Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ կառավարության առաջարկած օրակարգով: Առաջին ընթերցմամբ (այնուհետեւ նաեւ երկրորդ) քննարկվում է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը սահմանում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրությունը չերկարաձգելու պայմաններում անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ:
Ինչպես հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 11-ին ՀՀ-ում մարտից գործող արտակարգ դրության ռեժիմն այլեւս չի երկարաձգվելու, փոխարենը, ԱԺ-ի կողմից ընդունման դեպքում, գործելու են հետեւյալ սահմանափակումները:
-Վարակիչ հիվանդությունների` ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին՝ առողջապահության նախարարության, մարզպետի, համայնքի ղեկավարի, կառավարության առաջարկով:
Մարզպետի եւ համայնքի ղեկավարի առաջարկով սահմանված կարանտինի դեպքում իրականացվում են հետեւյալ միջոցառումները.
Կարդացեք նաև
-Համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում,
-Պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում,
-Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ,
-Ինքնամեկուսացում,
-Մեկուսացում:
«Ի լրումն այս միջոցառումների՝ կառավարության կողմից կարանտին սահմանվելու դեպքում կարող են կիրառվել լրացուցիչ՝ հատուկ միջոցառումներ: Ընդգծեմ, որ կառավարության կողմից կարանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է արտակարգ իրավիճակի հիմք»,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը, ապա թվարկեց կառավարության կողմից կարանտին սահմանելու դեպքում նախատեսվելիք միջոցառումները.
-Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու, դրանք սահմանափակելու միջոցառումներ,
-Ապրանքների փոխադրման սահմանափակումներ,
-Կրթական հաստատություններում, պետական, ՏԻՄ մարմիններում գործունեության սահմանափակումներ:
Ռաֆիկ Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ այս սահմանափակումներին զուգահեռ՝ օրենսդրական փաթեթում ամրագրվել են սահմանադրությունից բխող բոլոր երաշխիքները. «Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվում է հատուկ ընթացակարգ, եւ անձինք կկարողանան վարչական դատարանում տասնօրյա ժամկետում վիճարկել կարանտինի շրջանակում իրենց նկատմամբ կիրառված միջոցառումները՝ մեկուսացում/ինքնամեկուսացում: Խոսքը վարչական պատասխանատվության ենթարկվելու միջոցների մասին չէ»: Ըստ փոխնախարարի՝ այս փաթեթը պահպանել է արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ կիրառված սահմանափակումների մի մասը. «Անձանց տեղորոշման համակարգն այլեւս չի կիրառվելու, տվյալները ոչնչացվելու են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ