Լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված վարչապետի լռությունը Ամուլսարի հարցով և ի՞նչ հստակեցում կա այդ հարցով։
«Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կար տարբեր մարմիններում, մասնավորապես՝ քննչական մարմիններում, գործեր են քննվել դեռևս 2019 թվականից մինչ օրս։ Դուք գիտեք, որ օրենքի շրջանակներում և ընդհանրապես իրավական դաշտը հանքարդյունաբերության ոլորտում, ըստ էության, կարելի է արձանագրել, որ գոյություն չունի, և դրանով է նաև այդ թվում պայմանավորված որոշումների կայացման զգուշավորությունը կառավարության կողմից, որովհետև մենք գիտենք, որ ցանկացած որոշում որոշակի իրավական հետևանքներ կարող է ունենալ ոչ թե և ոչ այնքան քաղաքական թիմի համար, այլ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի համատեքստում։ Ըստ այդմ, այդ որոշումների կայացման փուլում ենք մենք։ Մենք ունեցել ենք խորհրդակցություն վերջերս տվյալ թեմայի վերաբերյալ»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշեց, որ այդ հարցը ևս կառավարության ուշադրության կենտրոնում է․ «Եվ ես լռություն չէի որակի, ես ձեզ հավաստիացնում եմ, որ կառավարությունը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար։ Դուք գիտեք, որ տեսչական մարմինների համակարգման գրասենյակը օրենքների փաթեթ է ներկայացրել Ազգային ժողով, որով որ բավականին մեծ կարգավորումներ են առաջարկվում կոնկրետ ոլորտին վերաբերվող, որոնք որ տեսչական մարմնին հստակ հիմքեր կտան կոնկրետ գործողություններ իրականացնելու, կոնկրետ իրավիճակներից ելնելով, որոնց հնարավորությունը, որ ներկայիս օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն։ Ինչպես նաև, բնականաբար, շրջակա միջավայրի նախարարությունը նորանշանակ նախարարի գլխավորությամբ կոնկրետ գործողություններ է իրականացնում, և կարծում եմ, որ մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ մենք կունենանք, և համապատասխանաբար կներկայացնենք հանրությանը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ