Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը դատական նիստին չէր եկել. ցուցված է կորոնավիրուսի թեստ հանձնել

Սեպտեմբեր 03,2020 16:48

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի եւ գործարար Բարսեղ Բեգլարյանի գործով հերթական դատական նիստին այսօր Սերժ Սարգսյանը չէր ներկայացել: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց բժշկական կենտրոնի փաստաթուղթն այն մասին, որ Սերժ Սարգսյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող նիստին մասնակցել: Դատարանն արձանագրեց, որ նիստը պետք է կրկին հետաձգեն՝ Սերժ Սարգսյանի չներկայանալու պատճառով:

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա՝ Սերժ Սարգսյանն իսկապե՞ս զրկված է եղել նիստին մասնակցելու հնարավորությունից. «Այս փաստաթղթից պարզ չէ՝ այսօր ամբաստանյալի ջերմությունն իջա՞ծ է եղել, թե՞ ոչ: Իմ բարձրաձայնած հարցը շատ էական նշանակություն ունի՝ ամբաստանյալի վարքագիծը քննարկելու եւ նրա խափանման միջոցի հարցին կրկին անդրադառնալու համար: Այսպես անվերջ նիստերը կձգձգվեն»:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն արձագանքեց՝ երբ դատախազն ասում է «ամբաստանյալ Սարգսյան», հիշենք, որ խոսքը հանրապետության նախագահի մասին է, եւ նախագահի մասին շեշտադրումներ լսելիս համապատասխան արժանի հարգանք են ակնկալում. «Երբ դատախազն ուսումնառության մեջ էր, հանրապետության երրորդ նախագահը ղեկավարում էր մի գործողություն, պատերազմ, որից կախված էր այսօր…»: Այս խոսքերի վրա դատավոր Վահե Միսակյանը պաշտպանին ընդհատեց՝ խնդրելով դատախազի հետ բանավեճի մեջ չմտնել եւ առարկայական խոսել:

Մակինյանը շարունակեց. «Ես դատարանին տեղեկանք ներկայացրի: Դատախազն անցնում է էթիկայի սահմանները»: Դատավորը հետաքրքրվեց՝ էթիկայի ո՞ր կանոնների խախտման մասին է խոսքը, որոնք ինքը չի նկատել: Մակինյանը պատասխանեց. «Դատախազը կասկածի տակ է դնում նախագահի առողջական վիճակը: Փաստաթղթում արձանագրված է նրա բարձր ջերմությունը, երեւի դատախազը բաց թողեց այդ հատվածը: Նաեւ այն, որ կորոնավիրուսի թեստ է ցուցված հանձնել՝ ախտանշաններով պայմանավորված: Դատախազի վարքագիծն ինչ-որ տեղ վիրավորական է»:

Ամրամ Մակինյանը նաեւ հարցադրում արեց՝ եթե Սերժ Սարգսյանի առողջական վիճակի մասին պատշաճ բժշկական փաստաթուղթ է ներկայացված, խափանման միջոցի հարց քննարկելու ի՞նչ ակնարկ կարող է լինել առհասարակ: Դատախազ Մարտիրոսյանը հակադարձեց՝ ինքը կասկածի տակ չի դրել մեղադրյալի առողջական վիճակը, այլ ասել է, որ այսօր նիստին չներկայանալու պատճառն իր համար հասկանալի չէ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցին, դատախազը նկատեց՝ ինքը չի միջնորդել այն փոփոխել, այլ ասել է, որ իրավիճակն էական նշանակություն ունի՝ խափանման միջոցին անդրադառնալու համատեքստում. «Վերահաստատում եմ դիրքորոշումս. փաստաթղթից պարզ չէ՝ ամբաստանյալ Սերժ Սարգսյանն այս պահին ունեցե՞լ է նիստին ներկայանալու հնարավորություն, թե ոչ»:

Դատավորն արձանագրեց, որ Սերժ Սարգսյանի չներկայանան անհարգելի չի համարում, եւ հաջորդ նիստում կպարզեն առողջական վիճակի հետ կապված մանրամասները: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին` 15:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ հատուկ քննչական ծառայության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013թ.-ին կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489.160.310 դրամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930