Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ զրույցում անդրադարձել ենք քաղաքական դաշտի ակտիվացման հնարավորությանն ու նախադրյալներին, խոսել նաև իշխանությանը և ընդդիմությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Սկսելով քաղաքական դաշտից ու ակտիվ փուլի հնարավորությունից՝ մեր զրուցակիցը նախ շեշտեց. «Եթե մենք քիչ թե շատ քաղաքականապես հասուն ժողովուրդ ունենայինք, վերջին մեկ տարվա ընթացքում իշխանափոխություն եղած կլիներ:
Ինչո՞ւ, որովհետև այս իշխանությունները փորձում են արժեքային համակարգերի հետ կապված որոշակի քայլեր իրականացնել: Եվ այս պարագայում քիչ թե շատ կազմակերպված ժողովուրդը ոտքի կկանգներ ու կհեռացներ նրանց: Այնպես որ, քաղաքական դաշտի ակտիվացման նախադրյալները կան, պարզապես մնում է հասուն քաղաքական գործիչներ լինեն ու կարողանան դրանք ռեալ արդյունքի վերածել: Բայց մենք քաղաքական դաշտում ևս խնդիր ունենք»
Ա. Պեպանյանը շեշտեց՝ այս առումով դեռ կյանքը ցույց կտա, թե ինչպիսին են ընդդիմադիրների հնարավորությունները: Միևնույն ժամանակ նկատեց. «Եթե մի խարիզմատիկ առաջնորդ ի հայտ գա, այդ դեպքում իշխանությունների գործերը շատ վատ կլինեն: Իրականության մեջ ռեալ, մեծ համաժողովրդական հուզումներ առաջացնելու պոտենցիալ կա, քանի որ իշխանությունները կորցրել են իրենց հեղինակության մեծ մասը, որն ունեին ժամանակին:
Այս առումով իրենք լուրջ խնդիրներ ունեն, ու ցավն այն է, որ դաս չեն քաղում՝ շարունակում են այն ծրագիրը, որով եկել են իշխանության: Եթե ուսումնասիրենք Արևմուտքի վերջին 90 տարվա պատմությունը, կտեսնենք դեռ այդ ժամանակ առաջացած այն հոսանքը, որտեղ կար քրիստոնյա ավանդապահ քաղաքացուն ձևափոխելու և ազգի, ընտանիքի, հայրենիքի հանդեպ զգացողություններ չունեցող ինչ-որ մարդ դարձնելու նպատակը:
Կարդացեք նաև
Հիմա այդ հոսանքը ներթափանցել է Հայաստան:
Հայաստանում ոչ մի ժողովրդավարություն չկա, մեծ հաշվով, ժողովուրդն էլ պատրաստ չէ ժողովրդավարության: Ավելին ՝ հայ ժողովրդին չի կարելի տանել ընտրությունների, որովհետև քաղաքական մտքի այսօրվա մակարդակով ժողովուրդն ի վիճակի չէ իշխանության բերել այն ուժերին, որոնք իսկապես Հայաստանը կհզորացնեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: