Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը կարող է ձեր նման մի ուրիշ խումբ գալ ու ասի՝ թողեք գնանք Եվրոպա». Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին

Սեպտեմբեր 03,2020 15:12

Կառավարության մոտից այսօր ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները երթով շարժվեցին դեպի արտգործնախարարություն, որտեղ նրանց հանդիպեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիներին ասաց. «Բազմաթիվ օրինակներ կան, բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ ՌԴ քաղաքացի հանդիսացողները ասել են՝ ուզում ենք գնալ, Վրաստանն ասում է՝ չենք թողնելու, որ մեքենաներով անցնեք։ Կազմակերպել ենք, միասին պայմանավորվել ենք, որ ինչ-որ մի կարգավիճակով մի բան ստեղծենք, բայց դա ՌԴ քաղաքացիներ են եղել եւ նրանց թույլ են տվել»։

Պարոն Մնացականյանն ասաց, որ քաղաքացի չհանդիսացողներին թույլ չեն տալիս. «Ժողովուրդ, այդ երկրի կանոններն են։ Բացի Հայաստանից՝ կան 192 այլ երկրներ։ Խնդրում եմ, հստակ լինենք, ես դատարկ խոստում ձեզ չեմ տալիս։ Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Դուք եկել ու ասում եք՝ ուզում ենք Ռուսաստան գնալ, հասկացեք ամեն մեկը փորձում է այս խնդիրը լուծել»:

Նախարարն ասաց, որ այս պահին էլ Հայաստանը բանակցություններ ու քննարկումներ ունենում է, սակայն որեւէ հստակ բան չի կարող ասել՝ երբ կբացվեն սահմանները։

Քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, որ Բելառուսում էլ համավարակը կա, բայց ՌԴ-ի հետ սահմանը բաց է, Զոհրաբ Մնացականյանն ի պատասխան ասաց. «Դա իրենց որոշումն է, այնտեղ կա այլ կարգավիճակ։ Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց լուծումն անմիջապես առկա չէ, որովհետեւ լուծումը վերաբերում է այլ երկրի որոշումներին»։

Նախարարը նաեւ ասաց, որ քննարկումները ոչ միայն ՌԴ-ի, այլեւ այլ երկրների հետ էլ են տեղի ունենում. «Ընդհանրապես, վաղը կարող է ձեր նման մի ուրիշ խումբ գալ ու ասի՝ թողեք գնանք Եվրոպա։ Հիշեցնեմ, որ գոյություն ունի համաշխարհային համավարակ։ Դեռեւս իրավիճակն այնպիսին չի, որ կանոնը փոխվի։ Մենք մեր որոշումներն ընդունում ենք ըստ մեր երկրի պահանջների, որովհետեւ մեր առաջին թիրախը մեր երկրում այս համավարակը նվազեցնելն ու դեմն առնելն է»։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ իրեն չի բավարարում նախարարի պատասխան, ի պատասխան նախարարն ասաց. «Բնական է, դե ուզում եք գնաք»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930