ՀՅԴ բյուրոն կուսակցության 130-ամյակի կապակցությամբ «համաներում» է հայտարարել բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից: Խոսքը վերաբերում է միայն նրանց, որոնք ՀՅԴ-ից հեռանալուց հետո չեն գործել կուսակցության դեմ, չեն արտաքսվել կուսակցությունից, ինչն ամենախիստ պատիժն է ՀՅԴ-ում։
Գրող, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը ժամանակին նույնպես հեռացվել է ՀՅԴ-ից, սակայն 10 տարի անց կրկին վերականգնվել է։ «Հրապարակի» հետ զրույցում Շառոյանն ասաց, որ կանոնադրային պատճառներով հեռացված դաշնակցականները շատ են, եւ եթե նրանք կուսակցության գաղափարախոսությունից չեն հեռացել եւ դրան հակառակ չեն գործել, ապա պետք է նրանց շանս տալ՝ կրկին վերադառնալ կուսակցություն։
«Եթե արտաքսված չէ հակադաշնակցական գործունեության համար, ապա խնդիր չկա, կանոնագրային հեռացումներ Դաշնակցության մեջ շատ են լինում, օրինակ՝ հնարավոր է, որ ինչ-ինչ պատճառներով 5 ժողովի չմասնակցի՝ առանց ասելու կամ թույլտվություն խնդրելու։ Դրա համար կուսակցությունից հեռացվում է, բայց գաղափարներից չի հեռացվում։ Հազար ու մի խնդիր կարող է լինել, մանավանդ՝ Դաշնակցության դեպքում մի քիչ ուրիշ է․ դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար, որովհետեւ շատ բաներ են պահանջվում, բարոյական, ազգային, հասարակական-քաղաքական կեցվածք պետք է ունենաս, անձնազոհություն պետք է ունենաս եւ գրեթե 100 տոկոսով պետք է ապրես անանձնական կյանքով»,- ասաց Շառոյանը։
Նախկին դաշնակցականներից մեկը՝ Աբո Պողիկյանը, խոսելով ՀՅԴ համաներման մասին, ասել է, որ իր համար «համաներում» բառը վիրավորական է, եւ իրեն հեռացրել են՝ ոտնակոխելով ՀՅԴ կանոնագիրը։ Շառոյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում Պողիկյանի այս մեկնաբանության վերաբերյալ եւ ի՞նչ կանխատեսում ունի՝ ՀՅԴ վերադառնալ ցանկացողները շա՞տ կլինեն։
Կարդացեք նաև
«Դա Աբո Պողիկյանի խնդիրն է, դա իր որոշելիքն է, ես այդ թեմայով չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ չգիտեմ, թե նա ինչ հանգամանքներում է հեռացել։ Պետք է հստակ հասկանանք, որ կազմակերպական ապակենտրոնացումն ու գաղափարական ապակենտրոնացումը լրիվ տարբեր բաներ են։ Այստեղ խոսվում է կազմակերպական գործընթացների հետեւանքով դուրս մնացած մեր ընկերների մասին կամ նրանց, ովքեր ուղղակի ինքնամեկուսացել են։ Իմ կարծիքով՝ Դաշնակցությունը շատ ճիշտ է արել, արձագանքել է»,- ասաց Շառոյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: