Եվ ինչու Պաստեռնակի Նոբելյան մրցանակը տեղ հասավ նրա մահից 31 տարի անց
Գաղտնիք չէ, որ Խորհրդային տարիներին կատաղի գրաքննություն էր գործում: Կայսրությունն ուներ արգելված գրականության ցանկ, որտեղ տեղ գտած գրքերը չպետք է հասու լինեին խորհրդային մարդուն: Ի թիվս այլոց՝ արգելված հեղինակների ցանկում էր ռուս հասարակական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը՝ իր հասարակական-քաղաքական թեմաներով գործերով:
Նա տասնամյակներով պայքարում էր կոմունիստական ռեժիմի դեմ: Սոլժենիցինի գործերը կարող էին հրատարակվել միայն խմբագրվելու եւ խորհրդային ռեժիմին ուղղված քննադատությունները հանվելու պայմանով: Հատկապես արգելված էր նրա «Գուլագ Արշիպելագը», որը 1973-ին Փարիզում լույս տեսնելուց հետո մեծ ճանաչում բերեց հեղինակին։ Այն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարան է:
Ի դեպ, ժամանակին, երբ Սոլժենիցինին չի տրվել խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տվել աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը:
Կարդացեք նաև
Kulturologia.ru-ն փաստում է, որ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը եւս արգելված գրականության ցանկում էր: Այս գրքի վրա հեղինակն աշխատել էր տասը տարի եւ արծարծել էր ԽՍՀՄ-ի համար «փակ» մի շարք թեմաներ: Նա վեպն ավարտելուց հետո առաջարկել էր հեղինակավոր հրատարակչություններին հրատարակել այն, սակայն մերժում էր ստացել, որովհետեւ ստեղծագործությունը շեղված էր սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներից: Իսկ ԽՍՀՄ գրողների միության նիստերից մեկի ժամանակ գրականագետներից մեկը՝ Անատոլի Սաֆրոնովը «Դոկտոր Ժիվագո»-ի մասին ասել էր. «Չեմ կարդացել, բայց դատապարտում եմ»:
1957-ին Պաստեռնակի վեպը հրատարակվեց Միլանում, ապա թարգմանվեց ռուսերեն: Հետագայում գրողը Նոբելյան մրցանակի արժանացավ գրականության ոլորտում, սակայն Խորհրդային իշխանության պահանջով հրաժարվեց դրանից: Միայն 1989-ին՝ հոր մահից 31 տարի անց Պաստեռնակի որդուն փոխանցվեց հեղինակավոր մրցանակը:
Քսաներորդ դարի ամենասկանդալային գործերից մեկը՝ Վլադիմիր Նաբոկովի աղմկահարույց «Լոլիտան» տարիներ շարունակ արգելված էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Այն ի սկզբանե գրվել էր անգլերեն եւ հրատարակվել 1955 թ. փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարակչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: «Լոլիտան» համարվում է 20-րդ դարի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը, իսկ ըստ Time ամսագրի՝ դարի 100 լավագույն վեպերի ցանկում է: 1989-ին, երբ «Լոլիտան» օրինական հիմունքներով սկսեց հրատարակվել, գիրքը վաճառում էին 80 ռուբլով, այն դեպքում, երբ միջին աշխատավարձը 100 ռուբլի էր:
Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» արգելված գլուխգործոցը լայն հանրությանը հասու դարձավ միայն 1966-ին, երբ «Մոսկվա» ամսագիրը այն սկսեց հատվածաբար հրատարակել իր էջերում: Խորհրդային գրաքննությունը որոշակի «շտկումներ» էր արել վեպում, օրինակ, Մարգարիտայի բերանից «ոչ կոռեկտ» սիրեկան բառի փոխարեն սիրեցյալ էր հնչում: Վեպն ամբողջական հրատարակվեց միայն 1973 թ.:
Էռնեստ Հեմինգուեյի հանրահայտ «Ում մահն է գուժում զանգը» վեպը եւս արգելված գրականության ցանկում էր: Մինչ այլ երկրների քաղաքացիները վեպը կարդացել էին 1940-ին, խորհրդային ընթերցողը այս ստեղծագործությանը հաղորդակից դարձավ միայն 1962 թվականին: Ասում են՝ անձամբ Ստալինն էր արգելել այն հրատարակել, եւ միայն ներքին սպառման համար 300 օրինակ էին տպագրել՝ կուսակցական վերնախավի համար:
Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ