Հավաքին մասնակից ազատամարտիկները ողջունել են աշխարհազոր ստեղծելու նախաձեռնությունը
ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մոտ նախօրեին փակ քննարկում է տեղի ունեցել, որին հրավիրված են եղել արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարներ, ազատամարտիկներ: Քննարկման թեման եղել է ՀՀ պաշտպանության նախարարության՝ աշխարհազոր ստեղծելու մասին նախաձեռնությունը:
Հանդիպմանը մասնակից ազատամարտիկ, «Սեւ հովազ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ քննարկմանը մասնակիցների ընդհանուր տրամադրվածությունը նախագծի վերաբերյալ, դրական է: Մասնակիցների թվաքանակ, անուններ, մեր զրուցակիցը չմանրամասնեց, միայն ասաց. «Բոլորը ողջունեցին, քանի որ հարցը մեր երկրի անվտանգությանն է վերաբերվում: Տարբեր կառույցներից տարբեր մոտեցումներ ունեցող մարդիկ կային»: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ մտահոգությունները հիմնականում տեխնիկական եւ կազմակերպչական հարցերին էին վերաբերվում: Սկզբունքային վիճելի հարցեր չկան: «Վաղուց բոլորիս նպատակն է եղել, որ մեր երկիրն աշխարհազոր ունենա: 2016-ի քառօրյան էլ ցույց տվեց, որ անկազմակերպ ձեւով ամենը եղավ, ջոկատների հրամանատարները կանգնեցին՝ իրենց շուրջ համախմբեցին, բայց դա արդեն օրերի հարց էր, որը կարող էր վատ հետեւանք ունենալ, իսկ հիմա՝ կազմակերպված կլինի: Նաեւ բոլորն իրենց կցագրված զենքերն են ունենալու, գումարտակներում լինելու են զենքի տիրապետող համապատասխան մասնագետներ, հնարավոր է տեղերում՝ համայնքներում, զինապահեստներ լինեն եւ անհրաժեշտության դեպքում, արդեն միանգամից զինվեն ու դուրս գան»:
Ռուստամ Գասպարյանն ինքն էլ աշխարհազորի գաղափարի կողմնակից է, ասում է՝ վաղուց պետք է աշխարհազոր ունենայինք, ուշացրել ենք, բայց լավ է, որ գոնե հիմա ստեղծվում է. «Սա մեր երկրի ապահովության համար է: Գիտեք, այսօր մեկ թշնամի չէ, որ ունենք. Թուրքիան, որը բազմիցս հայտարարել է եւ Նախիջեւանում Ադրբեջանի հետ վերջին համատեղ զորավարժությունների ժամանակ դարձյալ հոխորտացին, թե մեր պապերի կիսատ թողածը պետք է վերջացնենք: Հիմա այդ վտանգը գլխներիս կախված է եւ մենք պետք է պատրաստ լինենք»:
Կարդացեք նաև
Այս օրերին մտահոգություններ հնչեցին, որ աշխարհազորը կարող է իշխանության ձեռքին լրացուցիչ զինված կառույց դառնալ՝ նաեւ ներքաղաքական հարցերում: Ռուստամ Գասպարյանը դա բացառում է. «Աշխարհազորում ընդգրկված կլինեն մարդիկ, որոնք տարբեր կուսակցությունների անդամներ են, տարբեր քաղաքական հայացքներ կունենան եւ ազատ են լինելու իրենց կարծիքի մեջ, նման բան չի կարող լինել»:
Մինչդեռ հանդիպման մեկ այլ մասնակից, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այդ վստահությունը չունի: «Հայաստանում ոչ մի իշխանություն առանց քաղաքական նպատակների, ոչ մի գործառույթ չի արել՝ առաջինից սկսած, երկրորդը, երրորդը, չորրորդը: Մեր պատկերն է այդպիսին»: Հիմա երաշխավորել, որ այդպես չի լինի՝ չի կարող, բայց քանի որ հարցը վերաբերվում է հայրենիքի պաշտպանությանը, ինքը չի կարող չողջունել այս նախաձեռնությունը: Դիտարկմանը, որ փաստորեն, մտավախությունները հնարավոր է արդարացված են, նա պատասխանեց. «Ես մարգարե չեմ, չեմ կարող մարգարեություններ անել: Այն, ինչ վերաբերվում է հայրենիքին, հայրենիքի սահմանների պաշտպանությանը, ես լավ եմ վերաբերվում: Իսկ ինչ մնում է քաղաքական ինտրիգների համար օգտագործելուն, ես չգիտեմ, չեմ էլ ուզում խորանալ: Ես գիտեմ մի բան՝ Հայրենիքը վտանգված վիճակում է եւ մենք պարտավոր ենք հոգի տալու մեր հայրենիքի համար, պարտավոր ենք մեր զինվորի կողքին կանգնել եւ նրա համար էլ հոգի տալ: Եթե կարողանում ենք հավաքել, ստեղծել պահուստային կորպուսներ՝ թող լինի: Ես կարող եմ միայն ողջունել»:
Այս նախաձեռնությամբ նաեւ ԵԿՄ-ի լիազորությունների սահմանափակման, ԵԿՄ-ին անկյուն մղելու մասով էլ Ռուստամ Գասպարյանը խնդիր չի տեսնում: Հիշեցնում է, որ կան նաեւ ազատամարտիկների այլ կազմակերպություններ ու բնավ չի խանգարում, որ ամենն ավելի կանոնավորվի, մեկ կետից համակարգվի եւ համագործակցության հիմքը դրվի ռազմական լուրջ կառույցների վրա: Նա չի կարծում, որ այսպիսով նաեւ ԵԿՄ-ին թուլացնելու խնդիր է դրվում, մանավանդ, որ ԵԿՄ ղեկավարը իշխող ուժի անդամ է: Մանվել Եղիազարյանն էլ ասում է. «Եթե ԵԿՄ-ն ինքն իրեն չպահի, ակտիվ գործունեություն չծավալի, բնական է, որ լուսանցք կմղվի: Ամեն դեպքում, ես այն կարծիքին եմ, որ երկրապահն այսօրվա իրականությանը պետք չէ: Ես հայրենասեր մարդ եմ եւ եթե աշխարհազորն է պետք իմ հայրենիքին այսօր, թող լինի աշխարհազորը: Ես ոչ մի բանից սարսափելու կամ որեւէ բանից կառչելու խնդիր չունեմ»:
Մանվել Եղիազարյանն անլուրջ է համարում այս օրերին, այս նախագծի շուրջ տարածվող այն մտավախությունները թե մարդիկ զենքով ման են գալու փողոցներում, քանի որ աշխարհազորայիններին ամրակցված զենքը հատուկ պահպանության վայրերում է պահվելու: Նաեւ նկատում է, որ այսօր զենքով մարդիկ կան եւ քաղաքում ազատորեն շրջում են. «Ո՞ւմ մոտ զենք կա, միայն իրենց կողմից պարգեւատրված ավազակների ու թալանչիների: Նրանցից չենք վախենում, վախենում ենք, որ շարքային գյուղացին կարող է մի հատ կարաբին ունենա ու էդ զենքով մեկին սպառնա՞»: Դեռ 1990-ականներից ազատամարտիկների օրինակն է բերում, որ զենք են ունեցել, բայց ոչ մի մարդու համար սպառնալիք չեն եղել: Նաեւ հավելում. «Զինված մարդուց վախենում են միայն նրանք, ովքեր մեծ թալան են արել, վախենում են, որ զենքն այդ թալանածի դեմ կուղղվի, քաղաքացին զենքից եւ զինված մարդուց չի վախենա: Իսկ տվյալ դեպքում, խոսքը հայրենիքի պաշտպանությանն է վերաբերվում, ինչի՞ց վախենալ: Այդ զենքը հատուկ զինկոմիսարիատներում է պահվելու եւ այնպես չէ, որ հրացանը գցելու են ուսերին ու քաղաքով ման գան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2020