մարզից: Նա ասաց, որ Ռուսաստանում կիսատ գործեր ունի ու հիմա իրենք պահանջում են նախ վարչապետի հետ հանդիպում. «Արտգործնախարարին հարց ենք տալիս՝ ի՞նչ պրոցեսում են բանակցությունները, ռեալ պատասխան չենք ստանում, մենակ ասում են՝ առավոտից երեկո բանակցում ենք: Բայց ի՞նչ փուլերով են բանակցում: Թող մեզ կոնկրետ բան ասեն, ասեն՝ ժողովուրդ, բանակցել ենք, ասել են՝ դեռ մի քանի ամիս էլ շարունակվելու է, կարանտինային վիճակ է լինելու, մենք էլ հասկանանք ինչ է լինելու: Մարդիկ դպրոցական երեխա ունեն, չգիտեն՝ այստե՞ղ տան դպրոց, թե՞ գնան այնտեղ, սպասողական վիճակ է: Հասկանանք՝ բացվելո՞ւ է, թողնենք գնանք, չի՞ բացվելու՝ հասկանանք հետագա անելիքները»:

Ցուցարարների հետ հանդիպեցին «Լուսավոր Հայաստանի» խմբակցության պատգամավորները: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, որ բանակցություններ առհասարակ վարվում են այդ թեմայով. «ՌԴ-ում հրամանագրված աշխատողներ կան, որ չեն կարողանում գնալ: Լիագումար նիստը լինելու է ամսի 14-ին, որտեղ հնարավոր է վարչապետին հարց տալ: Ամեն դեպքում մենք խնդիրները բարձրաձայնում ենք»:

Ցուցարարները հորդորում էին Մարուքյանին, որ միջնորդի, վարչապետի հետ իրենք հանդիպեն: Մարուքյանն էլ պատասխանեց. «Դուք կառավարության առջեւ եք ամեն օր, որ ուզենար ընդուներ՝ կընդուներ, էլի»:

Aravot.am-ի հարցին՝ արդարացի՞ է մարդկանց պահանջը ու ի՞նչ լուծում եք տեսնում՝ Մարուքյանը պատասխանեց. «Արդարացի է: Ընտանիքներ են կիսված, մարդիկ իրենց երեխեքին 6 ամիս չեն տեսել, մեկը՝ իր ամուսնուն, մեկը՝ իր հորն ու մորը, հազար ու մի խնդիր է առաջացել: Մեկը արտագնա չհրամանագրված աշխատող է: Հարյուրավոր մեքենաներով մարդիկ՝ ՀՀ պետհամարանիշներով, ՀՀ քաղաքացիներ կան, որ ոչ կարողանում են այնտեղ քշել, ուզում են գան՝ չեն կարողանում գալ: Աշխատանք չունեն, բան չունեն՝ նրանք էլ այնտեղ են սովի մատնված: Երկկողմանի պրոբլեմ է, որով պետք է լինի զբաղվող իշխանություն, զբաղվի ու այս խնդիրները լուծի»:

Հարցին՝ ո՞րն է իշխանությունների բացթողումը, ՌԴ-ի հետ բանակցություններ պետք է վարեր ու չի՞ անում՝ Մարուքյանը պատասխանեց. «Եթե բանակցություններ վարեր՝ կլիներ, էլի: Բոլորը գիտեն, որ վերջին երեք ամիսը այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եղել, ամենօրյա ռեժիմով բարձրաձայնել ենք: Եթե մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին եւ ասի՝ ՀՀ պետհամարանիշներով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա կուղեկցի սահմանից մինչեւ ՀՀ սահման, թողեք գան՝ կասեն՝ հարց չկա: Բայց զանգե՞լ են՝ չե՛ն զանգել: Ես զանգեցի, իրենք ասեցին՝ հանձնարարել ենք, դեսպանատունը դիմել է այնտեղ, իրենք էլ ասել են՝ մեր օրենքի հետ դա հակասում է: Այնքան բան է այնքան բանի հակասում, բայց որ բանակցում են…Հիմա մենք ունենք ջերմ եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ, ինչո՞ւ դա չի արվում: Հաջորդն ասեմ՝ ՌԴ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, բայց կարողացավ այնպես անել, որ իր քաղաքացիներին ավտոբուսներով տարավ Բագրատաշենից դեպի Լարս: Բանակցելու վրա է»:

Մարուքյանը խոստացավ հարցին հետեւողական լինել ու հեռացավ:

https://www.facebook.com/aravot.am/videos/3134531146773118/UzpfSTEwMDAwMDYwNjAxNDc3MjozNzE5MTYyOTI4MTEzODcx/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930