Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մտահոգում է ռեգիոնը, որտեղից երկիր առ երկիր դատարկում են հայերին»

Սեպտեմբեր 04,2020 14:00

Հարցազրույց ներկայումս ԱՄՆ-ում գտնվող փիլիսոփա, գրող, մշակութաբան Ռուբեն Անգալադյանի հետ

– Հետեւո՞ւմ եք Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին: Որոշ քաղաքագետներ գտնում են, որ Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։ Իսկ Թուրքիան սպասում է իքս ժամին, որպեսզի հարձակվի մեզ վրա։ Համամի՞տ եք այդ կարծիքի հետ:

– Սցենարը հետաքրքիր է: Մանավանդ՝ առաջարկվող կնոջ կերպարը, որն ասաց` «ինձ սպառնացին» ու դուրս եկավ, եւ դեռ դրսում է… Այդպես պետություն չեն ստեղծի: Որեւէ կերպ այնտեղ կատարվողը մեզ վրա չի ազդելու:

– Դուք ԱՄՆ-ում եք ճիշտ այն ժամանակ, երբ այդ երկիրը պատրաստվում է նախագահական ընտրություններին: Ինչպիսի՞ն են տրամադրությունները, տեղի հայերի սպասումները:

– Ես հետեւում եմ, թե ինչ է կատարվում այստեղ:

Այդ ինտրիգները, որոնք կողմերից որեւէ մեկը`դեմոկրատներ կամ հանրապետականներ, անում են, պարզ են՝ ամենքն ուզում են իրենցն առաջ քաշել: Հանրապետականի դիրքորոշումը մոտ է մեզ` հայերիս: Ճիշտ է, Վիլսոնը դեմոկրատ էր, սակայն նա այն ժամանակների դեմոկրատն էր, սրտամոտ մեզ` հայերիս: Հայերին այս ընտրությունը չի գոհացնի, իրականում երկուսն էլ լուծում են ԱՄՆ-ի եւ աշխարհի խնդիրը: Մենք այդպես էլ չկարողացանք մի անգամ նստել ԱՄՆ-ի հետ, եւ հասկացնել մերը: Մենք քաղաքական խնդիրներ չենք բարձրացնում: Հայաստանը ներկայանում է աշխարհին միայն ճգնաժամերի, իր հետ պատահած ողբերգական իրադարձությունների ժամանակ: Մենք քաղաքական միտք չունենք, չձեւավորեցինք: Մենք չունենք այնպիսի ինստիտուտներ եւ հասարակական կազմակերպություններ, որոնք դուրս եկած լինեին կրթված խավից: Երկրում իրականում գոյություն չունի քաղաքական ու պատմական միտք, հետեւաբար՝ գոյություն չունեն նաեւ կուսակցություններ:

Ոչ մեկը չի մտածում քաղաքական միտք ձեւավորելու մասին: Այս դժբախտությունը մեզ ո՞ւր է տանելու, հայտնի չէ: Թրամփը Իսրայելին արտոնություններ տվեց, մենք մտածում ենք՝ ուրեմն մեզ էլ կտա: Բայց ի՞նչ եւ ո՞ւմ ունենք Սպիտակ տանը: Ե՞րբ են մեր ներկայացուցիչները ներխուժելու ամենաբարձր շերտերը… Երբ հայր Բուշը փոխնախագահի համար առաջարկ էր արել Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանին, չնայած հայ համայնքը ձայն չտվեց, բայց նա չմտածեց Հայաստանի մասին: Դոքմեջյանը վախեցավ, որ իր հեռանալով, Կալիֆոռնիան կհանձնվեր դեմոկրատներին, ու հրաժարվեց Բուշի առաջարկից: Թվում էր, երկրում հզոր կազմակերպություններ ունենալով, մենք պետք է ամենամոտը լինեինք ԱՄՆ-ին: Սակայն այդպես չեղավ:

– Բայց նա ԱՄՆ քաղաքացի էր նախ եւ առաջ, նոր`հայ:

– Թրամփի փեսան քաղաքացի չէ՞…Մենք քաղաքական խաղ չունենք: Անկախությունը դա է նշանակում, որ պիտի խաղաս, հարց բարձրացնես ու խաղաս:

Սփյուռքում շատերը չեն հասկանում այն երկրի իրականությունը, որտեղ ապրում են, թեեւ աշխատում են կարեւոր իշխանական կառույցներում: Իսկ եթե հասկանում են, ապա ձեւակերպված չեն Հայաստանի խնդիրները: Եվրոպայից մի հայացք է, Ռուսաստանից` մի այլ, ԱՄՆ-ից` այլ, Կանադայից` լրիվ ուրիշ:

Մենք վտանգավոր շեմին ենք կանգնած: Մենք չգիտենք դեռ, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում: Եվ ոչինչ առաջարկելու չունենք: Մենք պետք է բարձրանանք այլ ազգերին հասկանալու եւ վերլուծելու նոր մակարդակի: Եվ պետք է նրանցից ստանանք այն վերաբերմունքը, որն ակնկալում ենք: Մենք այդ ազգերի հետ հարաբերություններում շատ ու շատ բաղկացուցիչներ չենք ընկալում, չենք հասկանում նրանց պետական շահերն ու մեր նկատմամբ գործողությունները: Շատ հարցեր էլ կապված են կենցաղային մակարդակի մեր աշխարհընկալման հետ` ավանդական: Մենք իրականում չենք կարողանում տեսնել իրականությունը: Ազգի կենսուժերը վատնվել են ոչ այն հարցերի եւ խնդիրների լուծման վրա, որոնք հիմնարար են եղել ազգի եւ պետության զարգացման համար:

Այսպիսի իրավիճակային ազգային աշխարհընկալմամբ մենք չենք կարող հասկանալ ոչ ռուսներին, ոչ ամերիկացիներին, ոչ էլ տարածաշրջանում որեւէ մեկին:

– Պարոն Անգալադյան, 8-10 տարի առաջ Դուք զգուշացնում էիք. «Կա նպատակ` երբ արդեն այդ երկրների, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրաքը, հիմա` Սիրիան եւ այլն, պետական համակարգերը քանդել-ոչնչացնելուց հետո հնարավորություն տան, որ այդ երկրներում քաղաքացիական պատերազմի պայմաններ ստեղծվեն, որից հետո արդեն կարողանան իրենց զորքերով մտնել ու գերել այդ կարեւորագույն աշխարհամասը, որտեղ իսկապես առաջիկա մի քանի տասնյակ տարիներին այդ տարածքը հատկապես աշխարհի էներգետիկ ոլորտում, կատարելու է կարեւոր, եթե չասենք որոշիչ դերը: Հիմա ԱՄՆ-ն ստեղծում է այն պայմանները, որ Մերձավոր Արեւելքի պետությունները մեկը մյուսից կախված լինեն եւ առանձին-առանձին հույսները դրած լինեն ԱՄՆ գերտերության վրա: Եվ երկրորդ` ստեղծել այնպիսի պայմաններ, որ կբերեն մեծ ծայրահեղությունների` քաղաքացիական կամ տարբեր երկրների միջեւ պատերազմների, ինչն արդեն ԱՄՆ-ին «բարոյական իրավունք» կտա իր զորքերը, ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ կամ առանձին, մտցնել այդ տարածաշրջան եւ հսկել այդ կարեւոր տարածաշրջանը»: Ի՞նչ է կատարվում Մերձավոր Արեւելքում՝, առհասարակ՝ տարածաշրջանում:

– Ռեգիոնը`տարածաշրջանը, որտեղ մենք գտնվում ենք, մեզ դուրս է շպրտում: Իրաքի հայերը դուրս եկան, Սիրիայինը դուրս եկան, Վրաստանը քշեց 50-100 հազարին, Ադրբեջանից` կես միլիոն:

Ուշադրություն դարձրեք՝ Անկախությունից հետո: Հիմա էլ Լիբանանից են դուրս գալիս: Ես չեմ գտնում, որ պայթյունը պատահական էր: Ռեգիոնից դուրս ենք մղվում: Երեսուն տարի բոլորը մեղավոր էին, բացի մեզնից: Ազգը կորցրել է իր միջուկը` լավագույն մասսային: Ազգի միջուկը գտնվում էր ռեգիոնում, որի վրա հենվում է ազգը: Այսօր հարկավոր են լուրջ մարդիկ, ովքեր կկարողանան ռեալ գնահատել իրավիճակն ու հեռանկարները: Այս պահին իշխանությունների նախաձեռնած միջոցները դժվար թե արդյունավետ լինեն: Ինչպիսի՞ երկիր ենք մենք ուզում կառուցել: Հայաստանի Հանրապետությունը արդյոք, օդի պես անհրաժե՞շտ է բոլոր հայերին: Եթե հարցի պատասխանը գիտենք, եւ պատասխանը կգոհացնի ինչպես երկրում, այնպես էլ սփյուռքում գտնվող հայերիս, միայն այս դեպքում թե խոշոր ֆինանսիստը, թե արդյունաբերողը, յուրաքանչյուր հայ կձգտի օգնել երկրին` առանց բարձր խոսքերի, գործով:

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
03.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930