Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «ՖԻԴԵ-ն պատրաստ չէր օնլայն օլիմպիադա անցկացնել»

Սեպտեմբեր 04,2020 13:00

Շախմատի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով շախմատի օնլայն օլիմպիադայում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց, որ դա շատ ավելի լուրջ ու շատ ավելի բարդ խնդիր է, քան մեզ համար՝ Հայաստանի հաղթելը կամ պարտվելը:

– Ի՞նչ խնդրի մասին է խոսքը:

– Նախ, պանդեմիայի պատճառով շախմատիստները նորմալ շախմատ խաղալու ոչ մի հնարավորություն չունեն: Իսկ ինչ կատարվում է, չնչին տոկոս է ու ոչ կարեւոր մրցումներ են: Ճիշտ է, շախմատային էլիտան Մագնուս Կարլսենի հետ հեռավար մրցումներ կազմակերպելու եւ  գումար վաստակելու լուծում գտել է, սակայն շախմատային աշխարհի 99,99 %-ը անգործ է մնացել:

ՖԻԴԵ-ն փորձում է օգտագործել շախմատի օնլայն հնարավորությունները, միջոցառումներ կազմակերպել, որպեսզի շախմատային հասարակությանն ակտիվացնի: Թվում է՝ դա դրական մոտեցում է, ու ինչ-որ տեղ հնարավոր չէ դրա հետ չհամաձայնել: Սակայն, իմ կարծիքով, վատն այն է, որ այդ որոշումն ընդունող մարդիկ իսկապես հավատում են, որ շախմատը կարելի է տեղափոխել ինտերնետ: Այս միտքն այդ մարդկանց գլխում պտտվում էր դեռ համավարակից առաջ:

Այդ ձեւաչափով կարելի է  ավելի շատ մրցումներ կազմակերպել: Դա մի կողմից խաղացողներին հնարավորություն է տալիս փոքր ծախսերով՝ տանը նստած, տարբեր միջազգային մրցումների մասնակցել, մյուս կողմից՝ փող աշխատելու հնարավորություն է: Այսպես շարունակվելու պարագայում շախմատը աստիճանաբար տեղափոխվելու է վիրտուալ դաշտ: Այս օլիմպիադան իր իմաստով այդ նպատակին էր ծառայում: Սա այդ ուղղությամբ քայլ էր, որպեսզի այնպիսի հսկայական մրցում, ինչպիսին օլիմպիադան է, անցկացվի այդ ձեւաչափով: Կարծում եմ, ՖԻԴԵ-ն այդպիսի նպատակ ուներ:

Ես այս առիթով դեռ 3-3,5 ամիս առաջ իմ կարծիքը պաշտոնապես գրավոր ներկայացրել եմ ՖԻԴԵ-ին, որ դրա համար շատ կարեւոր է ունենալ վստահելի տեխնիկական ապահովում: Այսօր բոլոր կայքերը, որոնց վրա խաղում են վիրտուալ հիմնական մրցաշարերը, մասնավոր են: Ավելին, այդ կայքերը նույնիսկ 100 տոկոսով չեն համապատասխանում շախմատի գործող կանոններին: Մասնագիտական նրբությունների մեջ չխորանալով՝ բերեմ մեկ օրինակ: Սովորական շախմատում եթե ժամանակդ սպառում ես ձին՝ ձիու դեմ վերջնախաղում, պարտություն է գրանցվում: Իսկ օնլայն շախմատում ծրագիրը մեխանիկորեն ոչ-ոքի է գրանցում: Հետեւաբար, արձանագրենք կարեւորը. այսօր այդ պլատֆորմները 100 տոկոսով չեն արտացոլում ՖԻԴԵ-ի շախմատի կանոնները:

Ակնհայտ է, որ ՖԻԴԵ-ն օլիմպիադա է անցկացնում Chess.com-ի պլատֆորմում եւ ստիպված պետք է ընդունի այդ պլատֆորմի կանոնները: Այսինքն, եթե դու քո մրցաշարն անցկացնելու համար օգտագործում ես նրա պլատֆորմը, պարտավոր ես համակերպվել իրենց լուծումներին: Ես երբ դիմել եմ ՖԻԴԵ, գրել եմ. կամ ՖԻԴԵ-ն պետք է ունենա իր պլատֆորմը, որը լիովին կհամապատասխանի օրենքներին, կամ պետք է պահանջի, որպեսզի իր հետ պայմանագիր կնքել ցանկացողները փոխեն իրենց պլատֆորմը եւ համապատասխանեցնեն իր կանոններին:

– Այսինքն, ՖԻԴԵ-ն օնլայն օլիմպիադա կազմակերպելուն պատրաստ չէ՞ր:

– Այո: Իմ կարծիքով ՖԻԴԵ-ն շտապեց: Օգոստոսին Մոսկվայում պետք է լիներ համաշխարհային օլիմպիադան: Եվ քանի որ այն չեղավ, ցանկացավ նույն ամսին մեկ այլ՝ փոխարինող, օլիմպիադա անցկացնել, ինչը, իմ կարծիքով, սխալ էր: Այսինքն, կարող ես սկսել միայն այն ժամանակ, երբ տեխնիկապես պատրաստ ես:

– Ու դրա արդյունքը տեսանք:

– Երբ հայտարարվեցին օնլայն օլիմպիադայի անցկացման ժամկետները, երկրները սկսեցին ցուցակագրվել: Ամեն ազգային ֆեդերացիա ուզում էր մասնակցել, քանի որ տեւական ժամանակ անգործության էր մատնված: Անգամ, եթե կանոններն էին սխալ, չմասնակցելը ավելի սխալ էր: Ու ի՞նչ ստացվեց: ՖԻԴԵ-ն չէր կարող կարճ ժամանակում գտնել տեխնիկական բոլոր խնդիրները, կողմնորոշվել, թե ով է մեղավոր: Ու գլխացավանքից ազատվելու համար որոշում ընդունեց, որ կապի խափանման դեպքում մեղավորը խաղացողն է:

– Բայց հենց ինքն էլ այդ սկզբունքը չպահպանեց:

– Հայաստանի եւ Հնդկաստանի առաջին մրցամարտի պարագայում, որքան էլ ցավալի է, ու որքան էլ մենք կարողացանք ապացուցել, որ կապի խափանման մեղավորությունը մերոնց կողմից չի եղել, թվում է, թե ՖԻԴԵ-ի որոշումը ճիշտ է, որովհետեւ ի սկզբանե այդպես էր կանոնակարգով: Սակայն ամեն ինչը քանդվեց այն բանից հետո, երբ Ռուսաստան-Հնդկաստան եզրափակիչ փուլում կայացվեց հակառակ որոշում:

– Դա ինչ-որ բացատրություն ունի՞:

– Այդ հարցով ես ունեմ իմ անձնական կարծիքը: Բայց մինչ այդ ասեմ, որ մերոնց դեպքում բացահայտվեց, որ այդ պլատֆորմով լուրջ մրցաշար անցկացնել չի կարելի, որովհետեւ ինտերնետ համակարգը պատրաստ չէ այդ մասշտաբի խոշոր մրցաշար սպասարկել: Չխորանանք Ռուսաստան- Հնդկաստան եզրափակչի երկրորդ մրցաշարում կատարված տեխնիկական խնդրի մեջ, ինչի արդյունքում Ռուսաստանը հռչակվեց չեմպիոն: Բայց քանի որ Հնդկաստանը բողոքարկեց, վճռաբեկ հանձնաժողովը պետք է վերջնական որոշում կայացներ: ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի մեկնաբանությամբ՝ երկու անդամների կարծիքները միմյանց հակասում էին, եւ ստիպված էր ինքը՝ որպես նախագահ, որոշում կայացնել: Իմ կարծիքով, նրա վրա ազդեց այն, որ եթե ինքը, լինելով ՌԴ քաղաքացի, կայացնի նույն որոշումը, ինչ Հայաստանի պարագայում, կստացվի, որ որոշումը կայացնում է հօգուտ Ռուսաստանի: Ավելորդ խոսակցություններից խուսափելու նպատակով՝ երկու հավաքականներին էլ հռչակեց  չեմպիոն: Ստացվում է, որ ՖԻԴԵ-ն կիրառեց երկակի ստանդարտներ: Ու դա առիթ եղավ, որ Հայաստանի ձայնը շախմատային աշխարհում լսելի դարձավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930