Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան նախարարություններն ընդունել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության վերաբերյալ անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։
Ստուգվել է 2008թ.-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը: Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը։ Դրանից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։
Այսպիսով ազդարարվեց, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հետ կապված տարաձայնությունները:
Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հետ կապված տարաձայնությունները կարգավորել են, սակայն քրեական գործերը չեն կարճվել։ Քննչական կոմիտեից «Ժամանակ»-ին փոխանցեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը տարակուսած է, որ երկաթուղու հետ կապված քրեական գործերից, կոռուպցիոն սկանդալներից, աղմուկից հետո միայն մի կարճ հաղորդագրությամբ ենք տեղեկանում, որ կարգավորել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հետ կապված տարաձայնությունները, և կողմերը այլևս առարկություններ չունեն միմյանց նկատմամբ։ Մեհրաբյանի խոսքով՝ տարածված հաղորդագրությունից մեզ մոտ ավելի շատ հարցեր են առաջանում, քան ստանում ենք պատասխաններ:
«Սահմանափակ ծավալով այդ տեղեկատվությունը մեզ ոչինչ չի ասում, թե ինչ պայմաններով են կողմերը հրաժարվել իրենց մինչ այդ եղած պահանջներից, դժգոհություններից։ Այդ հաղորդագրությամբ կողմերն արձանագրում են, որ պրետենզիաներ չունեն, և ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց հայկական և ռուսական կողմերը պետք է նաև համատեղ տեղեկացնեն Հայաստանի հասարակությանը, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ինչ պայմաններով են կողմերը հանգել համաձայնության և ինչ ունեն մեզ ասելու հետագա պլանների հետ կապված»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Մի բան, սակայն, կարող ենք արձանագրել, որ այսօր երկաթուղին գտնվում է քարանձավային վիճակում, երկաթուղու կողմից վերաբերմունքը իրենց ծառայություններից օգտվողների նկատմամբ նույնպես վայրենի-քարանձավային է։ Հետևապես մեզ պետք է բացատրեն, թե ինչ է փոխվելու հետայսու»։
Մյուս կողմից՝ քաղաքագետը դրական է գնահատում փաստը, որ հայկական ու ռուսական կողմերը հանգել են համաձայնության։ Խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այդ համաձայնությունը: «Խնդիրն այն է, թե դա արդյոք եղել է ազնիվ, փոխադարձ շահերը հաշվի առնո՞ղ գործարք, թե՞ ինչ-որ բան է տեղի ունեցել հայ սպառողների շահերի կամ ՀՀ-ի պետական շահերի հաշվին։ Քանի դեռ այս հարցերին պատասխաններ չեն տրվել, բոլոր վարկածները գոյություն ունենալու իրավունք ունեն։ Իհարկե, ես չեմ ցանկանում, որ իմ այս դիտարկումները ընկալվեն որպես կասկած Հայաստանի իշխանությունների պարկեշտության վերաբերյալ, բայց համարել, որ մի քանի տողանոց տեղեկատվությունը բավարար է մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու և այլ ենթադրություններ չանելու համար, այդպես չէ։ Եվ եկեք չմոռանանք, որ այս հաղորդագրությունը հաջորդում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի յուրացումների մասին քրեական գործերին։ Երկաթուղին իր պարտականությունները ոչ միայն չի կատարում, այլև ՀՀ-ին ու հայ ժողովրդին հիմարի տեղ է դնում։ Այս ֆոնին մեկ էլ այսպիսի համաձայնությունը շատ տարօրինակ է և թույլ է տալիս ենթադրություններ անել, որ համաձայնության տակ որոշակի քաղաքական բաղադրիչ կա»,- ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ առաջիկայում տրվելիք լրացուցիչ բացատրությունները, լրացուցիչ տեղեկատվությունը թերևս կփարատի բոլոր կասկածները։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: