Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ոլորտի, առարկայի բովանդակության տեսանկյունից ավելի բարձր որակի կրթություն տալիս են այն բուհերը, որոնք չունեն հատուկ մանկավարժական ուղղվածություն. Մխիթար Հայրապետյան

Սեպտեմբեր 03,2020 13:04

Ուսումնասիրելով 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ իր կողմից ներկայացված առաջարկությունների մասին կարծիքները, մեկնաբանությունները և վերլուծելով առողջ դիտողությունները, հետաքրքիր ու բովանդակալից նկատառումները՝ ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է. «Իմ առաջարկած լուծումների վերաբերյալ հասարակությունում ստեղծվել է դիսկուրս, որի միջոցով, վստահաբար, կարող են ծնվել է՛լ ավելի հետաքրքիր և արդյունավետ լուծումներ ու գաղափարներ: Համարձակ բարեփոխումներ կյանքի կոչելու համար նախընտրում եմ այնպիսի ճանապարհ, որտեղ առկա է մտքերի փոխանակում, առողջ քննադատություն ու կառուցողական երկխոսություն: Հաշվի առնելով հանրության անհանգստությունն առաջարկներից մեկի վերաբերյալ՝ որոշեցի առավել մանրամասն ներկայացնել այն ստեղծելու հիմքն ու հիմնավորումը:

Հիշեցնեմ, որ առաջարկել եմ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու նպատակով: Կրթության ոլորտի որոշ ներկայացուցիչներ և լրագրողներ փոքր-ինչ այլ կերպ են ընկալել առաջարկս՝ կարծելով, թե այսուհետ դպրոցում ուսուցիչ կկարողանա աշխատել ոչ բավականաչափ կոմպետենտ, կրթական լուրջ ճանապարհ չանցած անձ: Մինչդեռ մեր ներկայացրած լուծումների նպատակն այն է, որ դպրոցականներին կրթեն լավագույն մասնագետները:

Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ առարկայական, ոլորտային լավագույն մասնագետները, բացի մի շարք բացառություններից, մանկավարժի որակավորում չունեն: Մենք ունենք պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, որոնք կրթում են հարյուրավոր ապագա մանկավարժների, սակայն, իրենց համար դպրոցների դռներն օրենքով փակ են:

Մենք գնահատում ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ջանքերը դպրոցների համար մասնագետներ պատրաստելու գործում, սակայն, տեսնում ենք, որ այսօր ոլորտի, առարկայի բովանդակության տեսանկյունից ավելի բարձր որակի կրթություն տալիս են այն բուհերը, որոնք չունեն հատուկ մանկավարժական ուղղվածություն: Որոշ բուհերում սկսվել է առաջարկվել մանկավարժական գիտելիք և հմտություն տրամադրող կրթաբլոկ՝ լրացուցիչ կրեդիտների տեսքով, որը նույնպես արդյունավետ լուծում է իրենից ենթադրում: Մենք ողջունում ենք տարբեր առաջարկներ՝ միտված կրթության համակարգի ճկունությանն ու պարզեցմանը:

Բարձր գնահատելով այն անձանց, ովքեր գիտակցաբար ընտրել են մանկավարժական կրթությունը՝ հետևելով ուսուցիչ դառնալու իրենց երազանքին, պետք է փաստել, որ կա մասնագետների մի ստվար զանգված, որն ընտրել է մասնագիտական այլ ուղի, դարձել է իր ոլորտում որակյալ մասնագետ և ունի ցանկություն աշխատել դպրոցում և կիսվել իր գիտելիքներով երեխաների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդպիսի մասնագետների առջև դպրոցների դռները այսուհետ բաց լինեն:

Հաշվի առնելով մանկավարժական հմտություններին, երեխաների և պատանիների հետ աշխատելիս հոգեբանական մոտեցումներին, առարկայական գիտելիքների փոխանցման գործիքներին տիրապետելու անհրաժեշտությունը՝ մեծ կարևորություն ենք տալիս հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքը սկսելուց առաջ սովորել տիրապետել այդ մեթոդներին:

Ամփոփելով՝ կրկին ցանկանում եմ շեշտել, որ մեր նպատակն է դպրոցներին ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով, հանելով օրենքով ամրագրված այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են այդպիսի մասնագետների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ»:

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930