Լրահոս
Օրվա լրահոսը

Հղի է պետության համար անվտանգային լուրջ ռիսկերով. 100 լեգեոներների սինթեզը կառավարման համակարգում. Վլադիմիր Մարտիրոսյան

Սեպտեմբեր 04,2020 12:21

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն հայտարարեց, որ «Ի Գործ» ծրագրի շրջանակներում Կանադան, Դանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսրայելը, Նիդեռլանդներն ու այլ երկրներ ներկայացնող 24 բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետներ մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն Հայաստանի կառավարությունում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 100 սփյուռքահայերի ներգրավել աշխատանքի պետական կառավարման համակարգում:

Ավելորդ չէ նշել, որ ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի աշխատակազմն է հոգալու ծրագրի իրականացման ծախսերը (ըստ ամենայնի՝ հարկատուներիս միջոցների հաշվին), որոնք, մեկ մասնակցի հաշվով, կազմում են ավիատոմսի արժեքը երկու ուղղություններով և կեցություն ծախսը` ամսական 336.000 հազար դրամի չափով: Առաջին հայացքից հետաքրքիր ներկայացող այս նախագծի խորը վերլուծությունը ծնում է մի շարք հարցեր, որոնք, խմբավորելով, կարելի է բաժանել երկու հակադիր մասերի:

Ի՞նչ է սա. առաջիկա 100 քայլերից մեկը դառնալուն հավակնող հերթական PR ակցիա, թե՞ կառավարման համակարգի բարեփոխումներին ուղղված անկեղծ մղում:

Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո պետական կառավարման համակարգը ժամանակ առ ժամանակ թիրախավորվում է թավշյա հեղափոխականների կողմից: Այն նախ մեղադրվում էր հեղափոխությանը խոչընդոտելու, հետո հեղափոխական արժեքներին չդավանելու, այնուհետև սաբոտաժ իրականացնելու և մի շարք այլ «հանցանքների» համար: Անվիճելի է, որ իշխանությունների կողմից սեփական անճարակության պատճառով գործած սխալների համար մեղավոր հռչակվածների հիթ-շքերթում ՀՀ պետական կառավարման համակարգը զբաղեցնում է «պատվավոր» բարձր հորիզոնականներից մեկը:

Դրա հիմնական պատճառներից մեկն էլ, ըստ էության, այն է, որ պետական կառավարման համակարգում աշխատող բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետների ֆոնին առավել ցայտուն կերպով է ուրվագծվում փողոցից ուղիղ իշխանության բարձր օղակներ տեղափոխվածների դիլետանտությունն ու անպատրաստվածությունը: Երբ նախարարների պաշտոն զբաղեցնող մի շարք անձինք իրենց կառավարման ներքո գտնվող ոլորտների խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ տեղեկացվածությամբ ու իրազեկվածությամբ մի քանի անգամ զիջում են նույն նախարարության բազմաթիվ մասնագետներին, ապա սկսում են թիրախավորել պրոֆեսիոնալներին՝ փորձելով այդ կերպ ինքնահաստատվել և սեփական սխալների մեղքը բարդել նրանց վրա։ Նման գործելաոճը հատուկ է բոլոր միջակ ու դրանից ցածր կարողությունների տեր մարդկանց։

Իհարկե, բացարձակապես հակվածություն չունեմ մեր պետական կառավարման համակարգը համարելու կատարյալ, իսկ դրանում ներգրավված բոլոր պետական ծառայողներին՝ պրոֆեսիոնալ: Այն ունի իր թերություններն ու բացթողումները, զգալիորեն ուռճացված է, սակայն այդ ամենով հանդերձ, անցած տարիների ընթացքում հաջողվել է երկրում ձևավորել պետական կառավարման մի այնպիսի համակարգ, որն ապացուցել է իր կենսունակությունը տարբեր իրավիճակներում: Կառավարման համակարգում աշխատող բազմաթիվ նվիրյալ պրոֆեսիոնալներ առ այսօր ապահովում են այդ համակարգի բնականոն գործունեությունը:

Եվ նման պայմաններում դրսից մասնագետների ներգրավումը ոչ միայն վիրավորական ժեստ է համակարգի պրոֆեսիանելների համար, այլև խնդրահարույց է և հղի որոշակի վտանգներով:

Այն, որ Սփյուռքի ներուժի առավելագույնս օգտագործումը բխում է թե մեր երկրի, և թե նույն Սփյուռքի շահերից, կարծում եմ, անվիճարկելի է: Բայց արդյոք պետական կառավարո՞ւմն է այն ոլորտը, որտեղ պետք է լուծվի այդ խնդիրը: Բացարձակապես հակված չեմ կասկածի տակ դնել Հայաստանի կառավարման համակարգում աշխատանքային գործունեություն սկսելու հավակնություն ունեցող մեր սփյուռքահայ բարեկամների մասնագիտական պատրաստվածությունն ու կրթական ցենզը: Ավելին, դրա հնարավորությունը չունեմ նաև նրանց մասնագիտական կարողությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ մասին տեղեկատվության բացակայության պատճառով:

Սակայն իշխանությունների կողմից իրականացվող կադրային քաղաքականության հիմքում դրված սկզբունքները հայտնի են ու վաղուց են ցույց տվել իրենց սնանկությունը։ Դրա վկայությունն են Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների, կառավարության շատ անդամների և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյանների գաղափարական սնանկությունն ու ընդգծված դիլետանտիզմը։

Ավելին, դրսից հրավիրելու մեկ փորձի արդյունքում մենք այսօր ունենք կործանման եզրին կանգնած քաղավիացիա, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն իր անձնական երջանկությունն է վայելում օտար (իսկ իր համար՝ հարազատ) երկրում։ Մյուս դեպքում ունենք Հայաստանն արաբների ու այլ ազգերի հայրենիք դարձնող և հայերի ու ճապոնացիների միջև թշնամանք հրահրող պաշտոնյա, ով ավելի շատ հայտնի է կրոնական և սեռական տարբեր ու կասկածելի համայնքների ու խմբակների հետ ունեցած կապերով: Նման նախադեպերից հետո շարքային հպարտ քաղաքացին ինչու՞ պետք է հավատա այս մի ձեռնարկի հաջողությանը։ Սա ավելի շատ հիշեցնում է ֆուտբոլային ցածրակարգ թիմը լեգեոներներով (որպես կանոն՝ անորակ) համալրելու միջոցով հաջողության հասնելու պրոյեկտ: Եվ եթե ֆուտբոլում դա երբեմն ստացվում է, ապա պետական կառավարման համակարգում՝ դժվար թե։ Միգուցե նախաձեռնության հեղինակների ցանկությունները բարի են (ինչին, ի դեպ, անձամբ կասկածում եմ), սակայն չի կարելի հաշվի չառնել մի շարք իրողություններ:

Նախ, սփյուռքահայ մասնագետների գերակշիռ մասն, ամենայն հավանականությամբ, լինելու են արևմտյան պետությունների քաղաքացիներ՝ գտնվելով այդ երկրների ազդեցության ներքո։ Հաշվի առնելով պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները, նրանք որոշակի չափով հասանելիություն են ունենալու պետական, ծառայողական, իսկ միգուցե նաև ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններին: Կա՞ արդյոք երաշխիք, որ իրենց աշխատանքային գործունեությունն ավարտելուց հետո այդ անձանցից որոշների կողմից տիրապետվող տեղեկատվությունը չի հայտնվելու իրենց երկրների հատուկ ծառայությունների տնօրինության ներքո։ Արդյոք այս ամենի արդյունքում չի՞ ավելանալու արեւմուտքի ազդեցությունը Հայաստանի կառավարման համակարգի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Արդյոք այդ անձանցով Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել և տվե՞լ է իր համաձայնությունը․․․

Գոյություն ունի նաև խնդրի բարոյական ու իրավական կողմը:

Արդյոք մեր կառավարման համակարգում կամ կրթական հաստատություններում ու ակադեմիական շրջանակներում չկա՞ն այն մասնագետները, ովքեր ի վիճակի են լուծելու այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալվում է ապահովել սփյուռքահայ մասնագետների միջոցով: Ի վերջո, պետությունն ամեն տարի պետական պատվերի շրջանակներում բավականաչափ գումարներ է ծախսում տարբեր մասնագետներ պատրաստելու համար։ Ո՞րն է դրա իմաստը, եթե նույն պետությունն այդ անձանց փոխարեն ուրիշներին է տեսնում կառավարման համակարգում։

Ինչ վերաբերում է իրավական կողմին, ապա «Հանրային ծառայության մասին» օրենքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հետևաբար հարց է առաջանում, ի՞նչ կարգավիճակով են նշված անձինք ներգրավվելու պետական կառավարման համակարգի աշխատանքներին:

P.S. Ցավոք սրտի, այս քայլը ավելի շատ թողնում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից սեփական անիմաստ գոյությունը արդարացնելու անհաջող փորձի տպավորություն ինչը՝ հղի է պետության համար անվտանգային լուրջ ռիսկերով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930