Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մադոյան․«Այս տարի ՀՀ-ում ՄԻԱՎ է հայտնաբերվել մինչեւ 5 տարեկան 7 երեխաների մոտ․ սա վերջին հինգ տարիներին աննախադեպ է»

Սեպտեմբեր 03,2020 20:30

Հայաստանում ՄԻԱՎ-ի առաջին գրանցման օրվանից մինչեւ օգոստոսի 31-ը գրանցվել է հիվանդության 4039 դեպք, որոնցից 2801-ը տղամարդ են, 1238-ը՝ կին, մահվան դեպքերը՝ մոտ 1000։ Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը: Նրա ներկայացմամբ՝ մասնագետների հաշվարկներով, մինչեւ տարվա վերջ գրանցված նոր դեպքերի թիվը, հավանաբար, կհասնի 400-450-ի։

Հովհաննես Մադոյանի լուսանկարը՝ «Արմենպրեսի»

«Վերջին մոտ 6 ամիսների ընթացքում, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ղեկավարության փոփոխություններից հետո Հայաստանում ՄԻԱՎ է հայտնաբերվել մինչեւ 5 տարեկան 7 երեխաների մոտ։ Սա վերջին հինգ տարվա ընթացքում աննախադեպ է։ Ընդ որում` այս 7 դեպքի վարակը տեղի է ունեցել 2019 թվականին եւ ավելի վաղ ժամանակահատվածում։ Հիմա ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է հարցը, հասկանալու՝ ինչ պատճառով են այդ յոթ դեպքերը տեղի ունեցել, եւ ինչ պատճառով են նախկինում նման դեպքերը բաց թողնվել, որովհետեւ չի կարող լինել պատճառ, որ տարիներ շարունակ երկու-երեք դեպք է արձանագրվում ու հանկարծ կես տարվա մեջ յոթ դեպք։ Խոսքը մորից երեխային փոխանցման դեպքերի մասին է։ Նույնիսկ ունենք դեպք, որ հինգ տարեկան երեխա ենք ախտորոշել, բայց այդ դեպքերը տեղի են ունեցել 2015 թվականից սկսած, այսինքն, էն ժամանակ, երբ երկիրը ներկայացրել էր հայտ, որ ինքը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման էլիմինացիայի է հասել, բայց փաստորեն ունեցել ենք դեպքեր»։

Պարոն Մադոյանի փոխանցմամբ՝ երեխաներից 3-ը 1 տարեկան են, այսինքն՝ ծննդաբերությունն եղել է 2019 թվականին, հղիությունն ընթացել է 2018-2019 թվականների ընթացքում․ «Ու այս հղիներին ինչ-որ ձեւով այդ ժամանակ ենք բաց թողել։ Ես հոգնակի թվով եմ խոսում, որովհետեւ ինձ էլ եմ միացնում, որովհետեւ դա միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի գործը չէ, դա ամբողջ համակարգի գործն է։ Երեխաներից մեկը 2 տարեկան է, 3 տարեկան լրացած՝ 2 հոգի, 5 տարեկան՝ 1 հոգի»,- հայտնեց Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով՝ մինչև հուլիսի 31-ը Հայաստանում ՄԻԱՎ-ի 60 հազար հետազոտություն է կատարվել, սա մոտ նախորդ տարիների ցուցանիշին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ ամիս բաց է թողնվել: ՄԻԱՎ-ի 249 նոր դեպք է գրանցվել, եւ ինչպես ասաց պարոն Մադոյանը, այս տարի ՁԻԱՀ-ից մահվան դեպքերը 35-ն են․ «Ցավոք սրտի, մինչեւ հիմա շատ են դեպքեր, երբ մարդիկ ուշ են դիմում, ուշ են ախտորոշվում, երբ օգնելն արդեն գրեթե անհնար է լինում: Երեխաների մահվան դեպք չունենք»։

ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի 70%-ը կապված է միգրացիայի հետ, փոխանցողը հիմնականում, ըստ Մադոյանի, միգրանտն է եւ նրա զուգընկերը՝ հիմնականում կինը։ Այս պահին 2310 մարդ հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժում են ստանում, ընդ որում 303-ը միացել են բուժմանը այս տարի։ Դիտարկմանը՝ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում օրինակելի երկիր էր համարվում, Մադոյանը նշեց, որ Հայաստանը համարվել է օրինակելի երկիր որոշակի նվաճումների շնորհիվ․

«Այս պահին ԱՀԿ-ն դիտարկում է 2018 թվականին ախտորոշված մորից երեխային փոխանցված դեպքերը: Երկիրը պետք է բացատրություն տա յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ, թե արդյոք դա հավանական թվի մեջ է մտնում, թե երկրի ծառայությունները լիարժեք չեն եղել: Դեռ ԱՀԿ-ն իր որոշումը չի կայացրել: Եթե կազմակերպչական խնդիրներ են եղել, ապա երկիրը պարտավորվում է դա վերացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930