Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը սովոր է դիտարկել 16-18 տարեկաններին որպես երեխանների խմբի. ո՞րն է ընտրելու տարիքը․ միջազգային փորձն ու քննարկումները Հայաստանում

Սեպտեմբեր 03,2020 13:55

ՀՀ գործող սահմանադրությամբ տեղական և համապետական ընտրություններին՝ քվեարկելու, իսկ հանրաքվեներին մասնակցելու իրավունք է տրվում 18 տարին լրացած քաղաքացիներին։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում շրջանառության մեջ է դրվել տվյալ տարիքային շեմը մինչև 17 կամ 16 տարեկանն իջեցնելու հարցը։

Նախապատմությունը

Քվեարկության տարիքային շեմի հարցը պատմության ընթացքում աստիճանաբար իջեցվել է։ Առաջին անգամ այս հարցը լայն քննարկումների է արժանացել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո․ մինչ 1940-ական թվականները քվեարկության հիմնական նվազագույն տարիքային շեմ համարվում էր 21 տարեկանը։ Հայաստանը, իմիջիայլոց, թե՛ այս և թե՛ կանանց քվեարկելու իրավունքի հարցում առաջ է եղել, և 1919 թվականի Ազգային ժողովի ընտրություններում քվեարկում էին 18 տարին լրացած բոլորը՝ անկախ սեռից (շատ երկրներում կանայք քվեարկելու իրավունք ավելի ուշ են ստացել):

ԱՄՆ-ում 1943-44 թթ.-ներին նահանգների օրենսդիրների ժողովում ընդունված բանաձևը արձանագրում էր, որ ԱՄՆ-ի 31 նահանգներ իրենց սահմանադրությունների փոփոխման արդյունքում պետք է իջեցնեին տարիքային շեմը՝ 21-ից դարձնելով 18։

Ջորջիան դարձավ առաջինը նահանգը, որտեղ 18-ամյա քաղաքացիները 1944 թ.-ին քվեարկելու իրավունք ստացան՝ չնայած նրան, որ կատարված հարցումները ցույց էին տալիս, որ նահանգում հարցվածների գրեթե կեսը՝ 42%, դեմ էին շեմի իջեցմանը։

ԱՄՆ-ի առաջին նահանգում քվեարկության տարիքային շեմի իջեցումից երկու տարի անց՝ 1946 թ.-ին, Եվրոպայում նույնպես սկսեցին իջեցնել տարիքային շեմը, և առաջին երկիրը Չեխոսլովակիան էր, նրան հաջորդեցին եվրոպական այլ երկրներ։ Տարիների ընթացքում աշխարհում քվեարկության նվազագույն տարիքային շեմը իջեցվել է՝ դառնալով հիմնականում 18 տարեկան։

Վերջին զարգացումները

Տարիքային շեմի նվազեցման հարցը կրկին արդիական դարձավ 1990-ականների սկզբին։ «Երեխանների եվրոպական ռազմավարության», «Երիտասարդների իրավիճակը Եվրոպայում, մարգինալացված երիտասարդություն», «Քվեարկության նվազագույն տարիք» վերտառությամբ Եվրախորհրդարանի զեկույցների հանձնարարականներում հատուկ շեշտվում էր ընտրական տարիքի վերանայման, իջեցման կարևորությունը։ Ռենե Կոլվեթերի «Նվազագույն ընտրելու տարիք» զեկույցում (1997 թ.) նշում էր, որ 18-ից ցածր տարիքի քաղաքացիներին ընտրելու իրավունքի շնորհումից պակաս կարևոր չէ նրանց իրազեկվածության և կրթվածության աստիճանի բարձրացումը, և առաջարկում էր հաջորդ 10 տարիների ընթացքում համայնքային մակարդակով ընտրելու տարիքը սահմանել 16 տարեկանը, իսկ համապետական մակարդակում՝ 17 տարեկանը։

Արդեն 2007 թ.-ին Ավստրիան համապետական ընտրություններում 16 տարեկանը սահմանեց ընտրելու տարիքային նվազագույն շեմ՝ համարելով հաջողված տեղական մակարդակում՝ 9 շրջաններից 5-ում, արդեն տևական ժամանակ քվեարկության նվազագույն շեմի իջեցված լինելը։ Ավստրիայի օրինակին հետևեցին Գերմանիան և Շվեյցարիան։ Եվրոպական երկրներում տարիքի իջեցման հարցը սկսեց ավելի խորանալ՝ որպես քաղաքական դեբատների հիմնական թեմաներից մեկը։

Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Բարբորա Շվարցը նշում է. «Երիտասարդները կարող են զբաղվել բիզնեսով, ազատազրկվել, կայացնել կարևոր որոշումներ, հետևաբար՝ նրանք նույնպես պետք է ունենան քվեարկելու իրավունք: Կարևոր է լսել երիտասարդներին, քանի որ նրանք ունեն հատուկ կարիքներ և ցանկություններ»։ Տեղական խորհրդարանի անդամ Անկե Սպուրենդոկն էլ՝ Գերմանիայի Քիլ քաղաքից, որտեղ շուրջ 10 տարի տեղական մակարդակում քվեարկում են 16 տարեկանից սկսած, ասում է, որ իրենց փորձը ցույց է տալիս, որ մտավախությունները, թե 16-17 տարեկանները կքվեարկեն համաձայն տենդենցների կամ ծայրահեղական հայացքներով կուսակցությունների, ամենևին արդարացված չեն․ նրանց քվեարկությունը հավասարակշռված է՝ ոչ լավն են, ոչ վատն են շարքային ընտրողից։

Տարիքային շեմի իջեցման հետ կապված տարբերվող մոտեցում որդեգրեցին Եվրոպական մի քանի այլ երկրներ։ Մասնավորապես, Նորվեգիայում 17 տարեկան անձանց թույլատրվում է քվեարկել խորհրդարանական ընտրություններում, եթե ընտրությունն անցկացվող տարում լրանալու է նրանց 18 տարին։ Բոսնիա և Հերցոգովինայում 16 տարեկանից, եթե տվյալ անձն ունի աշխատանք, Հունգարիայում՝ 16 տարեկանից, եթե անձը ամուսնացած է:

Հայաստանում

Հայաստանում ընտրական շեմի իջեցման կողմնակիցները նշում են, որ հասարակությունը սովոր է դիտարկել 16-18 տարեկաններին որպես երեխանների խմբի, որոնք դեռ զարգացման փուլում են գտնվում, դեռևս լիարժեք չեն և որոնք ունեն միայն պահանջմունքներ։

Այս նոր՝ ինֆորմացիոն ժամանակաշրջանում փոխվել է 16-17 տարեկանների մասին իրականությունը, չի կարելի համեմատել այսօրվա 16-17 տարեկան երիտասարդին և 1940-ականների երիտասարդին, այսօրվա երիտասարդներն ունեն իրենց ուրույն իրավունքներն ու պարտականությունները, հաճախ աշխատում են ու վճարում հարկեր, կարող են կազմել ընտանիք, իսկ 14 տարեկանից նույնիսկ կարող են կազմակերպել հանրահավաքներ, ունենալ և քարոզել քաղաքական հայացքներ։ Սակայն, անարդարացիորեն, դեռևս չեն կարող ընտրությունների միջոցով ներգրաված լինել երկրի տեղական և պետական իշխանությունների ձևավորմանը, ինչը և պատճառ է հանդիսանում, որ այս խմբի շահերը ներկայացված չլինեն քաղաքական դեբատներում, և նրանց շահերից հազվագյուտ քաղաքական ուժեր են հանդես գալիս։

Սակայն պետք է նշել, որ չնայած 16-17 տարեկան քաղաքացիները չեն կարող ընտրությունների միջոցով մասնակցել կառավարության ձևավորմանը, սակայն 2018 թ.-ին, երբ հանրային պահանջի ներքո ձևավորվեց նոր կառավարություն, նրանք նույնպես մասնակիցը դարձան դրա ձևավորմանը։

Ակնհայտ է, որ երիտասարդները ստեղծում են արժեքներ՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև գաղափարական, և արդարացիորեն՝ շարունակաբար հայտ են ներկայացնում որոշումների կայացման գործընթացներում լիարժեք ներգրաված լինելու համար, ինչի ապացույցն էր 2018 թ.-ին Հայաստանում հեղափոխության ժամանակ նրանց զգալի դերակատարումը։ Եվ որպեսզի այդ արժեքները բնականոն կերպով փոխանցվեն հասարակությանը, չօտարվեն հասարակությունից, պետք է նրանց հնարավորություն տրվի մասնակցել որոշումների կայացման գործընթացներում՝ ընտրությունների միջոցով, հակառակ դեպքում՝ նրանք դառնում են ավելի խոցելի, իսկ պետության պատասխանատվությունը՝ ավելի մեծ։

Իրականության հետ առճակատվելով՝ պետք է փաստել, որ պետությունը որքան էլ փորձի նրանց մեկուսացնել, այնուամենայնիվ, նոր ինֆորմացիոն դարաշրջանում, ի հակադրություն նրանց մասին ավանդական պատկերացումների, նրանք ավելի բաց են աշխարհի համար, քան նրանց ծնողները, և չպետք է թերագնահատել կամ անտեսել աշխարհում կատարվող փոփոխությունները, որոնք անմիջական ազդեցություն են ունենում երիտասարդների վրա, իսկ այդ փոփոխությունների մի մասը հենց երիտասարդներն են բերում։
Նվազագույն քվեարկության տարիքը իջեցնելով՝ պետությունն ընտրական պրոցեսները դարձնում է առավել ժողովրդավարական, իսկ իշխանություններին՝ առավել լեգիտիմ։

Երիտասարդների հետաքրքրվածությունը

Այս ամենին որպես հակափաստարկ նշվում է, որ 16-17 տարեկանները բավարար հետաքրքրված չեն լինի քաղաքականությամբ և չեն ցանկանա մասնակցել ընտրություններին, ինչը կբերի քվորումի աստիճանի նվազման։ Ու թեև 2018 թվականի հեղափոխության ժամանակ մենք տեսանք ճիշտ հակառակը, սակայն հարկ է վկայակոչել նաև ընտրական նվազագույն տարիքը վաղուց իջեցրած Ավստրիայի օրինակը: Այն ցույց է տալիս, որ Ավստրիացիների քաղաքական հետաքրքրությունը աճում է քաղաքական իրավունքների ձեռքբերմանը զուգահեռ (տես՝ Աղյուսակ 1)։ Այսինքն, երիտասարդների քաղաքական հետաքրքրվածությունը է’լ ավելի է աճում, երբ իրենք ստանում են քվեարկելու իրավունք:

Ըստ մեկ այլ հետազոտության` 16-17 տարեկանների քվորումի աստիճանը բավականին բարձր է 18-20 տարեկանների համեմատ և նույնը` ընդհանուր քվորումի համեմատ։ Պետք է հաշվի առնել նաև մեկ այլ` ոչ պակաս կարևոր հանգամանք: Ըստ հետազոտության, քաղաքացու` հաջորդ ընտրություններին մասնակցելու հավանականությունը 25%-ով ավել է, եթե նա մասնակցել է նախորդ ընտրություններին։ Այս կոնտեքստում կարևորվում է 16-17 տարեկանների մասնակցությունը ընտրություններին, երբ նրանք քաղաքականապես ավելի հետաքրքրված են, և այդ փաստը ավելացնում է հաջորդող ընտրություններին նրանց մասնակցության հավանականությունը։

Կրթություն

Մյուս քննարկվող հարցը կրթական աստիճանն է․ որքանո՞վ է 16-17 տարեկան երիտասարդը գիտակից ընտրական ընթացակարգերից, որքանո՞վ է գիտակցում պատասխանատվության բեռի ծանրությունը, որքանո՞վ նրա ընտրությունը կլինի գիտակցված և զերծ այլ (օրինակ՝ ընտանիքի, ծնողների) ազդեցություններից։

Այստեղ պետք է դիտարկել ՀՀ կրթական համակարգը և փաստել, որ քաղաքացու հիմնական (պարտադիր) կրթության վերին շեմը սահմանվում է 9-րդ դասարանը՝ 14-15 տարեկանը, և պետությունն այդ տարիքի քաղաքացուն համարում է նվազագույն անհրաժեշտ գիտելիքներով ապահովված։ Թեև աշակերտների մեծ մասը նաև ավագ դպրոց է այցելում, սակայն դա պարտադիր չէ և, բնականաբար, չի անդրադառնում ընտրական իրավունքի վրա։ Այս կրթական կոնտեքստում որևէ կերպ չի կարելի տարանջատել 16, 17 և 18 տարեկան քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, և որևէ հիմք չկա մի տարիքային խմբի քվեարկելու իրավունքը մյուս տարիքային խմբից կարևորելու համար։

Ավելին, նաև պետք է նկատել, որ հիմնական դպրոցի ծրագրում հասարակագիտություն առարկայի սահմաններում աշակերտներն անցնում են «Մարդ և հասարակություն» առարկան՝ հիմնարար արժեքներ, իշխանություն, ժողովրդավարական հասարակություն, ընտրություններ, հանրային քաղաքականություն, քաղաքացիություն, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներ և ազատություններ ու բազում այլ թեմաներով, և ստանում են գիտելիքներ, որոնք չեն ստացել տարիքով ավելի մեծ ընտրողները (առավելևս՝ նրանք, որոնք դպրոցն ավարտել են խորհրդային դարաշրջանում):

Եթե կրթությունն ավելի լայն դիտարկենք՝ հաշվի առնելով նաև դպրոցից դուրս ստացվող ինֆորմացիան, որը ազդեցություն է ունենում քաղաքացու աշխարհընկալման, որոշումների կայացման, քաղաքական հասունության վրա, ապա պետք է խոսել 21-րդ դարում բարձր տեխնոլոգիաների ազդեցության և տարբեր տարիքային խմբերի կողմից դրանց հասանելիության մասին, որտեղ 16-18 տարեկանները, եթե ոչ առաջնային դիրքերում են, ապա ավելի տարեցները, որոնք ունեն ընտրելու իրավունք, մի քանի անգամ զիջում են նրանց ինֆորմացիայի հասանելիության և ինֆորմացիան օգտագործելու առումով։ Իսկ կողմնակի ազդեցությունների աստիճանը հասկանալու համար կրկին ավստրիական փորձը ցույց է տալիս, որ ծնողների ազդեցությունը մեծ է ավստրիացների քաղաքական հայացքների վրա մինչ ընտրական իրավունքի ձեռք բերումը (տես՝ Graf 1), իրավունքի ձեռք բերումից անմիջապես հետո ընտանիքի ազդեցությունը նվազում է, իսկ դպրոցինը (կրթությանը) աճում (տես՝ Graf 2)։

Արտաշես ՍԵՐԳՈՅԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930