Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կեցության, հացի խնդիր ունենք, բիզնեսներն այնտեղ խորտակվում են. ՌԴ մեկնել չկարողացող քաղաքացիները՝ Փաշինյանին

Սեպտեմբեր 03,2020 13:25

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանից ՌԴ մեկնել չկարողացող քաղաքացիներն այսօր կրկին կառավարության առաջ բողոքի ցույց էին անում։ Նրանք պահանջում էին հստակ ժամկետներ ասել` երբ կարող են մեկնել։

«Վեց ամիս է` էսօր-էգուց են անում։ Էսքան մարդու գործը, տուն-տեղն այնտեղ է, երեխաները դպրոց պետք է գնային՝ չեն կարողանում գնալ։ Պահանջում ենք կառավարության նիստի ժամանակ այս հարցը լուծել։ Մարդիկ արդեն չեն կարողանում ապրել. կեցության, հացի խնդիր ունեն, բիզնեսներն այնտեղ խորտակվում են, տարիների քրտնաջան աշխատանք է»։

Քաղաքացիների խոսքով, այստեղ աշխատելու փորձեր կատարել են, սակայն տուն-տեղը, հիմնական աշխատանքը Ռուսաստանում է, պետք է վերադառնան։ Նրանց խոսքով, ընտանիքները բաժանված են, ամուսիններից մեկը վեց ամիս է կամ այստեղ է մնացել պատանդ, կամ՝ ՌԴ-ում երեխաների հետ։

Կառավարության առաջ ցույց անող քաղաքացիներից մեկն էլ ասաց` հույս չունեն, որ արտակարգ դրությունը հանելուց հետո անգամ կկարողանան մեկնել, որովհետեւ կառավարությունը հստակ ոչինչ չի մանրամասնում` թռիչքները ե՞րբ են վերականգնվելու, ցամաքային ճանապարհը ե՞րբ է բացվելու եւ այլն։ Հավաքվածների տվյալներով, մոտ 2000 քաղաքացի այս իրավիճակում է։

Ոչ այնքան տարեց մի կին էլ, որը մարտ ամսից այստեղ է եւ չի կարողանում մեկնել՝ ընտանիքին միանալու, դժգոհեց, ճիշտ է` այստեղ՝ Հայաստանում բնակարան ունի, բայց եկամուտ չունի, ոչ էլ կարողանում է աշխատանքի ընդունվել` տարիքի պատճառով։ Մինչդեռ Ռուսաստանում այդ խնդիրը չունի։

«Հիմա գործատուները տեսնեն` կճանաչեն։ Քանի տեղ դիմել եմ, տարիքս մի հինգ տարի էլ խաբում էի, որ գործի վերցնեն, բայց ասում են` մորքուր, մեզ 18-35 տարեկան է պետք։ Խնդրում ենք, պահանջում ենք, մի բան անեն` գնանք հասնենք մեր ընտանիքներին, վեց ամիս է այստեղ ենք։ Վարկերի տակ ճռռում են մարդիկ, չեն կարողանում գնալ, որ այդ հարցերը լուծեն»,-ասաց նա: Տիկնոջ խոսքով, 30 հազար դրամ թոշակ է ստանում. «Դրանով գազի՞ փող տամ, լույսի՞ փող տամ թե ապրեմ»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930