Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային լուծման եւ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ.
– Պարոն Մինասյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ տասնամյակներում ԼՂ հարցի լուծման հնարավորությունը չեն տեսնում: Նա նաեւ կոչ արեց պատրաստվել պատերազմի՝ ասելով, որ բանակցություններ չեն լինելու: Ըստ ձեզ ի՞նչ է փոխվել, ո՞րն է Արցախի նախագահի նման հոռետեսական կարծիքի պատճառը:
– Կարծում եմ տվյալ հայտարարությունը բխում է այսօր առկա իրողություններից: Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ամեն պահ կա էսկալացիայի հավանականություն, չկան ռիսկերի նվազեցման բավարար մեխանիզմներ, Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը… Հետեւաբար այս գործոնները նվազեցնում են բանակցային գործընթացում գոնե մոտ ապագայում ճեղքում ապահովելու ակնկալիքները: Բանակցային գործընթացի պահպանումը եւ շարունակությունը, իհարկե, բավական կարեւոր է, բայց ԱՀ նախագահը խոսել է իրողությունների մասին:
– Այն, որ Հայաստանում աշխարհազորայինների հավաք է նախատեսվում, շուտով պահեստազորայինները վարժանքներ կիրականացնեն, սա խոսում է պատերազմի հավանականության մեծացմա՞ն մասին, թե ուղղակի փոխվել է քաղաքականությունը:
Կարդացեք նաև
– Եթե խնդիրը դիտարկենք ընդհանուր դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեծացել են տարածաշրջանային անվտանգային սպառնալիքները եւ մենք այսօր ականատես ենք լինում նոր մարտահրավերների, տեսնում ենք, որ նախկինում գոյություն ունեցող մարտահրավերները ավելի են ահագնացել, եւ հետեւաբար ստեղծված իրավիճակում հայկական կողմը չի կարող որեւէ քայլ չձեռնարկել: Եթե հիշում եք, այդ նոր քաղաքականության ձեւակերպումը դեռեւս 2018-ին տվեց Պաշտպանության նախարարը. խոսքը նոր հարձակում, նոր տարածքներ բանաձեւի մասին է: Այնուհետեւ հուլիսյան մարտերի ժամանակ մենք տեսանք, որ այդ հայտարարությունը սկսեց նաեւ կյանքի կոչվել:
Միեւնույն ժամանակ այսօր պաշտպանական համակարգում տեղի են ունենում բավական խորքային փոփոխություններ՝ սկսած դիրքերի տեխնիկական կահավորումից մինչեւ սննդային ապահովումը, բավական լուրջ սպառազինության ձեռքբերման գործընթաց է ընթանում, Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել աշխարհազորի ստեղծման նախաձեռնությամբ: Կարծում եմ բոլոր թվարկված կետերը ըստ էության հայկական կողմի քայլերն են նոր անվտանգային սպառնալիքներին պատասխանելու, նոր հնարավոր մարտահրավերները կանխարգելելու ուղղությամբ: Այս քայլերը պետք է լինեն շարունակական, որովհետեւ ինչպես նշեցի՝ մարտահրավերներն են փոխվում: Բացի այդ, այսօր մեր հակառակորդները բավական անկանխատեսելի են, ինչը պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: