Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգավոր փուլ. Թուրքիան Արցախի հարցով ինքն իրեն «քարտ բլանշ» շնորհեց

Սեպտեմբեր 04,2020 12:00

Անկարան ղարաբաղյան կարգավորման շահագրգիռ երկրների հետ «առեւտուր» անելու «թույլտվություն» է իրեն վերագրել

Անցյալ շաբաթ հայաստանյան քննարկումներում դուրս մնաց մի կարեւոր հայտարարություն, որը հնչեց Թուրքիայի իշխանությունների կողմից:

Պաշտոնական Անկարան, ի դեմս՝ այդ երկրի պաշտպանության նախարարի, ուղղակի արձանագրեց, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում, պատասխանելով հարցերի, ի թիվս այլ խնդիրների, եւս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։

Թուրքիայի պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի` եղբայրական պետություն լինելու, երկու պետություն՝ մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը, ապա ընդգծել է, որ Թուրքիան նույնպես ղարաբաղյան հակամարտության կողմ է հանդիսանում, եւ դատապարտել է «Հայաստանի հարձակողական պահվածքը»։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է որպես՝ «իրեն սատարող ուժերի հաշվին իր հասակից բարձր գործերին խառնվող» մի երկիր՝ նշելով, թե «Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի»։

Իհարկե, բովանդակային առումով Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարության մեջ նորություն չկա: Տարիներ շարունակ հայկական կողմը մշտապես շեշտել է, որ Թուրքիայի պահվածքն այնպիսին է, որն էլ ապացուցում է, որ Անկարան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շահագրգիռ կողմ է եւ «եղբայրական Ադրբեջանի» շահերն է պաշտպանում:

Սակայն այլ բան է, երբ Թուրքիան իր գործողություններով է Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարում, լիովին այլ բան է, երբ պաշտոնական Անկարան, այն էլ՝ պաշտպանության նախարարի մակարդակով, Թուրքիայի՝ հակամարտության կողմ լինելու մասին է արձանագրում:

Ի՞նչ է սա նշանակում… Հուլիսին Հայաստան-Ադրբեջան մարտական գործողություններից անմիջապես հետո Թուրքիայի իշխանությունների աշխուժությունն ու ակտիվությունն ակնհայտ է: Հիմա, ըստ էության, հակամարտության կողմ հայտարարելով, Թուրքիան՝ բացեիբաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շահագրգիռ պետությունների հետ Արցախի հարցով «առեւտուր» անելու «թույլտվություն» է իրեն վերագրել:

Եվ ոչ միայն: Ադրբեջանի ցանկացած գործողության դեպքում սահմանին Անկարան խառնվելու «քարտ բլանշ» է ինքն իրեն շնորհել, ու պաշտոնապես արձանագրելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Անկարայի կողմ լինելը՝ հենց այդ մասին է, այսպես ասած՝ «լսեցնում» միջազգային հանրությանն ու նախեւառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, մասնավորապես՝ Ռուսաստանին:

Նկատենք, որ պարբերաբար, Թուրքիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում կարեւորում են Մոսկվայի դիրքորոշումը եւ հույս ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ճնշում կգործադրի» Հայաստանի ուղղությամբ եւ կստանան ցանկալի զիջումները հայկական կողմից:

Այսօրվա Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը անհանգստացնում է բազմաթիվ պետությունների առաջնորդներին: Էրդողանը տարածաշրջանային բոլոր հակամարտություններում ակտիվ խաղացող է. մեկ սպառնում է մի երկրի, մեկ «մատ է թափ տալիս» մյուս երկրի վրա: Շարունակաբար Թուրքիայի շահերը թելադրողի կեցվածքով՝ Էրդողանը ձգտում է բոլորին ապացուցել, որ ցանկացած խնդրի լուծման մեջ Թուրքիան ոչ միայն իր շահն ունի, այլեւ այդ շահերը պաշտպանելու հարցում պատրաստ է ցանկացած գին վճարել:

Հավելենք, որ անցյալ շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի արձանագրում էր արել՝ «Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մտահոգիչ է եւ ոչ միայն մեզ համար»:

Իրականում ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստեղծվել է բավական վտանգավոր փուլ: Թուրք-ադրբեջանական ակտիվությունը վստահաբար ունի իր նպատակները: Չի կարելի բացառել, որ ղարաբաղյան առաջիկա բանակցություններում հայկական կողմի վրա ճնշումները մեծանան՝ հաշվի առնելով այն փաստը, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններում ադրբեջանական կողմը արձանագրեց հերթական ձախողումը, որն էլ նրանց դրդեց էլ ավելի մեծ թափով ազդարարել ադրբեջանական ակնկալիքների մասին բանակցային գործընթացից սպասվող արդյունքների առումով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930