«Իմ մասին տարբեր բաներ տարածողներն ամենալավը գիտեն, որ ես այս ոլորտում պատահական մարդ չեմ»,-այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե իր նշանակումից հետո աղմուկ բարձրացավ: Պարոն Մադոյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ «ՁԻԱՀ կանխարգելման» կենտրոնի միավորումից որոշ ժամանակ անց:
Մինչ այդ տնօրեն էր Մհեր Դավիդյանցը, որը Մադոյանի նշանակումից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տնօրենի տեղակալի պաշտոնը, սակայն մերժել է:
Պարոն Մադոյանն՝ իր նշանակման շուրջ բարձրացված աղմուկի մասին նաեւ ասաց. «Իմ կենսագրությունը թափանցիկ է, ֆեյսբուքի իմ անձնական էջում նշված են բոլոր աշխատատեղերը: Աղմուկ բարձրացնողը ցանկացած պարագայում կբարձրացնի։ Իսկ «Նորք» ինֆեկցիոնի աշխատողներն իրենց բժիշկներին վայել են պահել, միանգամից դրսեւորվել, ձեւավորվել են աշխատանքային հարաբերություններ։ Հենց առաջին րոպեից մենք սկսել ենք քննարկել, թե ինչպես պետք է աշխատանքները ծավալենք։ Այսինքն՝ ցանկացած շահարկում լրիվ անիմաստ էր»:
Անդրադառնալով կենտրոնների միավորման արդյունքներին, Հովհաննես Մադոյանն ասաց, որ ձեւավորվել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաեւ որոշ հիվանդությունների վերացմանն ուղղված միջոցառումների համակարգումը, մեթոդների մշակումը. «Այս տրամաբանության մեջ կարեւոր է, որ այս երկու կազմակերպությունները միավորվել են: Արդեն ուրվագծված են որոշ ուղղություններ, որոնց շուրջ աշխատանքներ ենք կատարում, դա հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագրում հիմանական դերակատարումն է, որը ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն է իրականացնելու: Միավորման երկրորդ կարեւոր արդյունքն այն է, որ միավորելու ենք մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի եւ սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, գործողությունը: Հայաստանը՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման առումով լուրջ հաջողությունների է հասել, եւ այդ փորձը մենք տարածելու ենք նաեւ այլ վարակների վրա»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մադոյանն ասաց, որ այսօր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում թթվածնի կայան է գործարկվել, այսինքն, բուժառուները թթվածինը մոտ ապագայում կստանան նոր կայանից:
Կենտրոնի վերանորոգման մասին էլ Հովհաննես Մադոյանն ասաց. «Վերանորոգման աշխատանքները սկսել են, շարունակվում են, այս պահին 5-րդ՝ մեծահասակների բաժանմունքի վերանորոգումը մոտենում է ավարտին: Գրեթե ավարտված է 6-րդ բաժանմունքը: Ընթացիկ աշխատանքներ կան, որովհետեւ ոչ բոլոր բաժանմունքներն են նախատեսված եղել համաճարակի, օդակաթիլային վարակների վերահսկումն ապահովելու համար: Նախատեսվում է ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցում՝ նույն տարածքում, որը կկապի երկու մասնաշենքերը, այն մոդերնիզացված կլինի, նախատեսվում է լաբորատոր մասնաշենքի կառուցվի։ Հույս ունենք գալիք տարի աշխատանքները կսկսվեն, բայց կորոնավիրուսի համաճարակից շատ բան կախված կլինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ