Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ռադիոհետախուզությունը որսացել է Բեռլինի և Վարշավայի միջեւ խոսակցությունը, որը հերքում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորելու մասին հայտարարությունները:
«Ես պետք է ասեմ, որ նախքան երեկվա իր ելույթը` Անգելա Մերկելը հայտարարել էր, թե Նավալնու բերանն ուզում են փակել: Որքանով որ մենք ենք հասկանում, Վարշավայի և Բեռլինի միջեւ խոսակցություն է եղել, որը որսացել է մեր ռազմական ռադիոէլեկտրոնային հետախուզությունը»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Միշուստինի հետ հանդիպման ժամանակ և խոստացել ռուսական կողմին փոխանցել խոսակցության վերծանումը, որը վկայում է այն մասին, որ այդ ամենը կեղծիք է:
«Ոչ մի թունավորում չի եղել: Որքան հասկանում եմ, մի խումբ մասնագետներ Մերկելի և նրա վարչակազմի համար պատրաստել են փաստեր կամ միգուցե հայտարարություններ, որոնք էլ նա արել է: Դրա նպատակը Պուտինին Բելառուսի գործերին խառնվելուց հետ պահելն է»,- ասել է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, թե Բունդեսվերի լաբորատորիայում անալիզների արդյունքները հաստատել են, որ Նավալնուն թունավորել են Նովիչոկ խմբի նյարդապարալիտիկ ազդեցության նյութով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ