Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան․ Բիզնես շահը գերադաս դարձավ քաղաքի զարգացմանը

Սեպտեմբեր 03,2020 15:56

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ինչքան վիճահարույց թույլտվություն եղել է՝ բոլորի ոչ միայն շինթույլտվությունը, այլ նախագծման թույլտվությունը տրված է եղել այս իշխանությունների օրոք»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Երևան․ Թումանյանից Մեսչյան» բանավեճի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա որպես օրինակ բերեց Տպագրիչների փողոցում գտնվող 1934 թվականին կառուցված շենքը․ «Մարությանը (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը – խմբ.) թույլ էր տվել ասֆալտի որոշ հատված կտրել, մայթի մի մասը կտրել, փորել այդ շենքի բազալտե հիմքը, որպեսզի այնտեղ դուռ բացվի և նկուղային հարկը կոմերցիոն նպատակներով օգտագործվի։ Ես տեսա, չհավատացի, անկեղծ ասած, որ թույլտվություն կա, հետո ստուգեցինք, տեսանք, որ ո՛չ, շինթույլտվությունը կա, տրվել է, և սկսած նախագծման թույլտվությունից գործընթացը զրոյից իրականացվել է այս քաղաքային իշխանությունների օրոք։ Նույնը վերաբերում է Մաշտոցի պուրակին անմիջապես կից բակին, որտեղ բակի մեջտեղում վեր է խոյանում բազմաֆունկցիոնալ, բազմահարկ համալիր, որի շինթույլտվությունը կրկին տվել է Մարությանը, և դրա դիմաց քաղաքը, ինչպես հասկանում եք, ոչ անհատույց ստացել է որոշակի գույք։ Երրորդ հասցեն վերաբերում է նույն թաղամասին, որտեղ կառուցապատվում է բազմահարկ շինություն՝ սեփական տների թաղամասի մեջտեղում, նույնը նաև Նազարբեկյան փողոցի վրա է»։

Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ Երևանում դեռ մնացել էին թաղամասեր, որոնք կարելի էր զերծ պահել ձևախեղումներից․ «Բայց իհարկե՛, քաղաքային իշխանությունը այդ էստաֆետը վերցրեց և հանուն բիզնես և կորպորատիվ շահերի այդ գործառույթը իրականացրեց։ Բայց ես համակարծիք չեմ, որ դա մի այնպիսի իրավիճակ է, որ որևէ գլխավոր ճարտարապետ չի կարող շրջել, պարզապես դա պայմանավորված է քաղաքային իշխանության պատկերացումներով, դրված նշաձողներով։ Առաջին բանը, ինչ պետք է աներ գլխավոր ճարտարապետը, կանոնակարգումն էր, թե քաղաքում ինչ է կարելի, ինչ չի կարելի։ Հիմա, երբ բացում ես բարձրահարկ շենք կառուցելու վերաբերյալ քաղաքաշինական նորմերը, տեսնում ես, որ ամեն ինչ բերում է մեկ բանի, եթե հաշվարկված են ինսոլացիոն պարամետրերը, և դրանք համապատասխանում են մի աբսուրդային չափորոշիչի, ապա կարելի է անգամ 10 մետրի վրա մեկ այլ բազմահարկ շենքի անմիջապես դիմացը դնել մյուսը։ Եվ բնակիչները գնում են բնակարաններ, հետո պարզվում է, որ իրենցից 10 մետր այն կողմ մեկ այլ շենքի հարևանը դեմ դիմաց իրեն է նայելու։ Այդ պրակտիկան շարունակվեց նաև այս իշխանությունների օրոք, ինչը, բնականաբար, բացասական է»։

Նա հիշեցրեց, երբ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ստանձնել է պաշտոնը, ասել է, որ այդ ինքնակամ շինությունների օրինականացման մասին օրենքը խայտառակություն է և պետք է փոխվի․ «Երկու տարի խոսել, թե ինչ-որ օրենք պետք է փոխվի, և այդ օրենքը չփոխել, շատ բացասական երևույթ է։ Հիմա մետրոյի մասին անգամ չենք խոսում։ Բայց այդտեղ նաև ուրիշ բան էլ կա՝ այս քաղաքային իշխանությունների խոստումն էր մետրոյի կառուցումը, և երբ Մեսչյանը եկավ, ստանձնեց պաշտոնը, իր առջև դա էր, որ դրված էր։ Եթե իրեն ասեին՝ գիտես, դու պետք է գնաս կանոնակարգումների ուղղությունով, եթե քեզ հարյուր հատ «ԿամԱԶ» առաջարկեին, դու չպետք է համաձայնվես, քաղաքաշինական նորմերը զիջես, հանուն ինչ-որ գույքի։ Եթե այդպես լիներ հիմա կունենայինք բոլորովին այլ իրավիճակ, բայց և՛ բիզնես շահը, և՛ քաղաքային ու քաղաքական շահը գերադաս դարձավ քաղաքի զարգացմանը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930