Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործողության կանոններում: Մինչ հարցի քննարկումը Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, կառավարությունը սույն թվականի մայիսի 21-ի նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվելիք, երևի թե, ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկը: Ծրագրի շրջանակում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 միլիարդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, և մնացյալ 50 տոկոսը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպության կողմից»:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ կառավարչի ներկայացուցիչների և կառավարության գործընկեր կառույցների հետ երկար քննարկումների արդյունքում և վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում կայացվել է ֆոնդի գործողության կանոններում որոշակի փոփոխություններ անելու որոշում: Ներկա կարգավորումներով, ըստ նախարարի, ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար և ավելի քան 2 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար: «Այնուամենայնիվ, ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի քիչ ավելի փոքր լինելու դեպքում, քան 1 միլիոն դրամն է կամ ավելի բարձր լինելու դեպքում, քան 2 միլիոն դոլարն է, կառավարությունն էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին: Արդեն ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է այդպիսի դեպքերի մասին: Համապատասխանաբար, այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-ից 2 միլիոն կազմելու փոխարեն կազմի՝ կես միլիոն դոլարից կամ 500 000 դոլարից մինչև 4 միլիոն դոլար սահմաններում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ երկրորդ փոփոխությունը նույնպես շատ էական է: «Մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն նոր մեկնարկող ծրագրերի դեպքում: Սակայն կան բազմաթիվ ծրագրեր, որտեղ ներդրողն արդեն իսկ իր միջոցներով որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում: Կառավարությունը որոշեց, որ պետք է կառավարչին թույլ տա նաև մասնակցել այդպիսի ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին», -ասել է Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ սահմանվում են նաև ֆոնդի գործունեության ևս չորս նոր կանոններ, որոնք վերաբերում են կառավարության մասնակցությանը: Մասնավորապես, կառավարությունը ֆոնդում կունենա ժամկետային սահամանափակ մասնակցություն: «Այդ ժամկետը սահմանում ենք 10 տարի: Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար»,-ասել է Տիգրան Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Նախարարը նշել է, որ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 մլրդ-ի համար որոշված առաջին չափաքանակն է։
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ