Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անհամաձայնության հիմքերը շատ խորն են. Արման Բաբաջանյան

Սեպտեմբեր 03,2020 21:30

«Թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ «Իմ քայլ»-ականները հրաժարվեցին մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները»

Ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական հետաքրքիր գնահատականներ է տվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Ռոբերտ Քոչարյանը, մասնավորաբար, ասել է, որ ինքը հիասթափված է այն ամենից, ինչ արեց Սերժ Սարգսյանը 2018 թվականին, նաեւ նա դժգոհություն է հայտնել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին իրականացված բարեփոխումներից: Երկրորդ նախագահի քննադատությունից բաժին է հասել նաեւ 2018-ի հեղափոխությանը, այն իրականացնողներին եւ գործող իշխանություններին:

Այսօր Aravot.am-ը փորձեց երկրորդ նախագահի քննադատությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական գործիչներից եւ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից: Թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ «Իմ քայլ»-ականները մեզ հետ զրույցներում հրաժարվեցին մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները:

Aravot.am-ն այդ թեմայով զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

– Ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը Հայաստանում դոմինանտ է, որ մեզ մոտ հասարակությունը բաժանվել է ինտելեկտուալ հատկանիշների վրա եւ երկրի ինտելեկտուալ ներուժը հիմնականում կենտրոնացված է խորհրդարանից դուրս, այն հիմնականում ընդդիմադիր պոտենցիալն է: Բացի այդ, նրա գնահատմամբ, ընդդիմությունը բավականին լավ է ներկայացված մեդիա-դաշտում: Ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահի այս դիտարկումները:

– Այդ դիտարկումները կամ գոնե դրանց մի մասն, իհարկե, իրականությունից շատ հեռու են և խեղաթյուրված։ Նախ՝ Քոչարյանի գնահատականները լավագույն դեպքում կարող են խիստ հարաբերական լինել, քանի որ ի տարբերություն շատ զարգացած երկրների, մեզ մոտ, ցավոք, չկան սոցիոլոգիական, գիտական չափումներ, որոնք հնարավորություն կտային գնահատել այս կամ այն քաղաքական հոսանքի համակիրների բաշխվածությունը ըստ ինտելեկտուալ, տարիքային, սոցիալական կամ այլ հատկանիշների։

Հետևաբար, նման գնահատականները խիստ սուբյեկտիվ են։ Բայց դրանք նաև հեռու են իրականությունից, որովհետև 2018 թվականի թավշյա հեղափոխության հիմնական սոցիալական բազան երիտասարդությունն էր, ընդ որում, երիտասարդության կրթված, ինտելեկտուալ հատվածը, որի զգալի մասը, վստահ եմ, այսօր էլ պաշտպանում է եթե ոչ հեղափոխական իշխանությանը, ապա հեղափոխության գաղափարն ընդհանուր առմամբ։ Իսկ դա նշանակում է, որ հասարակության այդ շերտը, հեղափոխության հիմք հանդիսացած ինտելեկտուալ երիտասարդությունը օրգանապես չի կարող համակրել արտախորհրդարանական ուժերին, որոնց հիմնական օրակարգը հակահեղափոխությունն է ու ռևանշը։ Հետևաբար` գնահատականը, որ երկրի ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է խորհրդարանից դուրս, մեղմ ասած հեռու է իրականությունից։

Ինչ վերաբերում է մյուս դիտարկմանը՝ մեդիա դաշտում ընդդիմության ներկայացվածությանը, ապա այդ հարցում Քոչարյանն իրավացի է՝ մեկ վերապահմամբ։ Իրականում մեդիադաշտում ներկայացված է ոչ թե ընդդիմությունը բովանդակային առումով, գաղափարապես, այլ ընդդիմության տիրապետած անսպառ ֆինանսական ռեսուրսը, այսինքն՝ ներկայացված է ոչ թե ընդդիմությունը, այլ ընդդիմադիր կապիտալը։ Այդ առումով այսօր Հայաստանում աննախադեպ իրավիճակ է․ նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում երբեք չի եղել այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմությունը բազմապատիկ անգամ ավելի լրատվամիջոցների տիրապետի, քան իշխանությունը, իսկ այսօր իրավիճակը հենց այդպիսին է։ Դա, իհարկե, զգալի համեմատական առավելություն է քաղաքական պայքարում, բայց, այդուհանդերձ, ոչ որոշիչ։ Որովհետև ընդդիմություն կոչվածն իրականում չունի հանրային անգամ ամենանվազ աջակցություն, իսկ միայն քարոզչությամբ, որքան էլ այն լինի ագրեսիվ ու բազմակողմ, հնարավոր չէ սոցիալական հենարան ձևավորել։ Որքան էլ կարևոր, այդուհանդերձ քարոզչությունը ընդամենը քաղաքականությանը սպասարկող գործիք է, բայց ոչ քաղաքականություն, մինչդեռ այսօրվա ընդդիմադիրները, նույն Քոչարյանը՝ նաև իր այդ գնահատականով քաղաքականությունը նույնացնում է քարոզչության հետ, ինչը մեծագույն մոլորություն է։

-2018-ի հեղափոխությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի՝ կառավարումից հոգնածության վիճակի արդյունքում եղավ՝ «ամբոխահաճ պատերազմի թրենդ, որը, ի դեպ, ողջ Եվրոպայով էր տարածվում» եւ նրա կարծիքով, այդ ուժերը, որոնք օգտվեցին իրավիճակից, բավականին հաջող այդ «տեղեկատվական քաոսը» կառավարում էին: Չե՞ք կարծում, որ այս ամենում կա ճշմարտության հատիկ:

-Այո, գուցե կա այդ գնահատականում ճշմարտության հատիկ, սակայն դա իրականում կիսաճշմարտություն է։ Որովհետև այդ հոգնածությունը, որն առկա էր հասարակության մոտ, հոգնածություն էր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև նույն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից, նրանց ղեկավարած երկրից, նրանց երկուսի ձևավորած արատավոր բարքերից, կոռուպցիայից, օլիգարխիայից, մենաշնորհներից, քաղաքական հետապնդումներից, քաղաքացիական իրավունքների սահմանափակումներից և այդպես շարունակ։ Նման գնահատականներով, հասկանալի է, Քոչարյանը իրեն փորձում է տարանջատել բոլոր այդ արատներից և դրանք վերագրել միայն Սարգսյանի ժամանակաշրջանին, բայց բոլորս լավ հիշողություն ունենք ու հիշում ենք ամեն ինչ։ Ինչ վերաբերում է տեղեկատվական քաոսի կառավարմանը, կամ այլ տեխնոլոգիաների կիրառմանը, ապա գուցե դրանք բոլորը տեղ ու նշանակություն ունեին, սակայն որևէ տեխնոլոգիա չէր կարող հանգեցնել այդ փոփոխություններին, եթե չլիներ անցած քսան տարիների իշխանությունների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հասարակության ցասումն ու ատելությունը։

Իսկ պոպուլիզմի տրենդի մասին Քոչարյանի հիշատակումները, կարծում եմ ավելի շատ տեղեկացված մարդու տպավորություն թողնելու փորձ էր, քան իրական քաղաքական գնահատական, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին Հայաստանում, անխուսափելիորեն տեղի էր ունենալու՝ անկախ նրանից՝ այդ ցասումը առաջնորդող ուժերն ու գործիչները կլինեին պոպուլիստներ, լիբերալներ, սոցիալիստներ, թե պահպանողականներ։ Իրականության մեջ 2018 թվականը համաժողովրդական ակտ էր և ոչ թե առանձին վերցրած որևէ ուժի կամ գործիչ գործողություն՝ ուղղորդված այս կամ այն գաղափարական կամ ապագաղափարական հոսանքով։ 2018 թվականին հանրապետության փողոցներում ոչ թե որևէ գաղափարախոսություն է հաղթել, այլ Հայաստանի ժողովուրդը, որը դա անելու էր՝ անկախ որևէ գաղափարական կամ գաղափարախոսական ուղղվածությունից։

– Իսկ Բելառուսի հետ հայաստանյան իրադարձությունների զուգահեռների հետ համամի՞տ եք:

– Մասամբ այո, մասամբ, ոչ։ Եվ խնդիրը կրկին նույն մղումն է՝ ընդհանրացնել Հայաստանում տեղի ունեցածը այլ երկրերում կատարվածի մեջ և ոչ ուղղակիորեն, ակնարկներով, 2018 թվականի հեղափոխությանը տալ աշխարհաքաղաքական ուղղվածություն, հասկացնել, որ դա արևմտյան գործընթաց էր։ Իրականությունը, սակայն այն է, որ դա ամբողջությամբ ներհայկական, ներհայաստանյան գործընթաց էր, որի գլխավոր սուբյեկտը ոչ թե որևէ գերտերություն էր կամ աշխարհաքաղաքական բևեռ, այլ Հայաստանի հասարակությունը։ Չնայած բելառուսական ու հայաստանյան իրադարձությունների արտաքին, մակերեսային ընդհանրություններին, իրականում խորքային տարբերությունները շատ ավելի են՝ սկսած երկու երկրների իշխանությունների բնույթի տարբերություններից, մինչև աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում առկա հակադրություններ։ Այնպես որ, սխալ է արհեստական զուգահեռներ անցկացնելը։

– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կառավարման, վարած քաղաքականության հասցեին Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը: Նա անգամ ասում է, որ հիասթափված է Սերժ Սարգսյանից եւ այն բարեփոխումներից, որոնք իրականացվեցին նրա կառավարման տարիներին:

-Ես արդեն նշեցի, որ նման գնահատականներով Քոչարյանը նաև փորձում է տարանջատվել Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանից՝ իրեն դիրքավորելով այլ հարթությունում։ Բայց եկեք չմոռանանք, որ ոչ առանց հիմքի, տասնամյակներ շարունակ մեր քաղաքական բառամթերքի ամենագործածվող եզրը եղել է ու կա «քոչարյանասերժական Հայաստան» արտահայտությունը, քանի որ իրականում այդ երկու իշխանությունները, երկու ռեժիմները կապված էին իրար հետ օրգանական ու դիալեկտիկական կապերով, Սարգսյանի իշխանությունը Քոչարյանի իշխանության բովանդակային շարունակությունն էր՝ արտաքին, ֆասադային տարբերություններով։

Ինչ վերաբերում է Սարգսյանից Քոչարյանի հիասթափվածությանը, ապա կարծում եմ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սարգսյանական Հայաստանում Քոչարյանը չունեցավ այն դերը, որը ենթադրում էր նախագահի պաշտոնը հանձնելիս կամ ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերել իշխանության ընդունման–հանձնման ժամանակ։ Քոչարյանը խոսում էր սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանական կառավարման կարգ ներդնելու Սարգսյանի որոշման հետ իր անհամաձայնության մասին։ Իսկ դրա հիմքում այն է, ինչ ես ասացի․ ներդնելով խորհրդարանական կառավարման կարգ՝ Սերժ Սարգսյանը գործնականում փակեց քաղաքականություն վերադառնալու Քոչարյանի դռները, քանի որ վերջինս չուներ և մինչև օրս էլ չունի քաղաքական միավոր՝ կուսակցություն, առանց որի պառլամենտական երկրում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ ու գալ իշխանության, ինչը նպատակ հետապնդում էր ու գուցե դեռ հետապնդում է Քոչարյանը։

Այսինքն՝ այս անհամաձայնության հիմքերը շատ խորն են ու հասնում են մինչև 2008 թվական՝ իշխանության փոխանցման ժամանակաշրջան։ Մյուս կողմից՝ Սարգսյանին քննադատելու Քոչարյանի մարտավարությունը կարող է հետապնդել նաև ընթացիկ քաղաքական նպատակներ, քանի որ ներկայումս նրանց միջև ակնհայտ մրցակցություն է ընթանում՝ ընդդիմադիր դաշտում առաջնորդության համար։

-Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասում է, որ առաջիկա ընտրական փուլին մասնակցելու է՝ եթե ազատության մեջ եղավ:

– Այդ նախադասության մեջ ամենակարևոր, առանցքային բառը «եթե»–ն է, որովհետև, այո, մեծագույն հարց է նրա՝ ազատության մեջ լինելու հնարավորությունը։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ կարող է հնչել՝ Քոչարյանի այսօրվա ազատության երաշխավորն իրականում նրա գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն է, ով չի կարողանում դատական գործընթացը վարել այնպես, որ այն մտնի փաստերի ներկայացման, տուժողների, վկաների ցուցմունքների հրապարակման, առերեսումների փուլ, որովհետև այդ ժամանակ վստահաբար Քոչարյանը չի կարող ազատության մեջ հայտնվել ոչ 2 ոչ էլ 20 կամ 200 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Այնպես որ, վստահ եմ, դատական գործընթացի՝ բովանդակային փուլ մտնելուն զուգահեռ Քոչարյանը վերադառնալու է բանտախուց, որտեղ գտնվողներին ընտրական փուլում մասնակցելու հնարավորություն Հայաստանի օրենսդրությունը չի տալիս։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930