Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դիմակի տուգանքը» կարող է դատարան բողոքարկվել ոչ թե 2 ամսում, այլ 10 օրում. Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբեր 03,2020 17:52

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսից ի վեր իրավաբանները բարձրաձայնում են, որ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել՝ համավարակի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումները «սովորական օրենքներ» տեղափոխելու ճանապարհով։ Այդ «սովորական օրենքները» նույնպես մատնանշվում էին՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքները, որոնք գործում են դեռ 1990-ականներից։

Եվ ահա իշխող քաղաքական ուժը ամիսներ անց, լիուլի օգտվելով արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված բոլոր հնարավոր «բարիքներից» (հավաքների տոտալ արգելքի պայմաններում հանրաքվեի չեղարկում, Սահմանադրության մեջ հակասահմանադրական եղանակով կատարված խայտառակ փոփոխություն, ՍԴ-ում ճգնաժամի ստեղծում, առանց պատշաճ հանրային քննարկման Լանզարոտեի կոնվենցիայի վավերացում և այլն, և այլն, և այլն), վերջապես որոշել է գնալ միակ ռացիոնալ ճանապարհով, առկա սահմանափակումների մեծամասնությունը տեղափոխել «սովորական օրենքներ» և սեպտեմբերի 11-ից հետո այլևս չերկարացնել արտակարգ դրության ժամկետը։ Նոր իրավական ռեժիմը կոչվելու է «կարանտին», և հավանաբար այն գործելու է հենց սեպտեմբերի 11-ից։ Մինչ այդ, օրենքների փաթեթն ընդունելու համար, վաղը՝ սեպտեմբերի 4-ին, գումարվում է ԱԺ արտահերթ նստաշրջան։

Թվում է՝ ամեն ինչ կարգին է։

Բայց արի ու տես՝ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Օրենսդրական փաթեթը ներառում է նաև փոփոխություններ վարչական դատավարության կարգավորումներում՝ սահմանելով, որ «կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերով» դատարան դիմելու ժամկետն ընդամենը ՏԱՍՆ ՕՐ Է։ Այս խրթին ձևակերպումը նշանակում է, որ, օրինակ, «դիմակի տուգանքը» կարող է դատարան բողոքարկվել ոչ թե 2 ամսում, այլ 10 օրում։

Պարզից էլ պարզ է, որ սա դատական պաշտպանության իրավունքի լուրջ սահմանափակում է, որը «տուգանքի մատերիալի» վերածված շատ ու շատ քաղաքացիների փաստացի զրկելու է դատարան դիմելու ու արդարությունը վերականգնելու իրական հնարավորությունից։

Համարում եմ, որ սա իշխող քաղաքական ուժի հերթական անբարեխղճությունն ու «դաղալությունն է»։

Հուսով եմ՝ վաղը Ազգային ժողովում ընդդիմությունն այս հարցը կբարձրացնի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930