Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր՝ «մենք»

Սեպտեմբեր 04,2020 10:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК լրատվամիջոցին: Քանի որ նախկին նախագահը վերջերս հաճախ է հրապարակային ելույթներ ունենում, դրանք այլեւս բուռն քննարկման առարկա չեն դառնում. Քոչարյանն այլեւս որպես նախկին նախագահ չի ընկալվում, նա ընդդիմադիր գործիչներից մեկն է: Եվ եթե նրան մոտենում ես այդ չափանիշներով, ապա կարելի է սառնասրտորեն քննարկել նրա ասածները:

Երբ, օրինակ, նախկին նախագահը, կրկնում է հակասորոսական հեքիաթը, պարզ է, թե ինչու է նա անդրադառնում այդ հարցին հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Մերձկրեմլյան շրջանակներին այդ հեքիաթը հոգեհարազատ է, իսկ Քոչարյանը ցանկանում է ներդաշնակ լինել այնտեղից եկող ազդակների հետ: Իրականում մեր ինքնությանը, մեր հավատին եւ ընտանիքին ոչինչ չի սպառնում. մի քանի հ/կ-ներ եւ անգամ մի քանի կառավարություններ, եթե անգամ մեծ ցանկություն ունենան, չեն կարողանա վտանգի ենթարկել այն, ինչ ստեղծվել է հազարամյակներով: Այնպես որ՝ այդ բոլոր մտահոգությունները, ինչպես ասում են, կեղծ օրակարգ է:

Իրական օրակարգ է, իհարկե, ազդեցիկ ընդդիմության ձեւավորումն այն պայմաններում, երբ մարդիկ, ինչպես արդարացիորեն նշում է Քոչարյանը, «2018-ի էյֆորիայից դուրս են եկել»: Այս առումով հետաքրքիր է նրա հետեւյալ դիտարկումը. «Փորձագիտական համայնքի առումով, մտավորականության առումով, ովքեր ունակ են վերլուծել իրավիճակները, խոսել, որոշ հարցազրույցներ տալ, համեմատություններ կատարել, վերլուծություններ կազմել, այսինքն ՝ ստեղծել իմաստալից, հետաքրքիր բովանդակություն, մենք, անկասկած գերակշռում ենք»: Բնական հարց է առաջանում՝ ովքե՞ր՝ «մենք»:

Եթե Քոչարյանը նկատի ունի, որ այսօր վերլուծելու, տեսակետ հայտնելու, հարցազրույցներ տալու հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են, քան իր ղեկավարման տարիներին, երբ հեռուստատեսությամբ հնչող ամեն մի բառ վերահսկվում էր նախագահականից, ապա, նա, անշուշտ, իրավացի է: Բայց եթե նախկին նախագահը կարծում է, որ վերլուծաբանների, փորձագետների եւ մտավորականների մեծ մասն իր կողմնակիցներն են, ապա նա լուրջ մոլորության մեջ է: Ընդդիմադիր կամ քննադատական դիրքորոշումը ունենալն ամենեւին չի նշանակում, որ երկրորդ նախագահը հենց այն բեւեռն է, որի շուրջ համախմբվում են այդ դիրքորոշումն ունեցողները: Ավելին՝ ինձ թվում է, որ եթե այդ քննադատներն ու ընդդիմադիրները կանգնեն ընտրության առջեւ՝ Փաշինյա՞ն, թե՞ Քոչարյան, նրանց գերակշիռ մասն առանց վարանելու կանգնելու է ներկա իշխանության կողքին:

Ընդհանրապես, վերջերս ականատես ենք դառնում հետաքրքիր «ինքնառաջադրումների»: Մի խումբ մարդիկ իրենց «ազգային-ժողովրդավար բեւեռ» են հռչակում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ բեւեռում լինելու համար պետք է զենքով հարձակվել ոստիկանական գնդի վրա ու մարդ սպանել կամ առնվազն ողջունել նման գործելակերպը: Հիմա էլ ընդդիմադիր բեւեռի մասին են խոսում. կարո՞ղ է պատահել, որ այնտեղ հավաքվել են Քոչարյանի համակիրները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ «հազարամյակներով ստեղծուածից» շատ բան չէր մնացած, փշրանքներ հազիւ, առաջ որ ծայրայեղ ազատականութիւնը իսկական վտանգ հանդիսանայ՝ այդ մի քիչ մնացածին ալ: Այնպէս որ, այդ խնդիրը, այո, յաճախ չափազանցուած օրակարգ է, սակայն կեղծ օրակարգ չէ: Այդքան անհոգութեամբ brush off ընելիք բան չէ:

    Իսկ թէ ինչո՞ւ ոմանք պարբերաբար Քոչարյանը երեւակայում են որպէս «քաղաքական վերադարձ» կատարել ուզող անձ, այդ ալ առեղծուած մըն է:

    Առանց հիների համագործակցութեան, այժմու վարչակարգը, գործնականօրէն, շատ բան չի կարող իրականացնել: Իսկ երբ որ այսպէս, մարդը՝ ներկայ իշխանաւորներին համար օգտակար բաներ է ասում, դառնում է նորէն «գէշ մարդ», հեգնանքի առարկայ, եւայլն.

    Սակայն համաձայն եմ, թող այդքա՛նն ալ չխօսի: Քոչարայանի խորհուրդներին, խրատներին, արժանի չեն նոր իշխանաւորները: Պէտք է որ նա լրիւ քաշուի իր սեփական կեանքին մէջ, ու իրենք թող անեն ի՜նչ որ կ’ուզենան, կամ՝ ո՛չ մէկ բան ել չանեն: Ինք, իր գործն ու պարտականութիւնները կատարած է, լիովին ու մինչեւ ծայր: Պետութեան պետի իր ամենավերջին քայլն ալ, արդէն երանի չանէր, թողէր որ 2008-ին արդէն փողոցը տիրանար երկրին, Պետութեան: Քանզի այդ կեղծ ղարաբաղցին ալ, փաստօրէն, արժանի չէր իրեն փոխարինելու: Իսկ ԼՏՊ-ն զինք չէր բանտարկեր – նա խոհեմ մարդ է… – :
     
     «Քոչարյան՝ հանգստեան կոչուելու իրաւունքը»
    https://haytougchamlian.blog/քոչարյան՝-հանգստեան-կոչուելու-իրաւո/

  2. Ruben says:

    1990-ին կոմունիստները հեռացան և իշխանությունը հանձնեցին (ինչպես Լեւոն Տեր Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը հետագայում) կոմսոմոլին, «այլախոհներին» և նպատակասլաց ծրագրեր կատարող «հովիվներին» (հատուկ նախագիծ): Անհրաժեշտ էր ստեղծել բազմակուսակցական համակարգ, ընդդիմություն և իշխող մեծամասնություն: Եվ ստեղծեցին: Բայց ո՞վ:
    Հայաստանը չվերականգնեց իր անկախությունը:
    Հայաստանը մնաց Ռուսաստանի կցորդ:
    Ինչու՞ բանակն իրավունք չունի կրակելու ավելի քան 20 կմ:
    Ինչուները շատ են:
    Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա ժողովուրդը ստանում է այն կառավարությանը, որին արժանի է:
    Լինի դա Մանթաշով, թե Քոչարյան, Գյուլբեկյան, թե Սարգսյան, տրոցկիստներ, թե դաշնակցականներ, բոլշեւիկներ, թե նիկոլականներ…
    «Ու միշտ, քանի որ կա
    Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
    Չի լինելու երկրի վըրա
    Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930