Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կանաչ հեղափոխություն» տեսած գյուղի բնակիչները ոչ մի կերպ չեն համակերպվում, որ խոշորացվել են. պատկերավոր նկարագրում են՝ «Եթե 7 ախպեր միասին ապրեն, ի՞նչ կլինի»

Սեպտեմբեր 03,2020 21:01

«Կանաչ գյուղ»-ի տիտղոսին արժանացած Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչները մինչ օրս չեն համակերպվում համայնքների միավորմանը․ նրանք, ամենաշատն են ըմբոստանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բնակիչները բողոքի ցույցեր կազմակերպեցին՝ նոր իշխանություններից պահանջելով չեղյալ համարել 2017 թվականի խոշորացումը, քանի որ խախտվել է իրենց սահմանադրական իրավունքը․ արհամարհել են բնակիչների կարծիքը, անտեսել գյուղացիների կազմակերպած ստորագրահավաքը։

Ախուրյան համայնքը խոշորացվել է 2017 թվականին՝ միավորելով Այգաբաց, Արեւիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ Ախուրյան եւ Ջրառատ գյուղերը:

Նախքան միավորումը Բասեն գյուղի տարեկան բյուջեն կազմել է 39 միլիոն 534 հազար դրամ։

Բասենը շրջակա գյուղերից տարբերվում էր նրանով, որ ուներ ստեղծագործ ու գործունյա գյուղապետ։ Համլետ Պետրոսյանը հեղափոխական ներդրումներ էր կատարել․ օգտագործել էր լույսի ու գազի այլընտրանքային տարբերակները, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաներ ներդրել։ Գյուղապետ Պետրոսյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրել էր հարազատ գյուղը դարձնել Հայաստանի ամենականաչ, էկոլոգիապես ամենամաքուր համայնքներից մեկը՝ մանկապարտեզում, սպորտդպրոցում արեւային ջրատաքացուցիչ համակարգ ներդնելով, օրգանական պարարտանյութով աշխատող ջերմատուն կառուցելով, բիոգազի ու բիովառելիքի արտադրամաս հիմնելով։ Բիովառելիքը ստանում էին օրգանական թափոններից։ Հենց այս ներդրումների շնորհիվ էլ Բասենն արժանացել էր «Կանաչ գյուղ» տիտղոսին։

Այս գյուղի օրինակով գազիֆիկացումից զուրկ շրջակա գյուղերի բնակիչները եւս սկսել են օգտագործել արեւային էներգիան՝ տեղադրելով արեւային ջրատաքացուցիչներ:

ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը եւս իր թեկնածությունն էր առաջադրել Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն իր հավաքած ձայներով զիջեց Ախուրյանի ներկայիս համայնքապետ, դաշնակցական Արծրուն Իգիթյանին։ Պարոն Իգիթյանը ստացել էր 2393 ձայն, իսկ Համլետ Պետրոսյանը՝ 966 ձայն․ Բասենի գրեթե ողջ բնակչությունը նրան էր ձայնը տվել: Ուշագրավ էր, որ ՀՀԿ-ն այդ ժամանակ սատարեց ոչ թե իր անդամին՝ նորարար, երիտասարդ Համլետ Պետրոսյանին, այլ 21 տարի շարունակ Ախուրյանի գյուղապետի պաշտոնը զբաղեցրած դաշնակցական Արծրուն Իգիթյանին։ Ինչին լրատվամիջոցներն էլ անդրադարձան:

Համայնքների միավորումից հետ Համլետ Պետրոսյանն անգամ Բասենի վարչական ղեկավար չնշանակվեց։

Այս համայնքների միավորումից երեք տարի անց էլ Բասեն գյուղի բնակիչներն այն համոզմանն են, որ խոշորացումը իրենց ոչինչ չի տվել։

«Հիմի մենք մեծ ուրախությամբ կարող ենք բաժանվել, մի բան պատկերացրու, 7 ախպեր են, որ ասենք՝ միանան իրար, իրար հետ ապրեն, իրար պիտի ուտեն, բայց, երբ բաժանվում են, ընտանիք են կազմում, մեկը վազում է հատիկի հետեւից, մյուսն էլ թասիբի է ընկնում, թե երկու հատ ավել բերեմ, որ ախպորիցս լավ ապրեմ։ Նեղվում ենք, որ միավորվել ենք․ տեր չկա․ կարկուտը խփեց, հեչ մարդ տեր չեղավ, տների հարցով տեր չեղան»,-Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Բասենի բնակիչներից մեկը՝ Ռաֆիկ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ գյուղի «հասակով» մարդկանցից է եւ իրավունք ունի հանդես գալ գյուղացիների անունից։

Նույն գյուղի մեկ այլ բնակիչ Արամ Խնկոյանն էլ, որը երկրաշարժից հետո անօթեւան է մնացել, 32 տարի բնակվում է կիսախարխուլ տանը: Տուն չունի, բերքն էլ կարկուտն է տանում: Ասում է՝ երեք տարի շարունակ «բերքի երես» չի տեսնում, ճիշտ է՝ 30 հազար դրամի չափով օգնություն են հատկացրել, բայց դա, ըստ նրա, հարցի լուծում չէ եւ ցորենի ծախսի 30 տոկոսն էլ չի ծածկում։ «Գյուղի վիճակը շատ ահավոր է՝ սկսած բնակարանային, գյուղատնտեսական հարցերից՝ գյուղը պրոբլեմների մեջ խեղդված է»,-համագյուղացու դժգոհություններին միացավ գյուղի մեկ այլ բնակիչ Ռաֆիկ Առաքելյանը։

Բասենը Ախուրյան խոշորացված համայնքում մեկ ավագանու անդամ ունի, սակայն մեր զրուցակցների կարծիքով՝ ավագանու անդամները չեն կարող գլոբալ խնդիրները լուծել։

«Խոշորացման ժամանակ խոստումներ էին տվել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց մենք էդ լավը հլը չենք տեսել»,-ասաց Արամ Խնկոյանը՝ նշելով, որ չին կարող ուրանալ, որ խոշորացումից հետո մանկապարտեզն են վերանորոգել, գյուղի «կլուբ»-ն էլ հերթի մեջ է, որը եւս ուզում են վերանորոգել. «Մեր գյուղը մեծ գյուղ է, լավ ջահելություն ունեցող, իրար ձեռք բռնող գյուղ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը, սակայն համակարծիք չէ բնակիչների հնչեցրած դժգոհություններին: Վստահեցնում է՝ անընդհատ ծրագրեր են իրականացվում, եւ դրանք շարունակական բնույթ են կրում։
Թվարկում է՝ անցյալ տարի սուբվենցիոն ծրագրով վերականգնվել է մանկապարտեզի շենքը, համալրվել է նոր գույքով, այս տարի էլ դոնորների միջոցով ու համայնքի աջակցությամբ մանկապարտեզում տեղադրվել է խաղահրապարակ։

«Ծրագրեր մշտապես լինում են, խոշորացումը դրա վրա բացարձակապես չի ազդել»,- ասում է վարչական ղեկավարն ու ձեռքի հետ էլ թվարկում գյուղի հիմնախնդիրները՝ ոռոգման ջուր չկա, ամռան ընթացքում էլ խմելու ջուրն է կտրվում, գյուղը գազիֆիկացված չէ, մշակույթի տունն էլ վերանորոգված չէ ։

Ըստ մեր զրուցակցի, անօթեւանության հարցը եւս լուրջ է, ճիշտ է՝ այս տարի 21 շահառու օգտվել են պետական աջակցությունից, մի քանիսին բնակարանների գնման վկայագրեր են հատկացվել, մյուսների համար էլ սկսել են տներ կառուցել, բայց կան շահառուներ, որոնք փաստաթղթային խնդիրների պատճառով անօթեւանության ցուցակից դուրս են մնացել։
Ռոման Համայակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի վարչական կենտրոնում մարդկանց հուզող հարցերը լուծվում են եւ չի եղել նման դեպք, որ խոչընդոտներ ստեղծվեն, իսկ խոշորացված համայնքի ղեկավարը բնակիչների հետ հանդիպում է, երբ դրա պահանջը կա։

Բասեն համայնքից ընտրված ավագանու անդամ Մհեր Մնացյանն էլ նշում է, որ ինքը, թեեւ գյուղի միակ ներկայացուցիչն է, սակայն իրեն հաջողվում է բարձրաձայնել գյուղի խնդիրները եւ իրեն էլ միայնակ չի զգում. «Ինչքան որ խնդիր ունենում ենք, բարձրաձայնում ենք ավագանու նիստերին, խնդիրներից մեկը երկրաշարժից տուժած անօթեւանների հարցն է։ Մարդիկ խաբված են եղել «Գլենդել Հիլզի» կողմից, այդ հարցն եմ բարձրաձայնել, որն այսօր լուծում է ստացել․ նրանք, ովքեր շահառու են, մի մասի համար տուն են կառուցում գյուղում, մի մասն էլ ԲԳՎ են ստացել։ Շատ հարցեր, որոնք բարձրաձայնում են գյուղացիները, ներկայացնում ենք ավագանու նիստերին։ Խոշորացված համայնքի առավելությունն այն է, որ կարող է խոշոր գործեր կատարել, որը չէր հաջողվի կատարել միայն գյուղապետարանի ուժերով․ խոշոր ծրագրերը անհնար էր հաստատելը, քանի որ համայնքապետարանը պարտադիր իր ներդրումը պիտի ունենա, իսկ հիմա սուբվենցիոն ծրագրեր շատ կան խոշորացված համայնքների համար»։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը հաշվարկել է եւ պարզել, որ նախքան միավորումն այդ յոթ գյուղերի բյուջեները միասին գումարած Ախուրյանի բյուջեից պակաս է եղել։ Յոթ բնակավայրերի բյուջեն միասին կազմել է 245 միլիոն դրամ, իսկ միայն Ախուրյան գյուղի բյուջեն 2017 թվականին եղել է 272 միլիոն դրամ:

«2017 թվականին Բասեն գյուղի հիմնական բյուջեն եղել է վարչական բյուջեն, իսկ ֆոնդային բյուջեն, որտեղից կապիտալ ծախսեր՝ վերանորոգում, շինարարություն, ճանապարհաշինություն, ջրագիծ քաշել եւ այլն, կազմել է 1 միլիոն 568 հազար դրամ, որով լուրջ աշխատանքներ կատարելու մասին բնական է, որ խոսք չի կարող լինել։ Կառնուտն էլ ֆոնդային բյուջե չի ունեցել, զրո է եղել, այսինքն՝ կապիտալ ծախսեր չի կարողացել կատարել։ Ջրառատը մի քիչ ավելի շատ է ունեցել՝ ֆոնդային բյուջեն 6 միլիոն 800 հազար դրամ է եղել։ Պարզ երեւում է, որ այս բնակավայրերն առանձին ծրագրեր չէին կարող իրականացնել։ Հովիտը 13 միլիոն 172 դրամ է ունեցել, որը հազիվ աշխատավարձի է բավարարել, ֆոնդային բյուջե չի ունեցել, զրո է եղել։ Այս գյուղերը 2017 թվականին որեւէ կապիտալ ծախս չեն կարողացել կատարել, էլ չեմ խոսում մանկապարտեզ կառուցելու կամ այլ շինարարություն ծավալելու մասին»,-ասաց Արծրուն Իգիթյանը։ Ըստ նրա, Բասենում համայնքների միավորումից հետո սուբվենցիոն ծրագրով վերանորոգել են մանկապարտեզը, այն արժեցել է 13 միլիոն 618 հազար դրամ, մանկապարտեզի կտուրը վերանորոգվել է համայնքի բյուջեի միջոցներով, որի համար համայնքը ծախսել է 1 միլիոն 400 հազար դրամ, ներդրումային ծրագրով էլ կառուցվել է խաղահրապարակը։ Բասենում նաեւ այլ ծախսեր են կատարել, համայնքի միջոցներով նոր թաղամասում 660 գծամետր խմելու ջրագիծ է անցկացվել, որը կազմել է 2 միլիոն 233 հազար դրամ, 62 հազար 700 դրամի չափով էլ խմելու ջրագիծ է վերանորոգվել:

«Բասենի մանկապարտեզում խումբ է ավելանալու, այդ մանկապարտեզը մինչ համայնքների խոշորացումը գործել է երկու խմբով, բայց մեկ խմբի համար նախատեսված տարածքում։ Վերանորոգումից հետո մենք արդեն ունենք երեք խմբի համար առանձին, բոլոր չափորոշիչներին, նորմերին համապատասխան շենք՝ մանկական խաղերով։ Մանկապարտեզը նախկինում աշխատել է միայն ամառային շրջանում, ձմռանը ջեռուցման բացակայության պատճառով չի աշխատել։ Խոշորացումից հետո մանկապարտեզի վարձը 5000 դրամից իջել է 3000 դրամ, բոլոր տեղերում ենք իջեցրել, ու որպեսզի երեխաները չտուժեն, բոլոր մանկապարտեզներում հացի գումարը տրամադրում է համայնքը։ Խոշորացումից հետո Բասենի մանկապարտեզն արդեն գործում է ողջ տարվա ընթացքում, նաեւ ձմեռային սեզոնին, տեղադրել ենք նոր էլեկտրական վառարան ու կազմակերպել ենք ջեռուցումը, այդ ծախսը ամսական 300 հազար դրամ է նստում»,-ասաց Արծրուն Իգիթյանը։ Նա նաեւ նշեց, որ Բասենին հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ են տրամադրել, որպեսզի երեխաները սպորտով զբաղվեն։ Այդ մարզիչի տարեկան աշխատավարձը կազմում է 1 միլիոն 200 հազար դրամ։

Ըստ պարն Իգիթյանի. «Սա ռեֆորմի սկիզբն է, ցանկացած ռեֆորմ սկսվում է շատ դժվարությամբ, ու եթե նման հաջողություններ կան, հույս ունեմ, այն կլինի լիարժեք»։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի համոզմամբ, համայնքների միավորումը նպաստում է բնակավայրերի համաչափ զարգացմանը, որի վառ օրինակը մի շարք համայնքներում մանկապարտեզի բացակայությունն էր, սակայն միավորումից հետո կառուցվում են։

«Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ համայնքները միացնում են իրար, իրենք միաձուլման պատկերացում ունեն, ի սկզբանե ճիշտ չմեկնաբանեցին։ Իրականում խոշորացումը ենթադրում է կառավարման համակարգի նոր ձեւ, փոփոխություն։ Իսկ այդ փոփոխությունը բերում է արդյունավետ կառավարման․ եթե այդ գյուղերը հնարավորություն չունեին շինարար, ճարտարապետ ունենալու, այժմ ունեն։ Նմանապես իրավաբանը բոլորինն է, իրենք մասնագիտական լուրջ հաստիքներ չեն ունեցել, այդ ծառայությունը չի մատուցվել ազգաբնակչությանը, բայց հիմա մատուցվում է, համապատասխան խորհրդատվություններ են կատարվում»,-միավորման առավելություններն է շեշտում Արծրուն Իգիթյանը։

Խոշորացման արդյունքում, ըստ մեր զրուցակցի, անհարկի հաստիքները կրճատվել են, հարկերի հավաքագրումն է ավելացել․ հարկման դաշտ են բերվել, այսպես ասած, իրենց արտոնյալ զգացող բնակիչները, որի ապացույցը բյուջեի տարեցտարի ավելացումն է։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ միավորման արդյունքում համայնքների բյուջեն ավելացել է, եւ դա հնարավորություն է տվել շատ ծրագրերի մասնակցելու։ Ըստ պաշտոնյայի, չկա այդպիսի միավորված համայնք, որտեղ առնվազն երկու-երեք սուբվենցիոն ծրագրեր չիրականացվեն, արդյունքում լուծվում է թե՛ ջրամատակարարման, թե՛ լուսավորության ցանցի, ենթակառուցվածքների զարգացման, տեխնիկայի ձեռքբերման հարցը։ Մարզպետարանի պաշտոնյայի փաստմամբ, կան փոքր համայնքների ղեկավարներ, որոնք անհամբեր սպասում են համայնքների միավորմանը։

«Սովորական գյուղացու համար ամենակարեւորը իր տնտեսությունն է, հողն է, վար ու ցանքն է։ Նախկինում ծրագրեր կային, այս տարի էլ , ինչքան գիտեմ, շուտով կսկսվի պետության կողմից դիզվառելիքի կամ սերմացուի աջակցության ծրագիր։ Եթե նման ծրագրերով էլ պետությունն աջակցում է, համայնքի բնակչին ի՞նչ է մնում․ եթե մոտակա փողոցը լուսավորված է, եթե ճանապարհները հարթեցված են, եթե մանկապարտեզ է կառուցվել, բնակչին էլ ի՞նչ է պետք»,-ասաց Արամ Անտոնյանը։ Նրա խոսքով, նախկինում անգամ խաղասենյակ չեն ունեցել, հիմա նույնիսկ համայնքային կենտրոններ են կառուցվում։ «Օրինակ՝ Մարմաշենում հսկայական շենք-շինություն լքված էր ամբողջությամբ, տարեցտարի քայքայվում էր, սուբվենցիոն ծրագրով մի հրաշալի համայնքային կենտրոն է կառուցվել, որը ե՛ւ խաղասենյակ է, ե՛ւ համայնքապետարան է, ամեն ինչ է։ Նախկին առանձին Մարմաշեն համայնքը չի էլ ունեցել նման կենտրոն, տարիներ շարունակ, այս պահին էլ իրենց վարչական ղեկավարի նստավայրը փայտյա տնակների մեջ է, վաղը մյուս օր տեղափոխվում են ավելի լավ պայմաններով տեղ, դա դրական տեղաշարժ չէ՞։

Ես Մարմաշեն համայնքն ինչքան մտել եմ, ճանապարհներն անհարթ են եղել կամ հարակից այլ բնակավայրեր, կամ օրինակ՝ Լեռնուտը, Կրասարը, այդ կողմերը ջրի խնդիր են ունեցել, հիմնականում խմելու ջրի։ Երբ մարզպետի հետ այցելեցինք Լեռնուտ, խնդրում էին սարերից ջուր բերել, այնտեղ աղբյուրներ կան, հիմա այդ հարցը համայնքի միջոցներով լուծվել է։ Կամո համայնքի օրինակն էլ միշտ բերում ենք, այս համայնքն առանձին լինելու դեպքում չէր էլ կարող երազել, որ համայնքային կենտրոն կունենա, մանկապարտեզ կունենա, հիմա այդ ամենն այնտեղ կա, բնականաբար, միավորման արդյունքում»,-ասում է մարզպետարանի պաշտոնյան՝ խոստովանելով, որ միավորման արդյունքում, նաեւ թերություններ էլ են լինում. «Պիտի պարզենք թերությունները ու հաջորդ միավորումների ժամանակ հաշվի առնենք, տեսնենք, որտեղ ենք թերացել եւ մյուս դեպքերում շտկենք»։

Նրա խոսքով, Արթիկի տարածաշրջանում փոքր համայնք կա, որը մանկապարտեզի խնդիր ունի, համայնքի երեխաները գնում են հարեւան համայնքի մանկապարտեզ, սակայն ձմռանը ճանապարհները դժվարանցանելի են, համայնքն էլ չի կարողանում ինքնուրույն լուծել այդ հարցը, սակայն միավորման արդյունքում այդ խնդիրն առանջահերթ լուծվելու է:

Ըստ մեր զրուցակցի, դեռ միավորված չեն Արթիկի ամբողջ նախկին տարածաշրջանի 24 համայնքները եւ Ախուրյանի նախկին տարածաշրջանի 33 համայնքներից 10-ը։ Սրանք միավորվելու են, իսկ այս պահի դրությամբ Շիրակի մարզում կան 7 միավորված համայնքներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արծրուն Իգիթյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930