Լրահոս
Օրվա լրահոսը

«Վա՜յ, «կարանտին» բառը կա. եթե «կարանտին»-ի փոխարեն «հրաշք» գրենք, ձեր կարծիքով, բան է փոխվելո՞ւ». Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Սեպտեմբեր 04,2020 13:26

«Սահմանների բացման հետ լրջագույն խնդիր ենք ունենալու: Քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրը Ռուսաստանն է, ազգային ժողովի դիմաց այսօր ցույց են անում: ՀՀ-ի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե չէ: Երեխաները պետք է դասի գնան, մարդիկ աշխատանքն են կորցնում»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից այլեւս չի երկարաձգվելու, փոխարենը՝ առողջապահության նախարարության, մարզպետի, կառավարության եւ համայնքի ղեկավարի առաջարկով կարող է սահմանվել կարանտինի ռեժիմ՝ տեղաշարժի, ՀՀ ելքի/մուտքի արգելքի, հավաքների, միջոցառումների անցկացման սահմանափակումներով, մեկուսացման/ինքնամեկուսացման ցուցումներով:

Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու փաթեթին. «Այն ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քանի որ մարդու իրավունքների սահմանափակումներ է պարունակում: Մեր նախկին գործընկերը մի լավ նախադասություն էր ասում՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ, որի հետ բոլորս համաձայն ենք, բայց ձեր բերած փաթեթով՝ տուգանքի 11 նոր ձեւ է ավելանում՝ 20, 30, 40 հազար դրամ: Այս օրինագծով ավելի եք բարդացնելու քաղաքացու վիճակը»:

Օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ փաթեթը հակասահմանադրական դրույթ չունի. «Նոր տուգանքների ավելացում չի նախատեսվում: Նորերի մասին չէ խոսքը: Քանի որ դուրս ենք գալիս արտակարգ դրության ռեժիմից, անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքներ, որպեսզի համավարակի դեմ պայքաը հնարավոր լինի շարունակել: Վերանալու է նաեւ պարետի ինստիտուտը: Կառավարությունը կարանտին սահմանելու որոշմամբ կնշի, թե սահմանափակումներն ինչ ռեժիմով են լինելու: Նախնական տրամաբանությամբ՝ դրանք պահպանվելու են, այդ թվում՝ դիմակի առնչությամբ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ համոզմունք հայտնեց, որ օրենսդրական փաթեթի ուղերձը շատ վատն է, եւ եթե որոշ պետություններ մտադիր էին բացել սահմանները ՀՀ քաղաքացիների համար, կարանտին սահմանելուց հետո իրենց որոշումը կվերանայեն, ինչից կտուժի Հայաստանն ու ժողովուրդը. «Այս տեսքով փաթեթի ընդունմանը դեմ ենք»:

Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց Մարուքյանի կարծիքի հետ եւ ասաց, որ Եվրամիության գործընկերների հետ խոսել է, եւ «կարանտին» բառն արդեն իսկ լեգիտիմ մտավախություն է առաջացնում նրանց մոտ. «Ասում են՝ դե, տեսնենք, թե ինչ կարգավորումներ կլինեն ձեր մոտ, նոր կորոշենք»:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Մարուքյանի եւ Զոհրաբյանի մտավախությունը դժվարացավ տրամաբանական անվանել. «Ձեր կարծիքով, Եվրամիության երկրների ԱԳ նախարարություններում նստած մարդիկ բացում-կարդում են լուրերն ու մեկ էլ՝ «վա՜յ, կարանտին բառը կա, վերջ, Հայաստանից էլ մարդ չպետք է գա մեր մոտ»…այսինքն, ձեր պատկերացմամբ՝ նմա՞ն մակարդակով են որոշումներ կայացվում տարբեր երկրների պետական ապարատներում: Այդպես չի, սիրելիներս: Մուտքի արգելքի առաջին ցուցիչը հակահամաճարակային իրավիճակն է, վարակակիրների օրական թիվը: Եթե «կարանտին» բառի փոխարեն «հրաշք» գրենք, ձեր կարծիքով, բան է փոխվելո՞ւ»:

Հարցի առնչությամբ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց. «Կառավարությունը գնում է կանոնավոր ուղեւորափոխադրումները վերականգնելու ճանապարհով: Այլ երկրների կողմից մեր քաղաքացիներին չընդունելը պայմանավորված է միայն համաճարակային իրադրությամբ, որը բարելավվում է, եւ գործադիրն այդ ուղղությամբ բանակցում է այլ երկրների հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930