Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական նիստին սեպտեմբերի 3-ին ներկա չէր գործով ամբաստանյալ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը:
Հիշեցնենք՝ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Aravot.am-ի հետ զրույցում Ռուզաննա Մկրտչյանի ներկայացուցիչ Նաիրա Պետրոսյանը տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով անհնարինություն է առաջացել իր պաշտպանյալին բերել դատարան: Նա մանրամասնեց. «Իմ պաշտպանյալին չեն բերել դատարան տեխնիկական պատճառով: Ոստիկանության մեքենան փչացել էր, անհնարինություն է առաջացել, չեն կարողացել նիստի ժամին Ռուզաննա Մկրտչյանին ներկայացնել դատարան: Դատարանում մեկ այլ դատական նիստ կար, հետևաբար մի քանի ժամ չէին կարող սպասել»:
Aravot.am-ը Նաիրա Պետրոսյանից հետաքրքրվեց՝ բացի այն, որ, իրենք պնդում են, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարել է աֆեկտի տակ, քանի որ սպանությանը նախորդել է Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ ծեծն ու ծաղրուծանակը, այլ նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են: Նա պատասխանեց. «Այս մասով այս պահին չունեմ իմ պաշտպանյալի համաձայնությունը որևէ նոր բան ասելու, բայց աֆեկտի հարցով ունենք գործով եզրակացություն»:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-ին:
Գործի քննությունը վկաների հարցաքննության փուլում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ