«Ծրագրային է խնդիրը, և խորհրդային տարիներից հետո, ես կասեի նույնիսկ 80-ականների կեսերից սկսած՝ մենք քաղաքաշինություն չենք ունեցել մեծ հաշվով»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Երևան․ Թումանյանից Մեսչյան» բանավեճի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քաղաքի զարգացման որևէ ծրագրային մտածողություն Հայաստանը չի ունեցել․ «Իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ մեծ հաշվով չկա այն պատկերացումը, թե ինչպես դա անել։ Որոշակի ինչ-որ փոքր քայլեր կարող են արվեն-չարվեն, բայց մեծ իմաստով՝ հեղափոխական փոփոխություն տեղի չի ունեցել։ Եվ բոլոր խնդիրները՝ սկսած տրանսպորտից, վերջացրած կանաչ գոտիներով, նույն աղբահանությունով, որը ինչ-որ չափով լուծվել է, բոլոր այդ խնդիրները քաղաքաշինական խնդիրներ են, բոլորը ածանցյալ են քաղաքաշինությունից։ Եվ քանի մենք չունենք ո՛չ Երևանի զարգացման քաղաքաշինական տեսլական, ո՛չ էլ մեծ հաշվով Հայաստանի, մենք առաջ չենք գնա, իմ կարծիքով։ Եվ խնդիրը բացարձա՛կ գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող անձի մեջ չէ, այլ նրա մեջ է, որ որևէ անհատ չունենք, որ ծրագրով է գալու այդ պաշտոնին»։
Արսեն Կարապետյանը կարծում է, որ մասնագիտական համքարությունը և հասարակության որոշ զանգված պատկերացումներ ունի, թե ինչից է պետք սկսել․ «Բայց նույնիսկ քաղաքային իշխանությունները ո՛չ պատկերացումներ ունեն, ո՛չ ժամանակ դրանով զբաղվելու։ Ես կարծում եմ, որ դա պետք է կառավարությունից սկսվեր։ Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես, ինձ թվում է, որ այդ ոլորտի կարևորությունը այդքան էլ չի գիտակցվում։ Ես այդպիսի տպավորություն ունեմ, համենայն դեպս»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ