Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր պոլիկլինիկաներում խնդրահարույց է նվազ ֆինանսավորումը

Սեպտեմբեր 03,2020 22:30

Քննարկվել են առողջության առաջնային պահպանմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Առողջության առաջնային պահպանման գործունեության ներկա խնդիրները»  թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի մոտ մեկ տասնյակ պոլիկլինիկաների տնօրեններ, ոլորտային պատասխանատուներ Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ առողջապահության նախարարությունից եւ Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ խորհրդարանի հանձնաժողովներում  տեղի են ունեցել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումները, ուստի հանձնաժողովը  նպատակահարմար է  համարել լսել նաեւ պոլիկլինիկաների տնօրեններին, ծանոթանալ առկա խնդիրներին եւ գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք եւ կթեթեւացնեն այդ կառույցների հոգսերը, եւ կբարձրացնեն  արդյունավետությունն ու կդարձնեն մրցունակ: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ առողջության պահպանման առաջնային օղակի գործունեության արդյունավետությունը վերջին տարիներին  ցածր է. նվազել է քաղաքացիների դիմելիությունը, փոխարենն աճել են հոսպիտալացումներն ու շտապ օգնության կանչերը:

Պոլիկլինիկաների տնօրենները բարձրաձայնել են իրենց հոգսերն ու խնդիրները:  Ըստ նրանց` հատկապես փոքր պոլիկլինիկաներում խնդրահարույց  է նվազ ֆինանսավորումը,  որը շատ դեպքերում բավարարում է միայն աշխատավարձերի վճարմանը, ինչը նույնպես նրանք ցածր են գնահատել:

Ըստ տնօրեններից ոմանց` պետական պոլիկլինիկաները նման ֆինանսավորմամբ եւ գործող որոշ մեխանիզմներով՝ մասնավորապես գնումների գործող համակարգի  հետեւանքով, դառնում են ոչ մրցունակ, քանի որ չեն կարողանում ձեռք բերել որակյալ դեղորայք եւ բժշկական սարքավորումներ, իրականացնել առավել արդյունավետ առաջնային բուժսպասարկում: Խնդրի լուծման նպատակով հյուրերն  առաջարկել են փոխել գնումների համակարգը, ավելացնել փոքր պոլիկլինիկաների ֆինանսավորումը,  վերանայել պոլիկլինիկաներում նեղ մասնագետներ ունենալու կարգը, ինչպես նաեւ առողջության առաջնային պահպանման օղակներին ապահովել որակյալ դեղորայքով ու սարքավորումներով:

Քննարկման մասնակիցները հայտնել  են, որ պոլիկլինիկաներում խնդիրներ է ավելացրել նաեւ  COVID-19 համավարակը, որի հետեւանքով դրանցում նվազել են վճարովի լաբորատոր ծառայությունները, փոխարենն ավելացել են  նյութածախս զննությունները: Հետեւանքը եղել է պարտքերի կուտակումը:

Քննարկման ընթացքում հնչել են առաջարկներ, որոնք, ըստ հեղինակների, կարող են բարձրացնել պոլիկլինիկաների գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն առաջարկել է դիտարկել պոլիկլինիկաների կազմում ցերեկային ստացիոնարներ ներդնելու նպատակահարմարությունը:

Տնօրեններն անդրադարձել են նաեւ դպրոցներում աշխատող բուժքույրերի ցածր՝ մոտ 20-30 հազար դրամ աշխատավարձերին, պոլիկլինիկաներում առկա թափուր հաստիքներին, որոնք չեն համալրվում նվազ ֆինանսական միջոցների պատճառով: Քննարկմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ բուժքույրերից շատերը դպրոցներում աշխատում են համատեղությամբ, սակայն կան նաեւ դպրոցներ, որոնք չունեն բուժքրոջ հաստիք, ինչը եւս խնդիր է:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ արդեն իսկ Կառավարությանը ներկայացվել են առաջարկներ, որոնք մեծամասամբ վերաբերում են հնչած մտահոգություններին: Ըստ նրա` բյուջեի նախագծում կան ոչ արդյունավետ ծրագրեր, որոնց հատկացված միջոցները կարելի է ուղղել առողջության առաջնային պահպանման օղակին: Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս հարցերից բացի, հանձնաժողովը ներկայացրել է նաեւ այլ առաջարկներ՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930