Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Սողոմոնյան. «Քաղաքական գործունեությունը բազմազան է եւ չի ենթադրում, որ բոլոր հնարավոր ձեւերն ու միջոցներն օգտագործում են միաժամանակ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2020 11:16

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտն աշնանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ հանրահավաքներ անցկացնել։

Արդեն պաշտոնապես հանրահավաքի մասին հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, թեպետ դեռ օրն ու ժամը հստակեցված չեն։ Հնարավոր է՝ Ծառուկյանի հանրահավաքին մասնակցեն նաեւ ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» եռյակի մասը կազմող մյուս երկու կուսակցությունները եւս, թեեւ այս պահին դեռ խոսվում է միայն ԲՀԿ-ի կողմից միանձնյա հանրահավաք կազմակերպելու մասին։

Իր քաղաքական ակտիվության մասին պարբերաբար հայտարարում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքից ազատվելուց հետո ակտիվ հարցազրույցներ է տալիս ու ուղենիշներ սահմանում Փաշինյանի կառավարության համար, թե որտեղ են թերանում գործող իշխանությունները, ինչն են սխալ անում, եւ ինչպես պետք է անել, որ ճիշտ լինի։ Տպավորություն է, թե Քոչարյանն ավելի շատ խորհրդատուի, քան ընդդիմադիրի ու քննադատի դեր է ստանձնել Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ։ Ուշագրավ է, որ նա ուղղակի կամ անուղղակի կերպով քննադատում է նաեւ իրեն հաջորդած ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, ում հետ հարաբերությունները շարունակում են մնալ դիվանագիտական «ջերմության» մակարդակին, սակայն ում հենց ինքն է իշխանությունը փոխանցել։ Նախօրեին, օրինակ, Քոչարյանը մի ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական հայտնի RBK հեռուստաալիքին, որտեղ խոսել էր իր ծրագրերի, 2018-ի հեղափոխության, անգամ տավուշյան դեպքերի մասին։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, հատկապես՝ աշնանային զարգացումների հետ կապված։

Պարո՛ն Սողոմոնյան, Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանրահավաք է հրավիրել, այլ ուժեր նույնպես ցանկանում են միտինգներ կազմակերպել։ Ռոբերտ Քոչարյանը, նրա թիմն այս հանրահավաքներին մասնակցելո՞ւ են, կամ կարո՞ղ է անձամբ Քոչարյանը քաղաքական պրոցեսներ սկսի։

– Գիտե՞ք, առաջիկայում առնվազն տեսանելի մի քանի շաբաթներով ինչ-որ հանրահավաքների կամ մեծ հավաքների մասնակցելու հետ կապված պլաններ չկան։ Այլ տարբեր գործողություններ, հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ նախատեսված են, Ձեր թույլտվությամբ չբացահայտեմ նախօրոք դրանց ամբողջ ժամանակացույցը եւ բնույթը։ Իհարկե, ինչ-որ բաներ կան նախատեսված, բայց հանրահավաքներ՝ չէ։

Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, ավելի ճիշտ՝ իրեն ստիպեցին վերադառնալ։ Այդ վերադարձը քաղաքականություն ինչպե՞ս է դրսեւորվում՝ միայն հարցազրույցնե՞ր տալով, գնահատականներ հնչեցնելով եւ կառավարությանն ուղինե՞ր ցույց տալով։

– Գիտե՞ք, քաղաքական գործունեությունը բազմազան է եւ չի ենթադրում, որ բոլոր հնարավոր ձեւերն ու միջոցներն օգտագործում են միաժամանակ։ Դուք, կարծում եմ, դեռ տարբեր ձեւեր կտեսնեք՝ քաղաքականության մեջ խոսք ասելու, մասնակցելու։

Իսկ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում հանդիպում ունեցե՞լ է այդ ուժերի կամ դրանց լիդերների հետ, այն պահից, ինչ դուրս է եկել կալանավայրից։

– Դուք տեսել եք՝ մի քանի անգամ փորձել են հայտարարել, որ հանդիպումներ են եղել, հետո այդ հանդիպումները հերքվել են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930