«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ այսօր Հալաբյան փողոցում թիվ 42 մանկապարտեզին հարող խաղահրապարակում 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու միջադեպի հավանական պատճառը երկու օր առաջ նույն տարածքում կատարված մեկ այլ դեպք է: Գիշերային ժամերին բարձր երաժշտության պատճառով վիճաբանություն էր եղել, ու մարդ էր ծեծվել:
Ինչպես արդեն հաղորդել ենք, վիրավորներից երկուսը քրեական հեղինակություն՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արտյոմ Հարությունով) մորաքրոջ որդիներն են՝ 29-ամյա Տարոն Թամրազյանը եւ 31-ամյա Տիգրան Թամրազյանը: Իսկ մեկը նույն տարածքի բնակիչ 38-ամյա Դավիթ Տոնոյանն է, որն արդեն վիրահատվել է: Վիրավորներից մեկն էլ 54-ամյա Վարդան Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով: